...

Գլխին գալիքը լավ գիտի

Գլխին գալիքը լավ գիտի

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «...եթե ես ղեկավարեի երկիրը» նախաբանով հայտարարություններ կատարելու «խասյաթ» ունի։ 2008-ին իշխանությունը արյունով Սերժ Սարգսյանին հանձնելուց մի քանի ամիս անց նման մի հայտարարություն է արել, ինչ վերջերս Արցախյան 2-րդ պատերազմի առիթով, թե եթե ինքը ղեկավարեր երկիրը...։

Միայն այն փաստը, որ Քոչարյանին կրկին երկրի ղեկին չտեսնելու համար շատերը գերադասում են այդ պաշտոնում թողնել «աղետաբեր պատուհասին», խոսում է այն մասին, որ նա աղետաբերից աղետաբեր է և պատուհասից պատուհաս. շատերն են արդեն հասկանում, որ պարտության հիմքը դրվել է Քոչարյանի պալատական հեղաշրջման հետևանքով։

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե եթե այսօր ինքը ղեկավարեր երկիրը, Լևոն Տեր-Պետրոսյանը «նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար», միայն մի բանի մասին է վկայում. այդ մարդը համառորեն չի հասկանում, որ ինչ-որ մեկի «նստել-չնստելը» որոշում է ոչ թե երկրի ղեկավարը, այլ օրենքը: Իսկ մոնղոլ- թաթարական խանությունում, օրինակ, իսկապես խանն էր որոշում: 

Բայց չկարծեք, թե Ռոբերտ Քոչարյանն այդքան «դուխ» կունենար: Նա ընդամենը հետին թվով աքլորանում է (իր տերմիններն են): «Նստացնող» տղա էր` տասը տարի երկիրը ղեկավարում էր, ինչո՞ւ չարեց: Կամ եթե մարտի 1-ը նկատի ունի, դրանից հետո դեռ 40 օր նախագահ էր, բա ինչո՞ւ էր պատի ծեփ դառել, կուչ եկել իր կաբինետում, ու նույնիսկ «Հայլուրի» տեսախցիկի առջև իր ամենօրյա ծամածռություններն էր անում թիկնապահներով շրջապատված: Դե «նստացնեիր», ո՞վ էր խանգարում: Նույնիսկ տնային կալանքի պատասխանատվությունը վրայիցդ «ցրեցիր»: 

Իրականում Քոչարյանի հիստերիայի պատճառներից մեկն էլ այն է, որ նա շատ լավ հասկանում է` հենց որ Հայաստանում իշխանափոխությունն իրականացավ, ինքն անպայման «նստելու է»: Ընդ որում, «նստելու է» ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի կամքով, այլ որովհետև այդպես են պահանջում ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: Մենք ընդամենը կարող ենք թվարկել այն հոդվածները, որոնցով նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվելու: 

1. Ռոբերտ Քոչարյանը խախտել է ՀՀ Սահմանադրության այն կետը, որի համաձայն ՀՀ նախագահ կարող է դառնալ միայն վերջին տասը տարիներին ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: Քոչարյանը կեղծ տեղեկանք է ներկայացրել այն մասին, թե իբր վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում, մինչդեռ բոլորին հայտնի է, որ նա ապրում էր Ղարաբաղում: Այսինքն` նա մեղադրվելու է խաբեության միջոցով (ապօրինաբար) իշխանությունը զավթելու է փաստաթղթեր կեղծելու մեջ: 

2. Ռոբերտ Քոչարյանն «Առագաստ» սրճարանում իր անվտանգության աշխատակիցներին բանավոր հրահանգել է բռնություն կիրառել քաղաքացու նկատմամբ` այն դեպքում, երբ իր անվտանգությանը ոչինչ չէր սպառնում: Արդյունքում նրա թիկնապահները ծեծելով մարդ են սպանել: Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվելու է ծանր հանցագործություն հրահրելու և կազմակերպելու մեջ: 

3. Ռոբերտ Քոչարյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ՀՀ սեփականություն հանդիսացող գույքը հանձնել է այլ պետության (Ռուսաստանին), դրանով իսկ Հայաստանի Հանրապետությանը հասցնելով մոտ 1 միլիարդ դոլարի ուղղակի վնաս: Բնականաբար, նա պատասխանատվության է ենթարկվելու պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու հոդվածով: 

4. Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության է ենթարկվելու Երևանի կենտրոնի բնակիչների ունեցվածքն օրենքի բազմաթիվ խախտումներով խլելու և հարյուրավոր ընտանիքներ անօթևան թողնելու համար` ուրիշի ունեցվածքին բռնությամբ կամ խաբեությամբ տիրանալու հոդվածով: 

5. Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության է ենթարկվելու ս. թ. մարտի 1-ին ժողովրդի դեմ զինված գործողություններ կազմակերպելու և տասը հոգու սպանության համար` որպես հանցագործության հիմնական կազմակերպիչ: 

Այնպիսի «մանր-մունր» հոդվածների մասին, ինչպիսիք են, ասենք, համապետական ընտրությունները և հանրաքվեն կեղծելը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ անձնական հարստության կուտակումը, կոռուպցիան, հակասահմանադրական օրենքների ընդունումը, լրատվամիջոցների դեմ ձեռնարկած միջոցառումները, ապօրինի ձերբակալությունների հրահանգներ տալը և այլն, ընդհանրապես չարժե խոսել: Փաստն այն է, որ այս հոդվածների մեծ մասը Քոչարյանի պաշտոնական գործունեության հետ կապ չունեն, հետևաբար` «նախկին նախագահի անձեռնմխելիությունն» այս հոդվածների վրա չի տարածվելու: Այնպես որ, Քոչարյանը միանգամայն իրավացիորեն է խուճապի մեջ ընկել: Այլ հարց է, որ պատմությանը հայտնի չէ գոնե մի դեպք, երբ խուճապը որևէ մեկին փրկած լինի: 

Հ.Գ. Ի դեպ, շատ հավանական է, որ Գագիկ Ջհանգիրյանի` ազատության մեջ հայտնվելուց հետո վերը թվարկած հոդվածներին ևս մի քանիսն ավելանան: Չնայած, այս դեպքում արդեն տարբերություն չկա: Մյուս հոդվածներն էլ հերիք են: 

Մարկ Նշանյան

«­Չոր­րորդ իշ­խա­նութ­յուն», թիվ 767, հուլիսի 11, 2008 թ.
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3036 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ