...

Գիտափորձ՝ «ե՞րբ կլցվի ժողովրդի համբերության բաժակը» թեմայով

Գիտափորձ՝ «ե՞րբ կլցվի ժողովրդի համբերության բաժակը» թեմայով

Հայաստանի վերջի 6 տարիների իրադարձություններին հետևելով՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մեզ վրա ինչ-որ գիտական փորձարկումներ են արվում։ Անգամ հետազոտության թեման է ուրվագծվում․ «Ի՞նչ տեղի կունենա պետության հետ, եթե պատահաբար իշխանության գա ու երկիրը միանձնյա ղեկավարի որևէ միջին վիճակագրական քաղաքացի, և ինչպիսի՞ն կլինի հանրության ռեակցիան»։

Նիկոլ Փաշինյանն իսկապես բոլոր առումներով միջին վիճակագրական քաղաքացի է, ու միանգամայն ճիշտ է, երբ ասում է, որ ինքն ընդամենը մեզանից մեկն է։ Ծնվել ու մեծացել է ոչ թե Երևանում կամ որևէ գյուղում, այլ միջին մեծության քաղաքում, ունի թերի բարձրագույն կրթություն, բանակում չի ծառայել, ունի միջին տարիքի միջին վիճակագրական հայ տղամարդու բոլոր տեսանելի առանձնահատկությունները՝ «փորն իրենից առաջ ընկած» սիրում է լավ ուտել-խմել (խորովածով, քյալլայով, տնական արաղով-բանով), «քեֆը լավ» ժամանակ Տիգրան Մեծին է հիշում, գեղեցիկ կենացներ է ասում, խոսում է հայրենասիրությունից, օջախից, ընտանիքից-բանից, փող շատ է սիրում ու ամեն առիթով փողի մասին է խոսում, սիրում է բոլորից խելացի երևալ՝ թեև ինտելեկտը նույնպես միջին վիճակագրական է, և ընդհանրապես՝ միջին վիճակագրական «կյանքը ջոգող» մարդու նման առաջնորդվում է «ախպեր, սաղ սութ ա» սկզբունքով (ձևակերպում է ավելի գեղեցիկ՝ «ես իզմ-եր չունեմ»)։ 

Ու ի՞նչ պիտի անի այս միջին վիճակագրական քաղաքացին, եթե հանկարծ հնարավորություն ստանա պետություն ղեկավարել, ընդ որում՝ միանձնյա։ Հասկանալի է, որ մանր կամ միջին անհատականությունները շատ հաճախ չեն դիմանում իրենց գլխին անսպասելիորեն թափված հաջողությանը և, մեղմ ասած, կորցնում են ադեկվատությունը․ հիստերիաների մեջ են ընկնում, իրենց երևակայում են գերմարդ կամ Աստված, պարզ ասած՝ ցնորվում են։ Բայց այս երևույթը գիտությանը վաղուց է հայտնի, այստեղ հետազոտելու շատ բան չկա։ Որպես հետազոտման առարկա շատ ավելի հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի հասարակության ռեակցիան «ցնորամիտ կառավարման» նկատմամբ։

Մեծ հաշվով՝ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը հարմարեցնում է իր և իր ընկալումներով՝ միջին վիճակագրական քաղաքացու պատկերացումներին։ Իսկ ըստ այդ պատկերացումների՝ հայրենիք, անցյալ, պատմություն, հիշողություն, արժանապատվություն և այլն՝ «սաղ սութ ա», դրանք այնպիսի բաներ են, որոնց մասին կարելի է միայն «խորովածի կրակի շուրջ բոլորված» ժամանակ խոսել, իսկ իրականում դրանցից յուրաքանչյուրն արժեքավոր է այնքանով, որքան իրական շահույթ («նաղդ փող») է գեներացնում, մարդու կյանքի նպատակն էլ երջանիկ ապրելն է, այսինքն՝ կուշտ փորով հաց ուտելը, «տուն-տեղ դնելը», լավ մեքենա քշելը, «էրեխեքին իրենց մուրազին հասցնելը», և այսպես շարունակ։ Ու բնականաբար՝ ցանկացած մեկը, ով այս սպառողական արժեքներից բացի այլ բաների մասին էլ է խոսում, մեխանիկորեն հռչակվում է որպես պետության ու հասարակության թշնամի։ Որովհետև այդ «այլ բաները» կարող են վտանգել միջին վիճակագրական քաղաքացու՝ կուշտ փորով հաց ուտելու և գլուխը կախ «տուն-տեղ դնելու» ֆիզիոլոգիական իրավունքը։

Փաստորեն «գիտափորձը» ցույց է տալիս, որ անգամ քաղաքակրթության հազարամյա ավանդույթներ ունեցող ու սեփական ինքնությամբ հպարտացող հանրություններին կարելի է ընդամենը մի քանի տարում հասցնել մի վիճակի, որ փաստացի համակերպվեն իշխանությունների ցանկացած անհեթեթ որոշման հետ ու սուսուփուս հնազանդվեն՝ բավարարվելով ընդամենը խոհանոցներում կամ սոցկայքերում մի թեթև փնթփնթալով։ Ու միակ մխիթարությունն այն է, որ սա առայժմ ընդամենը գիտափորձի «ընթացիկ արդյունքն» է, ու դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի այս ամենը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2229 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ