- Պրն Քոչարյան, այնուամենայնիվ ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել վարչապետի թեկնածու։
- Էն կինոն տեսել ե՞ք, էն որ ասում ա «Նինան շատ խնդրեց»․․․
- Նիկոլ Փաշինյանի՞ն նկատի ունեք։
- Դե ոնց ասեմ․․․ Չէ, ուղղակի ես ժողովրդին շատ եմ սիրում։
- Բայց կարծես թե ժողովո՛ւրդը ձեզ չի սիրում։
- Էդ ի՞նչ կապ ունի, կարևորը՝ ես եմ սիրում։
- Նիկոլ Փաշինյանն էլ է սիրում։
- Դե ավելի լավ, երկուսով միասին կսիրենք։ Ես վերջերս մի գիրք էի կարդում․․․
- Երևի «Կամասուտրա»։
- Չէ, չէ։ Գլոբալիզացիայի մասին անգլերեն լեզվով մի գիրք՝ «Կակ պաբեձիծ սվայիխ վրագով»։ Իմ անցած ճանապարհը հաղթանակների ճանապարհ է։
- Կարո՞ղ եք թվարկել այդ հաղթանակները։
- Իհարկե։ 1998-ին Լևոնին եմ հաղթել, 1999-ին՝ Վազգենին, 2003-ին՝ Ստյոպին, 2008-ին՝ ժողովրդին․․․
- Փաստորեն՝ ձեր բոլոր հաղթանակները միայն հայերի նկատմամբ են եղել, հետևաբար՝ երաշխիք չկա, որ Նիկոլին նույնպես կհաղթեք։ Կարծում եք՝ կհաղթահարե՞ք 8 տոկոսի շեմը։
- Ինչի ձեր կարծիքով էդ թվարկածս հաղթանակների ժամանակ ռեյտինգս 8 տոկոսից բարձր ա՞ եղել։
- Լավ, պարոն Քոչարյան, ենթադրենք՝ դարձաք վարչապետ։ Ընդդիմադիր մյուս ուժերի հետ ինչպե՞ս եք աշխատելու։
- Կոնսոլիդացիայի լայն դաշտ եմ ստեղծելու։ Հետո բոլորին հրավիրելու եմ «Պապլավոկ»՝ ջազ լսելու․․․ Մնացածը տեխնիկայի հարց է։
- Պատկերացրեք այսպիսի վիճակ՝ խորհրդարան են անցել միայն երեք ուժեր․ Ձեր դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն։
- Էս ի՞նչ եք ասում, հանցավոր իշխանությունների հետ գլխանց խոսացել ենք, ու ինձ գարանտիա են տվել, որ «Ուժեղ Հայաստանին» արգելելու են․․․
- Այնուամենայնիվ պատկերացրեք, որ երեքով անցել եք խորհրդարան, ու ոչ մեկը մեծամասնություն չունի։ Ո՞ւմ կմիանաք, Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ Նիկոլին։
- Գիտե՞ք ինչ, ախր բարդ հարց եք տալիս․․․ Չնայած տարաձայնություններին՝ ես Նիկոլի հետ մի քանի գաղափարական ընդհանրություններ ունեմ։ Ես համարում էի, որ Ղարաբաղի հարցը լուծված-պրծած ա՝ ինքը լուծեց-պրծավ, ես տեսախցիկների առաջ կինդեր-ձվիկ էի ուտում՝ ինքը պեռաշկի ա ուտում, ես ուզում էի Մեղրին փոխեմ Լաչինի հետ՝ ինքը փոխեց, բայց՝ Թրամփի WhatsApp-ի համարի հետ, ես ասում էի միակ տղամարդն եմ՝ ինքը ասում ա «կառավարությունը ես եմ», ես մարդկանց «պրիվետ, Ռոբ»-ի համար էի պատժում՝ ինքը ֆեյսբուքյան գրառումների․․․ Մի խոսքով՝ հայերեն ասած, «ռոդստվեննիյե դուշի»։ Իսկ էն տնաշեն Սամվել Կարապետյանը դավաճանաբար թողել-արտագաղթել ա, գնացել Ռուսաստանում դարձել միլիարդատեր։ Խի չէ՞ր կարա Հայաստանում մնալով միլիարդատեր դառնար։ Ձևը չգիտեր՝ թող հարցներ, կասեի։
- Այսինքն՝ ավելի շուտ Նիկոլի հետ կոալիցիա կկազմեք, քան ուրիշների՞։
- «Կկազմեք»-ը ո՞րն ա, ինչի՞ եք ապառնի ժամանակով խոսում։ Տեսնո՞ւմ եք ինչ բառեր եմ սովորել, ճիշտ են ասում, էլի, որ կրթվելը նորաձև է։
- Շնորհակալություն հարցազրույցի համար։