...

Եկեք հստակեցնենք իշխանափոխության հիմնական նպատակը

Եկեք հստակեցնենք իշխանափոխության հիմնական նպատակը

Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարկանիշն այսօր շատ ցածր է ու շարունակում է գահավիժել՝ ակնհայտ է, բայց նույնքան ակնհայտ է նաև, որ այսօր Հայաստանում իշխանափոխության հավանականությունը, համենայն դեպս՝ ընդունված քաղաքական գործիքակազմով, բավականին փոքր է։ Պատճառները հասկանալի են․ հասարակության գրեթե համընդհանուր հուսալքվածություն, «տիտղոսակիր ընդդիմության» (պարզ ասած՝ նախկինների) նկատմամբ ընդգծված հակակրանք, և այլն։

Բայց շատ կարևոր է նաև հետևյալ հարցադրումը՝ իսկ ո՞րն է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու և Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հեռացնելու հիմնական նպատակը։ Հանրային կարծիքն այս հարցում բաժանվում է երկու մասի։ Առաջին՝ Նիկոլին ու իր պատուհասներին պիտի «ռադ անել» և պատասխանատվության ենթարկել Հայաստանի ու Արցախի գլխին բերած աղետների համար, բացահայտ ցինիզմի ու «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»-ի համար, և այլն։ Այլ կերպ ասած՝ այս դեպքում իշխանափոխության առաջնային նպատակը այս պատուհասներից վրեժ լուծելն ու այդպիսով արդարադատություն իրականացնելն է։ Եվ երկրորդ՝ Նիկոլին ու իր պատուհասներին պիտի «ռադ անել», որպեսզի նա չկարողանա ավարտին հասցնել իր ավերը, և հնարավոր լինի երկիրը դուրս բերել այս վիճակից։ Այսինքն՝ այս դեպքում առաջնայինը ոչ թե արդեն իսկ կատարված հանցանքների համար պատժելն է (պարզ ասած՝ անցյալը), այլ նոր հանցանքներ թույլ չտալը (ապագան)։

Սրանք սկզբունքորեն տարբեր մոտեցումներ են։ Որովհետև եթե գերիշխում է պատժելու մտայնությունը՝ առանձնապես մեծ տարբերություն չկա, թե ով կպատժի, կարևորը՝ որ արդարությունը վերականգնվի, ու սրանք հայտնվեն ճաղավանդակների ետևում (բնականաբար՝ «հեղափոխական թալանը» քյաբաբ առ քյաբաբ կամ «հեծանիվ առ հեծանիվ» վերադարձնելուց հետո)։ Իսկ եթե գերակշռում է նոր աղետները կանխելու և երկիրն այս վիճակից դուրս բերելու նպատակը՝ առանցքային նշանակություն է ձեռք բերում այն հարցը, թե ովքե՞ր պիտի իրականացնեն իշխանափոխությունը, որովհետև հենց նրա՛նք պիտի այդ իշխանափոխությունից հետո երկիրը տանեն այս կամ այն ուղղությամբ։

Այնպես որ՝ իշխանափոխության կողմնակիցներից (որոնք, տարբեր գնահատականներով, կազմում են հասարակության 55-70 տոկոսը) յուրաքանչյուրն ինքն իր համար պիտի հստակեցնի․ ինքն իշխանափոխություն է ուզում, որպեսզի ընդամենը այսօրվա իշխանավորներին տեսնի «գնդակահարության պատի տա՞կ», թե ՞ որպեսզի իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի կլինեն կասեցնել այս գահավիժումը։ 

Այ հենց որ այս հարցի շուրջ համընդհանուր կոնսենսուս լինի՝ զուգահեռաբար կմաղվեն նաև այն ուժերը, որոնք գուցե Նիկոլին պատժելու համար «մոմ են», բայց ոչ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար են պիտանի, ոչ էլ, ի դեպ, Նիկոլից պակաս են մեղավոր երկիրն այս վիճակին հասցնելու համար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ