...

Եվս մեկ-երկու «լեզվի սայթաքում», և Հայաստանից բան չի մնա

Եվս մեկ-երկու «լեզվի սայթաքում», և Հայաստանից բան չի մնա

Նիկոլ Փաշինյանը «Թվիթերում» գրել է, թե «Մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշումը Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։ 

Ընդամենը երկու նկատառում։ 

Առաջին։ Օգոստոսի 18-ին այդ նախաձեռնությունը շրջանառության մեջ էր դրել ՀՀ ԱԱԾ-ը, իմաստն էլ այն էր, որ ադրբեջանցիները կարող են 3 անցակետերով (Սոթք, Երասխ, Քարահունջ) մտնել Հայաստան և օգտվել Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից, անվտանգությունն էլ պիտի ապահովեր ՀՀ ԱԱԾ-ը՝ «Ռուսաստանի իր գործընկերների մասնակցությամբ»։ Հասկանալի է, որ սա ընդամենը քարոզչական բնույթի «որոշման նախագիծ» էր, որովհետև ի սկզբանե հասկանալի էր, որ իրականում այդ ճանապարհներն Ադրբեջանին պետք չեն, նրանց միջանցքներ են պետք, որոնց նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը պիտի լինի զրոյական։ Եվ ընդհանրապես՝ ճանապարհները կարող են բացել նրանք, ովքեր փակել են, իսկ այդ ճանապարհները սրանից 31 տարի առաջ ոչ թե Հայաստանն է փակել, այլ Ադրբեջանը։ Ընդ որում՝ Ադրբեջանը, նույնպես քարոզչական նպատակներով, կարող է և «դրական արձագանքել» ու նույնիսկ մեկ-երկու ավտոշարասյուն ուղարկել։ Զուտ նրա համար, որ ՀՀ տարածքում սադրանքներ կազմակերպեն (անհրաժեշտության դեպքում՝ «ռուսաստանցի գործընկերների մասնակցությամբ»), ու հետո այդ պատրվակով փակեն Հայաստանն Արցախին կապող ճանապարհը։

Երկրորդ։ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը դիտմա՞մբ է գրել «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ», թե՞ տարրական անգրագիտության պատճառով։ Նա չգիտի՞, որ երկրագնդի վրա «Արևելյան Ադրբեջան» անվանումով միայն մի միավոր կա, ու դա Իրանի Իսլամական Հանրապետության 31 շրջաններից (օստաններից) մեկն է՝ Թավրիզ կենտրոնով։ Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթում էլ, ի դեպ, խոսվում է ոչ թե «Արևելյան Ադրբեջանը», այլ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի մասին։  

Նիկոլի գրառումը, ի դեպ, սովորական լեզվի սայթաքում չէ, և ահա թե ինչու։ Երբ, օրինակ, Զանգելանի և Կուբաթլուի շրջաններն անվանվում են «Ադրբեջանի արևմտյան շրջաններ», դա նշանակում է, որ այդ շրջաններից արևմուտք արդեն Հայաստանն է, իսկ բուն Ադրբեջանն այդ շրջաններից արևելք է։ Ուրիշ բան, որ Ադրբեջանի իշխանություններն են ժամանակ առ ժամանակ իրենց երկիրն անվանում Արևելյան Ադրբեջան, իբր կա նաև «Արևմտյան Ադրբեջան»՝ «Էրիվան» կենտրոնով (խոսքն այսօրվա ՀՀ տարածքի մասին է)։ Ու հանկարծ Նիկոլ Փաշինյանն էլ է օգտագործում նույն ձևակերպումը՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններն անվանելով «Արևելյան Ադրբեջան» ու դրանով իսկ անուղղակիորեն ընդունելով, որ կա նաև «Արևմտյան Ադրբեջան»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ ԱԺ դահլիճում էր նմանատիպ «լեզվի սայթաքում» եղել, երբ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Հայաստանն Ադրբեջանի կազմում ճանաչելու» մասին ու հետո էլ ավելացրել, թե դեռ հարց է՝ դա լեզվի սայթաքո՞ւմ էր, թե՞ ոչ։ 

Մի քիչ շատ չե՞ն «լեզվի սայթաքումները», առավել ևս՝ որ լեզուն Նիկոլ Փաշինյանի ամենաճկուն օրգանն է, հնարավոր է՝ նույնիսկ միակ նորմալ աշխատողը (իհարկե՝ երբ Հայաստանում է խոսում)։ Թե՞ արդեն նրա թվիթերյան միկրոբլոգի տեքստերն էլ են դրսից թելադրվում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   819 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ