...

Երրորդ սերնդի ընտրակեղծիքները

Երրորդ սերնդի ընտրակեղծիքները

Թերևս միակ ոլորտը, որտեղ ՔՊ-ական իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լուրջ հաջողություններ են արձանագրել, նախկինների օրոք արմատավորված հանցավոր ավանդույթները «ծյունինգ անելն» է։ Կոռուպցիայի դեպքում, օրինակ, սխեման արմատապես է փոխվել։ Նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների տանիքների տակ գործող խոշոր բիզնեսներն ու մենաշնորհները բյուջեից հարկեր էին թաքցնում, հիմա՝ ավելի քիչ են թաքցնում, բայց բյուջե մտած հավելյալ գումարները պարգևավճարների, «մեկ անձից կատարվող պետական գնումների» կամ այլ մեխանիզմներով հայտնվում են նույն բարձրաստիճան պաշտոնյաների գրպանում։ Սեփականության վերաբաշխումն էլ ոչ թե նախկինի պես բացահայտ «զոռբայությամբ» է իրականացվում, այլ շատ ավելի «քաղաքակիրթ» ձևով․ վերաբաշխվելիք սեփականությունը նախապես ձևակերպվում է որպես ապօրինի գույք, հանձնվում պետությանը, դրվում աճուրդի, ու որպես կանոն՝ աճուրդում հաղթում է որևէ «իշխանությունների սրտի օլիգարխ»։

Բայց «ամենակրեատիվ ծյունինգ» անվանակարգում, վստահաբար, առաջատարն ընտրակեղծիքների ինստիտուտն է։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանում ընտրակեղծիքների էջը փակված է, և ինքն «ավելի շուտ իր ձեռքը կկտրի, քան ընտրություններ կկեղծի»։ Ըստ երևույթին պիտի ասեր «․․․ քան ընտրություններ կկեղծի հին մեթոդներով», որովհետև ընտրակեղծիքների հին մեխանիզմների էջն իսկապես փակված է։ Այսօր Հայաստանում գործում են «երրորդ սերնդի ընտրակեղծիքները»։

«Առաջին սերնդի ընտրակեղծիքներն» իրականացվում էին բավականին բռի մեթոդներով, ընդ որում՝ հենց քվեարկության օրը։ Կրիմինալը լցվում էր ընտրատեղամասերը, բոլորի աչքի առաջ «դափոններով» քվեաթերթիկներ լցնում տուփի մեջ, կամ՝ հոսանքն անջատվում էր, այդ ընթացքում քվեատուփը գողանում էին ու մեկ ուրիշը բերում, հենց տեղամասերի առջև «կարուսել» էին անում, բացահայտորեն քվեարկում էին այլ անձանց փոխարեն, բողոքողներին՝ մի երկու չափալախ տալիս, և այլն։ 

«Երկրորդ սերնդի ընտրակեղծիքներն» իրականացվում էին քվեարկության օրվանից շատ առաջ։ Այսպես կոչված «տասովչիկները» նախապես կազմում էին ընտրակաշառք ստանալու պատրաստ քաղաքացիների ցուցակները, բաժանում գումարը և հնարավորինս աննկատ վերահսկում նրանց ընտրությունը, և արդյունքում՝ ընտրությունների օրը տեղամասերում համեմատաբար հանդարտ ու «քաղաքակիրթ» վիճակ էր լինում։ Դրան նպաստում էին նաև իբր ընդդիմադիր «քաղաքական հաճախորդների» վստահված անձինք։

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրությունները կեղծվում են քվեարկության օրվանից շատ հետո՝ ըստ անհրաժեշտության։ Հենց սա էլ պետք է համարել «երրորդ սերնդի ընտրակեղծիքներ»։ Ըստ այս սխեմայի՝ քաղաքացիների քվեները բացահայտորեն կեղծելու կարիք ընդհանրապես չկա, թող ում ուզում են՝ ընտրեն, իսկ իրենք հետո «ընտրյալներից» քանի հոգու պետք է՝ խոստումներով կամ սպառնալիքներով իրենց կողմը կքաշեն։ Դա ֆինանսապես էլ է ավելի ձեռնտու, որովհետև պայմանական հազար ընտրողի կաշառելը ոչ միայն կարող է ավելորդ գլխացավանք դառնալ, այլև ավելի «թանկ է նստում», քան հետագայում որևէ «ընդդիմադիր ընտրյալի» կաշառելն ու նրա քվեով ընդհանուր հաղթանակ արձանագրելը։ Առավել ևս՝ որ այդ դեպքում նաև աղմուկն է ավելի քիչ լինում, ու «թղթերով էլ ամեն ինչ կարգին է լինում»։ Հենց այս՝ «երրորդ սերնդի ընտրակեղծիքների» շնորհիվ էլ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը տիրացավ Երևանի, Վանաձորի, Ալավերդու և մի քանի այլ համայնքների ղեկավարների պաշտոններին։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ «Սեփական ձեռքը կտրելը» նույնպես հնացած մեթոդ է։ «Երրորդ սերնդի ընտրակեղծիքների» համար ինքնախարազանման նորարարական մեթոդ է պետք։ Օրինակ՝ սեփական թաթիկին վիրտուալ հարվածելը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   515 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ