Անդրադառնալով ընդդիմությանը՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հ1-ի եթերում հայտարարել է, թե նրանք «ունեն ծայրագավառականության սինդրոմ, որը Հայաստանում ջախջախվում է, և դա հատկապես ակներև դարձավ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո»։
«ՉԻ»․ Թվում էր, թե ամանորյա այս օրերին ՀՀ ազգաբնակչության առնչությունները դդումի հետ պիտի սահմանափակվեն բացառապես ղափամա պատրաստելով, բայց՝ չէ․ միացնում ես հեռուստացույցը, և խնդրեմ՝ Արայիկ Հարությունյանն Արցախի ամբողջական հայաթափումն անվանում է «2023 թ․ սեպտեմբերյան իրադարձություններ»։ Էլի՛ լավ է, որովհետև կարող էր անվանել նաև «Ադրբեջանի փառապանծ բանակի իրականացրած հակաահաբեկչական գործողություն»։
Իսկ բոլոր նրանք, ովքեր Արցախի կորուստը համարում են մեծագույն ողբերգություն՝ բնականաբար, տառապում են «ծայրագավառականության սինդրոմով»։ Բայց անհոգ եղեք, ՔՊ-ն կջախջախի ոչ միայն ծայրագավառականության սինդրոմը, այլև ծայրագավառները։ Առանձնապես շատ բան է՛լ չի մնացել, Սյունիքը, Վայքը, Տավուշը․․․ Չէ՞ որ իրենք ոչ միայն ինքնիշխան են, այլև ծայրագավառականությունից զերծ։ Եվ արդեն Երևանի կենտրոնում են ապրում։