...

Դրսում «տժժալու» և ներսում բոլորի վրա «ղժժալու» մանդատը

Դրսում «տժժալու» և ներսում բոլորի վրա «ղժժալու» մանդատը

Համացանցում կադրեր հայտնվեցին, թե ինչպես են Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանի աներձագը «տժժում» հունական ինչ-որ հանգստավայրում, ու դա հանրային լայն քննարկումների (հիմնականում՝ 18+ կատեգորիայի) ալիք բարձրացրեց։ Տեսակետները տրամագծորեն հակադիր էին՝ «բա լավ ա՞, որ նախկինները Բադեն-Բադեններում էին տժժում»-ից մինչև «որ պատերազմից հետո ռեստորաններում հրավառություններ կազմակերպողների ու գիշերները ավտոմեքենաների երաժշտությունը մինչև վերջ քոքածների գլուխները ջարդեինք՝ այսօր սրանք իրենց այսքան լկտի չէին պահի»։

Իրականում այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների և ռեստորաններում հրավառություններ պատվիրողների ու գիշերները Երևանի փողոցներում «դրիֆտինգ անողների» միջև առանձնապես տարբերություն չկա։ Մարդու նույն տեսակն է, պարզապես հնարավորություններն են տարբեր․ մեկի հնարավորությունները ներում են՝ Հունաստանում է «տժժում», մյուսներինը չեն ներում՝ նույնը Երևանում են անում։ Ու խնդիրն այն չէ, որ «Ալենը տժժում ա», խնդիրն այն է, որ խորհրդարանական հանրապետության Ազգային ժողովի նախագահը, այսինքն՝ պետության երկրորդ դեմքը, կարճաթև շապիկով ու առաջին անգամ «Ռեդ բուլ» խմած դեռահասի էքստազով, ինքնամոռաց ցատկոտում է Եվրոպայի կենտրոնում։ Եթե ներկաներն իմանային, որ նա ինչ-որ երկրի խորհրդարանի նախագահն է, հաստատ տեղում «կօյաղանային», իսկ եթե իմանային նաև, որ ներկայացնում է մի երկիր, որը պատերազմում ավելի քան 4 հազար զինվոր է կորցրել, ու շատերի աճյունները դեռ թաղված չեն, երևի մի-մի հատ էլ չափալախ տային ու սուսուփուս հեռանային։ Բայց Հայաստանի իշխանությունների համար դա «նորմ» է։ Իրենց պատկերացմամբ՝ իրենք դրա մանդատը ստացել են, պետք լինի՝ մի հատ էլ Աղվան կկալանավորեն, միջադեպը կմոռացվի-կգնա (հետո մի ուրիշ Ալեն մի ուրիշ կղզում «կտժժա», այդ աղմուկի տակ Աղվանին գրավի դիմաց ազատ կարձակեն, դա էլ այդպես կմոռացվի)։

Այս ամենը ցույց է տալիս անլրջության այն մակարդակը, որով ղեկավարվում է այսօրվա Հայաստանը։ Այս մարդիկ պարզապես չեն հասկանում, թե պատասխանատվության ինչ ահռելի բեռ է ընկել իրենց ուսերին՝ պատահաբար իշխանության հասնելու արդյունքում։ Արցախի փաստացի կորստից հետո սրանք իրենց պահում են այնպես, ինչպես հիվանդի ազգականները նրա մահվանից հետո, որ հոգեհացի սեղանի շուրջ մի քանի բաժակից հետո կանգնում-ասում են «հա, լավ, ի՞նչ եք ձևեր թափում, հիվանդ էր՝ պիտի մեռներ, բա լավ ա՞, որ մեզ էդքան ծախսի տակ էր գցում, հանգիստ կերեք-խմեք, քեֆ արեք»։ Ու ցավալին այն է, որ շատերին սրանց այս «անկեղծությունը» դուր է գալիս։ Իսկ բոլոր այն խոսակցությունները, որ «հիվանդին կարելի էր բուժել», սրանք ավելորդ ու վնասակար են համարում՝ «տո լավ, հազիվ ենք պրծել»։

Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, շատ լավ հնարավորություն ունի ցույց տալու, որ դա այդպես չէ։ Դրա համար պետք է ընդամենը Ալեն Սիմոնյանին հեռացնի ԱԺ նախագահի պաշտոնից։ Բայց նա կարծես թե ավելի կարևոր գործով է զբաղված՝ մտածում է, թե ինչպես Անկախության օրվա առթիվ «գունագեղ միջոցառում» կազմակերպի Հանրապետության հրապարակում, ինչպես շրջաններից մարդ բերի ու միջոցառումը ներկայացնի որպես իր նկատմամբ հանրային վստահության ապացույց։ Կկարողանա, թե ոչ՝ այլ հարց է։ Նա արդեն արտասանել է ճակատագրական նախադասությունը՝ Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Որպես կանոն, նման նախադասությունից հետո Հայաստանում երկար չեն մնում իշխանության։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ