«Եթե ՔՊ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չհաղթի, պատերազմ կսկսվի», Նիկոլ Փաշինյան, 2026թ.:
Քաղաքագիտության մեջ սա բավական տարածված հնարք է, որը կոչվում է Սեկյուրիտիզացիա: Այսինքն, երբ քաղաքական գործիչը նախընտրական արշավում իր չընտրվելը կամ ընդդիմության հաղթանակը համարում է երկրի անվտանգությանը սպառնալիք, որ եթե չհաղթի, պատերազմ է լինելու, քաոս, ճգնաժամ:
Հիմա ձեզ մի քանի օրինակ բերենք, թե տարբեր տարիների Փաշինյանի պես ովքեր են այս հնարքը կիրառել՝ իրենց իշխանությունը պահպանելու կամ հետագա բռնությունները արդարացնելու համար:
Ամենավառ օրինակը Ռոբերտ Քոչարյանն է: 1998 և հատկապես 2003 թվականի ընտրություններից առաջ հայտարարում էր, որ եթե ինքը չհաղթի, Ղարաբաղը ծախելու են, պարտվելու ենք, Հայաստանն ու Արցախը ապակայունացման փուլ են մտնելու և այլն: Թե այդ ընտրություններում ինչ եղավ, ինչ տոկոսներ նկարեցին, ու դրանից հետո բռնությունների ինչ ալիք եղավ, դեռ շատ ենք խոսելու:
Մեկ ուրիշ Ռոբերտ, այս անգամ Մուգաբեն, Զիմբաբվեի ընտրարշավներում հայտարարում էր, որ ընդդիմությունը գաղութատիրական ուժերին է սպասարկում, նրանց հաղթանակի դեպքում բռնության ալիք կբարձրանա, երկիրն էլ կկորցնի անկախությունը: Զիմբաբվեն այսօր աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է:
Լորան Գբագբո, Կոտ-դ՛Իվուար: 2007-ին սա պարտվեց ընտրություններում, բայց չընդունեց արդյունքները, հայտարարեց, որ հակառակորդները քանդելու են երկիրը, արդյունքում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
Իսրայել: Բենյամին Նաթանյահուն ընտրարշավներում հայտարարում էր, որ իր քաղաքական հակառակորդները հաղթանակի դեպքում Իրանին զիջելու են, Իրանի հետ պատերազմ են սկսելու, համարյա բառացիորեն ասել է, որ «եթե մենք չհաղթենք, ապա դուք կստանաք պատերազմ և պետության գոյությունը վտանգված կլինի»:
Թուրքիա: Էրդողանը ամեն անգամ նույնն է հայտարարել. ընդդիմության հաղթանակի դեպքում ներքին արյունահեղություններ կսկսվեն, բռնություններ կլինեն, ապակայունացումը կքայքայի երկիրը:
Տասնյակ նման օրինակներ կարող ենք բերել: Բոլիվիա, Վենեսուելա, Չիլի, ԱՄՆ, Բրազիլիա:
Բայց Նիկոլ Փաշինյանը սրանցից տարբերվում է նրանով, որ տառապում է աթիհոֆոբիայով: Դրանով տառապողները պաթոլոգիկ վախենում են պարտություններից և անհաջողություններից: Այս ֆոբիան մարդու կենսակերպի և էության վրա ահավոր ազդեցություն է թողնում: Նրանք ուղիղ կապ են տեսնում հնարավոր անհաջողության և մրցակցության միջև, համարում են, որ պարտությունից խուսափելու լավագույն ճանապարհը պրոբլեմատիկ հարցերից խուսափելն է, որ պետք չէ խոսել վտանգավոր թեմաներից: Ի վերջո սա հանգեցնում է ինքնավստահության կտրուկ նվազեցմանը, ամենավերջում էլ՝ դեպրեսիայի:
Սա, ինչ որ ասում ենք, լրիվ գիտական հողի վրա է: Բան չենք հորինել: Վաղը Փաշինյանն էլի խոսելու է հնարավոր պատերազմի մասին, երկրի անկախության վերացման մասին, եթե հանկարծ ընտրություններում չհաղթի: Բայց դուք արդեն գիտեք, թե ինչու է դա ասում: