Ռոբերտ Քոչարյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով իր օրոք քաղաքական սպանությունների հարցին, ասել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, լրագրող Տիգրան Նաղդալյանի ֆիզիկական սպանությունը նաև քաղաքական սպանություն է, սակայն մյուս սպանությունների մասով հարցեր կան։
«Այն մարդիկ, ում մասին դուք նշեցիք, քաղաքականությամբ չէին զբաղվում։ Նրանցից ոչ ոք քաղաքականությամբ չէր զբաղվում։ Նրանք կա՛մ ծառայում էին Պաշտպանության նախարարությունում, կա՛մ Ոստիկանությունում։ Նրանք ընդդիմադիրներ չէին և քաղաքականությամբ չէին զբաղվում։ Այդ սպանությունները քաղաքական անվանելու համար... Դե, արդեն կներեք ինձ»:
«ՉԻ». Ըստ Քոչարյանի տրամաբանության՝ սպանությունը քաղաքական որակելու համար սպանվածը պետք է ընդդիմադիր լինի:
Այսինքն՝ ստացվում է, որ հենց իր իսկ նշած Տիգրան Նաղդալյանի սպանության դեպքը չի կարող քաղաքական համարվել, որովհետև Նաղդալյանը իշխանական լրագրող էր:
Խորհրդարանում հոկտեմբերի 27-ի սպանդը նույնպես քաղաքական չէր, որովհետև զոհերը պաշտոնյաներ էին և իշխող քաղաքական ուժի պատգամավորներ:
Էս ինչ ասում ենք, իր տրամաբանությունն է: Տրամաբանություն, որտեղ հենց ինքն է իրեն հակասում:
Դրա փոխարեն ավելի լավ է ասի՝ իր օրոք բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից հետո իր իշխանությունն ամրապնդվե՞լ է, թե՞ թուլացել: Այ, էդ դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: