Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ավարտին է հասցնում պետության ապամոնտաժման գործընթացը՝ հարցը ներկայացնելով այնպես, թե իբր ոչ թե պետությունն է ապամոնտաժում, այլ ընդամենը Երրորդ հանրապետությունը, որպեսզի ձևավորի Չորրորդ հանրապետությունը՝ արդեն նոր չափորոշիչներով։
Պրոբլեմն այն է, որ ինչ-որ բան քանդելու (ապամոնտաժելու) համար մարդկային այլ որակներ են անհրաժեշտ, նորը կառուցելու համար՝ բոլորովին այլ։ Օրինակ՝ ինչ-որ շենք քանդելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը մեկ էքսկավատոր և դամբուլի ինտելեկտով ու քլունգներով զինված բոմժերի բրիգադ, որին եթե խոստանաս, որ քանդվելիք շենքի «մատերիալը» կարող են ծախել ու այդ փողով ահագին արաղ առնել՝ ամեն ինչ շատ արագ կանեն (մեծ հաշվով՝ մոտավորապես հենց դա էլ տեղի է ունեցել Հայաստանում 2018-ի ապրիլին), բայց նոր շենքի կառուցումն այդ նույն բրիգադին վստահել հաստատ չի կարելի, որովհետև նրանք միայն քանդել գիտեն։
Պետության ապամոնտաժումը Նիկոլ Փաշինյանը սկսել է դեռևս նախքան իշխանության հասնելը՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտարարությամբ։ Հետագայում պետության դերը նսեմացնելու նրա մտասևեռումն արտահայտվել է «Քովիդը կվերացնենք քաշած արաղով» անհեթեթությամբ, որի խորքային իմաստը սա էր՝ ա՛յ մարդ, ի՞նչ պետություն, ի՞նչ առողջապահական համակարգ, ճիշտը պապական մեթոդներն են։ Որովհետև առողջապահական համակարգ ունենում են միայն պետությունները, իսկ «պապական մեթոդներ» ունի ցանկացած ժողովուրդ կամ ցեղախումբ։
Ավելի ուշ պետությունը կազմաքանդելու մտասևեռումն իր գագաթնակետին հասավ 44-օրյա պատերազմի օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ջոկատներ կազմել, այստեղից-այնտեղից զրահաբաճկոն-բան ճարել ու գնալ պատերազմ։ Եվ սա՝ անկախ պետականության ու պետական կառույցների գոյության պայմաններում։ Ի՞նչ կաներ պատերազմի ժամանակ պետության ղեկավարը։ Կամ պետականորեն կկազմակերպեր դիմադրությունը, կամ՝ դրա անհնարինության դեպքում, որպես պետության ղեկավար, հնարավոր ամեն ինչ կաներ՝ թեկուզ ծանրագույն զիջումների գնով պատերազմը կանգնեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանը ոչ առաջինն արեց, ոչ երկրորդը։ Նա «անջատեց» պետական կառույցներն ու վարվեց որպես ցեղախմբի առաջնորդ, որը վտանգի պահին հավաքում է իր ցեղակիցներին ու ասում «մեզ վրա հարձակվել են, տանը ինչ կա-չկա վերցեք, գնացեք կռիվ, ես էլ մեկ-մեկ կզանգեմ-տեսնեմ ոնց եք, ոնց չեք»։ Իսկ արդեն պատերազմից հետո պետության չգոյության փաստն ամրագրեց Սուրեն Պապիկյանը՝ հայտարարելով, թե մեր բանակը հո տարածք պաշտպանելու համա՞ր չի, մեր բանակը ժողովրդի՛ն պաշտպանելու համար է։ Որովհետև միջազգային սահմաններով տարածք ունենում են միայն պետությունները, իսկ ցեղախմբերը շատ-շատ՝ ունենում են բնակավայրեր, արոտավայրեր, մի խոսքով՝ զուտ ֆիզիկական կենսագործունեության համար անհրաժեշտ ատրիբուտներ, որոնց մեջ «ամայի-անբնակ սարերը» հաստատ չեն մտնում։
«Թրամփի ուղին» կամ «Զանգեզուրի միջանցքն» էլ է այս «օպերայից», որովհետև դրա նկատմամբ մեր պետության անվերապահ իրավազորությունը պետական շահի խնդիր է, բայց եթե դու լուծարում ես պետությունն ու ինքդ քեզ ընկալում որպես ընդամենը ժողովուրդ կամ ցեղախումբ՝ արդեն էական չէ, թե ով է վերահսկելու այդ միջանցքը։ Ասենք, երևանցու կամ սիսիանցու համար ի՞նչ տարբերություն՝ ճանապարհին հա՞յ մաքսավորներն ու սահմանապահներն են կանգնած, թե՞ թուրքերը, եթե դու քեզ ընկալում ես ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ որպես երևանցի կամ սիսիանցի։ Դեռ մի բան էլ՝ եթե այնտեղ ամերիկացիները կամ թուրքերը կանգնած լինեն, գուցե մի երկու դոլարի չափով էլ իրե՛նք սկսեն ավելի լավ ապրել։
Մի խոսքով՝ Երրորդ հանրապետության ապամոնտաժումն ավարտին է հասցվում, իսկ թե ինչ պարամետրեր է ունենալու Նիկոլի պատկերացրած Չորրորդ հանրապետությունը՝ կանդրադառնանք հաջորդիվ։
Մարկ Նշանյան
Շարունակելի