Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները: Նշենք, որ դրանք կրկին ընթանում են թիվ 334 դահլիճում, միայն թե այս անգամ՝ շքեղ վերանորոգված ու նորովի կահավորված: Բայց դահլիճի արտաքին շլացնող փայլը փաստացի չի հանգեցրել ԱԺ աշխատանքի որակական փոփոխության. նույն սակավամարդ քննարկումներն են, ՔՊ-ականների հերթապահ հարցերը ոլորտների պատասխանատուներին ու նույն լղոզված պատասխանները: Սոցիալական ցանցերում ակտիվորեն մարտնչող ընդդիմադիրներն էլ այս դահլիճում նույնքան պասիվ են, չնայած երբեմն-երբեմն պահի թելադրանքով էմոցիոնալ հայտարարություներ են անում, եթե հավես ունեն: Մի խոսքով շքեղ վերանորոգումից աշխատանքների որակը չի բարելավվել, հայրենի ազգընտիրներն էլ ժողովրդին պատասխանելու բան չունեն: Այսինքն՝ օրենսդիր իշխանության երկու կողմերին էլ ձեռնտու վիճակ է գերշքեղ աշխատանքային միջավայրում աշխատանքի իմիտացիա ստեղծելը։ Իսկ գումարների նպատակային ուղղորդման մեխանիզմներ գտնելու փոխարեն հարկատուների հաշվին նոր, շքեղ վերանորոգման մասին՝ հաջորդիվ։
Մելանյա Ծառուկյան