...

«Դուխով» արտաքին քաղաքականությունը հիմարության նշան է

«Դուխով» արտաքին քաղաքականությունը հիմարության նշան է

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան փաստացի արգելելու մասին լուրը քաղաքական դաշտում բուռն քննարկումների առարկա դարձավ, բայց քննարկումները, ինչպես սովորաբար լինում է մեզանում, հիմնականում գերէմոցիոնալ էին ու բովանդակազուրկ։ Հասարակությունն անմիջապես երկու մասի բաժանվեց։ Մի մասը համարում է, որ Զատուլինը հայ ժողովրդի մեծ բարեկամն է, նրա մուտքն Ադրբեջան վաղուց է արգելված, հետևաբար՝ նման հայամետ պաշտոնյային փայփայելու փոխարեն նրա մուտքն արգելելը Ալիևի ուղղակի պատվերն է, մյուս մասն էլ համարում է, որ սա միայն առաջին քայլն է, վաղուց էր պետք «ռուսների պորտը տեղը դնել», և ընդհանրապես՝ պետք է ավելի համարձակ լինել մեր ինքնիշխանությունը չհարգող Ռուսաստանին վերջնականապես տարածաշրջանից դուրս մղելու հարցում։

Իրականում ի՞նչ հարցեր պիտի քննարկվեին այս էմոցիոնալ լեզվակռվի փոխարեն։ Բանն այն է, որ Ռուսաստանին, մեծ հաշվով, Հարավային Կովկասում անհրաժեշտ է ոչ թե տևական և միջազգային մեխանիզմներով երաշխավորված խաղաղություն, այլ մշտական, բայց կառավարելի լարվածություն, որովհետև այդ դեպքում Ռուսաստանը հնարավորություն կունենա Հարավային Կովկասը մշտապես պահել իր ազդեցության գոտում։ ՌԴ իշխանական համակարգում, բնականաբար, կան և՛ «հայամետ», և՛ «ադրբեջանամետ» գործիչներ, որոնք, մեծ հաշվով, հենց այդ հարցն են լուծում։ «Հայամետները» հայտարարում են, որ Ղարաբաղը հայկական է, կարող են նույնիսկ «Արցախ» անվանել, «ադրբեջանամետները»՝ հակառակը, հայտարարում են, որ Ղարաբաղը ադրբեջանական է, նույնիսկ Սյունիքը կարող են «վիճելի» անվանել, և զուտ մարդկայնորեն մեր համակրանքը, բնականաբար, «հայամետների» կողմն է։ Բայց ուղերձների իմաստը նույնական է։ «Ադրբեջանամետները» Ադրբեջանին, իսկ «հայամետները»՝ Հայաստանին նույն բանն են ասում․ «հանկարծ փոխզիջման չգնաք, Ռուսաստանը ձեր կողքին է»։ 

Նման իրավիճակում, բնականաբար, եթե իսկապես տևական խաղաղության շանս կա՝ պետք է և՛ «հայամետներին», և՛ «ադրբեջանամետներին» շատ քաղաքավարի խնդրել չխառնվել գործընթացին։ Խնդիրն այն է, թե արդյոք կա՞ տևական խաղաղության այդ շանսը։ Եթե չկա՝ հետագա քննարկումներն անիմաստ են, ռուս պաշտոնյայի (իրականում՝ Ռուսաստանի) նկատմամբ դեմարշն էլ հերթական տխմար և արկածախնդիր որոշումն է։ Խնդիրը ոչ «բարի մտադրություններն» են, ոչ էլ «ռուսական բանտից» դուրս պրծնելու ջանքերի արդարացվածությունը։ Ազատությունը ցանկացած մարդու բնական իրավունքն է, ճիշտ այնպես, ինչպես ինքնիշխանությունը՝ ցանկացած ժողովրդի անօտարելի իրավունքը, բայց եթե մեկը ցանկանում է բանտից փախչել ու իրեն ցած է նետում 7-րդ հարկի բանտախցից՝ լավ իմանալով, որ ներքևում փշալարեր են, դա արդեն ոչ թե ազատատենչություն է, այլ հիմարություն։ Ընդ որում՝ ցանկացած անհատ իրավունք ունի ընտրել այդ տարբերակը, բայց պետություններն իրավունք չունեն։ Պետությունները պարտավոր են հստակ հաշվարկել հետևանքները, և եթե տվյալ իրավիճակում շանսեր չկան՝ սպասել ավելի հարմար պահի։

Հենց այս համատեքստում էր պետք քննարկել Ռուսաստանի հանդեպ իրականացվող դեմարշը, որովհետև այդ չմտածված (և ի դեպ՝ իրավական տեսանկյունից խոցելի) որոշումն Ալեն Սիմոնյանի «կանտորան» է ընդունել, բայց հնարավոր հետևանքները Հայաստանի վրա են ազդելու։ Ընդ որում՝ երաշխիք չկա, որ երբ ադրբեջանցիները, Կրեմլից «ֆաս» հրամանը ստանալուն պես, նոր ագրեսիայի փորձ ձեռնարկեն, Արևմուտքը կամ Իրանը գործուն քայլեր են ձեռնարկելու դա կանխելու ուղղությամբ։ Սա, ի դեպ, շատ հավանական սցենար է, մինչդեռ հավանականությունը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կհրաժարվի Սյունիքի միջանցքից ու խաղաղության համաձայնագիր կստորագրի, գրեթե զրոյական է։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ