...

Գարեգին Բ-ն երկրորդ ճակատ է բացել

Գարեգին Բ-ն երկրորդ ճակատ է բացել

Իրավիճակը, որ երկու օր է ստեղծվել է Հայաստանում, դասական իմաստով կոչվում է երկրորդ ճակատի բացում: Նախկին ռեժիմը, տեսնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված վիճակը, երկրորդ ճակատը բացեց, որպեսզի լրացուցիչ խնդիրներ հարուցի իշխանության համար:  

Գարեգին Բ-ն հայտարարություն է անում ամբաստանյալ Քոչարյանի վերաբերյալ, արժանանում իշխանության կոշտ արձագանքին և արդյունքում կարելի է ստանալ քարոզչական հնարք՝ իշխանությունը պայքարում է հայկական ավանդական հենասյուներից մեկի՝ եկեղեցու դեմ: Մնացածը արդեն տեխնիկայի գործ է՝ հսկողության տակ գտնվող բոլոր մեդիաներով ու հաստիքային քննադատների միջոցով թմբկահարել՝ իշխանությունը ապազգային է, կատարում է դրսի ինչ-որ մութ ուժերի հրահանգները և խնդիր է հետապնդում սասանել Հայ առաքելական եկեղեցու դոմինանտությունը:

Իսկ դա, անկախ հասարակության վերաբերմունքից գործող իշխանությունների հանդեպ, չի կարող լրացուցիչ բոնուսային միավորներ չպարգևել նախկին ռեժիմին, քանի որ հասարակության մի հատված ի վիճակի չէ տարանջատել Գարեգին Բ-ին և եկեղեցուն: Արհեստական մանիպուլյացիաների միջոցով հասարակության մի հատվածին համոզում են, որ Գարեգին Բ-ն և Հայ առաքելական եկեղեցին նույնական են: Արդյունքում հասարակության այդ հատվածը կուլ է տալիս նետված խայծը, քանի որ պատրաստ չէ ընկալել անգամ ամենաօբյեկտիվ քննադատությունը եկեղեցու վերջին տարիների գործունեության վերաբերյալ:

Վերջնահաշվարկում նախկին ռեժիմը ստանում է դաշնակիցներ, որոնք որևէ այլ պարագայում ջուր չէին լցնի նախկինների ջրաղացին, և որոնք սկսում են ֆանատիկ պայքար մղել իշխանությունների դեմ: Այսինքն՝ սկսում են պայքարել մի բանի դեմ, որը օբյեկտիվ իրականության մեջ չկա: Իշխանությունը մտադրություն չունի սասանելու եկեղեցու դիրքերը: Բայց լավ կառուցված քարոզչական հնարքի միջոցով կարելի է այդպիսի պատկեր ստանալ:

Իհարկե, իշխանությունը շատ ավելի լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ ունի, բայց չի կարող աչքաթող անել նաև այսպիսի երկրորդ ճակատները: Իշխանությունը պետք է կարողանա շատ և մատչելի բացատրել հասարակությանը, որ պայքարը եկեղեցու դեմ չէ, որ Գարեգին Բ-ն և թեմերի առաջնորդները դեռ ամբողջ եկեղեցին չեն, թե վերջիններս ինչ վասալային հարաբերությունների մեջ են նախկին ռեժիմի պարագլուխների հետ ու հնարավորինս խոչընդոտի նախկին ռեժիմի մտադրությունը հիմա էլ կրոնական ռեկրուտներ հավաքելու գործում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ