...

«Գլխին բամփողներն» ու նրանց գործիքակազմը

«Գլխին բամփողներն» ու նրանց գործիքակազմը

Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունը Հայաստանում այդպես էլ բովանդակային քննարկումների չարժանացավ։ Խորհրդարանական ընդդիմությունը միանգամայն կանխատեսելիորեն բերանը ջուր առավ, որպեսզի հանկարծ Պուտինին չզայրացնի, իմքայլականներն ինչ-որ անհոդաբաշխ բաներ փնթփնթացին «կոլխոզնիկի» ու նրա բեղերի կոնֆիգուրացիայի մասին, արտգործնախարարությունն այնպիսի լղոզված պատասխան տվեց, որ լավ կլիներ ընդհանրապես չպատասխաներ, պաշտոնական լրատվությունն անգամ չհամարձակվեց գրել, որ Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ (հայտարարվեց, որ նա եղել է ԱԳՆ-ում, մինչդեռ այնտեղ լինելն ու կանչվելը խիստ տարբեր բաներ են), իսկ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ձայն-ծպտուն չհանեց։ Մի խոսքով՝ պետական կառավարման համակարգում (որի մեջ մտնում է նաև խորհրդարանը՝ իր ընդդիմությամբ) չգտնվեց մեկը, որ վեր կենա ու պարզ-հստակ ասի՝ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, և Սահմանադրության այդ հոդվածը ոչ մի դեպքում փոփոխման ենթակա չէ։

Հիմա՝ ասվածի բովանդակության մասին։ Լուկաշենկոյի ասածի իմաստը մոտավորապես հետևյալն է․ այո, միութենական պետությունը բանտ է, որտեղ ինքնակամ կմտնեն միայն նրանք, ովքեր ուրիշ գնալու տեղ չունեն, «Նիկոլ Վովաեվիչը» ժամանակին դա չհասկացավ ու փորձեց «խաղեր տալ», գլխին բամփեցին, արդյունքում նա ինքն էլ տեսավ ու հասկացավ, որ Հայաստանն ուրիշ ոչ մեկին պետք չէ, հետևաբար՝ ուզած-չուզած պիտի հրաժարվի անկախությունից և խելոք մտնի միութենական պետության կազմի մեջ։ Պարզ ասած՝ «Նիկոլ Վովաեվիչի» հիմարության արդյունքում Հայաստանի ինքնիշխանության կորուստն այլընտրանք չունի։

Մեր հասարակությունը համաձա՞յն է դրա հետ։ Իրականում այս հարցն անգամ քննարկման առարկա չպիտի դառնար, որովհետև հայտնի ճշմարտություն է՝ եթե որևէ ժողովուրդ հրաժարվում է ազատությունից հանուն անվտանգության, արդյունքում չի ունենա ո՛չ ազատություն, ո՛չ անվտանգություն։ Ուրիշ բան, որ եթե Հայաստանում հանկարծ այդ հարցով հանրաքվե լինի, արդյունքները կարող են անպատվաբեր լինել։ Բայց ենթադրենք՝ հասարակության մի զգալի հատված պատրաստ է արցունքն աչքերին հրաժարվել անկախությունից հանուն անվտանգության։ Հասկանալի է, չէ՞, որ այդ մարդիկ պիտի մտքում հայհոյեն Նիկոլ Փաշինյանին ու նրա երիտքայլականներին, որովհետև նրանց տխմարության պատճառով է երկիրը հայտնվել այդ վիճակում։ Իսկ ի՞նչ պիտի անի հասարակության այն խավը, որն ի սկզբանե համարում էր, որ «այ ախպեր, անկախությունը ձևական բան ա, ի՞նչ անկախություն, մերը Ռուսաստանն ա»։ Ճիշտ է, նրանք նույնպես պիտի հայհոյեն Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա ժամանակին «էդքանը չջոգեց» ու կործանեց մի ամբողջ սերունդ, Արցախն էլ հետը։ Փաշինյանին պիտի հայհոյեն նաև նրանք, ովքեր համարում են, որ մենք ամեն գնով պիտի պահպանենք մեր անկախությունը, որովհետև նրա հիմար քաղաքականության արդյունքում անկախությունը պահպանելու մեր հնարավորությունները կտրուկ նվազել են։ 

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Եթե մեր հասարակությունը համարում է, որ Հայաստանի անկախությունն անսակարկելի է, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը պիտի օր առաջ հեռանա, որովհետև առ այսօր նրա իրականացրած առանց բացառության բոլոր քայլերը նվազեցրել են Հայաստանի ինքնիշխանության մակարդակը։ Իսկ եթե հասարակությունը համարում է, որ ուրիշ ճար չունենք և ստիպված պիտի լինենք մտնել միութենական պետության կազմի մեջ, այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանում պիտի ոչ թե իշխանություններ լինեն, այլ «գուբերնատոր»։ Ընդ որում՝ այդ դեպքում նույնպես Նիկոլ Փաշինյանը պիտի օր առաջ հեռանա, որովհետև «գուբերնատորի» ավելի վատ թեկնածու պարզապես հնարավոր չէ պատկերացնել։

Փաստացի՝ նրա մնալը ձեռնտու է միայն Հայաստանի գլխին «բամփողներին» ու դրանից դիվիդենտներ շահողներին։ «Բամփողը» միութենական պետության նախագծողներն են, գործիքը, որով «բամփում են»՝ Ադրբեջանը։ Երկուսն էլ իրենց շահաբաժինը ստացել են ու ավելին են ուզում։ Մնացածն էական չէ։ Անկախ նրանից՝ կոլխոզնիկի բառապաշարո՞վ կասվի, թե՞ ամենանուրբ դիվանագիտական ձևակերպումներով։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ