Ինչո՞ւ են շատերը Ռոբերտ Քոչարյանին ու Նիկոլ Փաշինյանին «քաղաքական երկվորյակներ» անվանում։ Փորձենք ներկայացնել ամենաակնհայտ նմանությունները։
1․ Երկուսն էլ իշխանության են հասել բացահայտ խաբեությամբ։ Պարզապես Ռոբերտ Քոչարյանը, մեծ հաշվով, խաբել է ոչ թե Հայաստանի ժողովրդին (ժողովրդին խաբելու համար պետք էր առնվազն շատից-քչից նորմալ հայերեն իմանալ և ճարտար լեզու ունենալ), այլ ընդամենը Վազգեն Սարգսյանին։ Իսկ ժողովրդին իր փոխարեն խաբել է դաշնակա-վազգենմանուկյանական ընդդիմությունը՝ տարիներ շարունակ քարոզելով, թե իշխանությունները «լափել են մազութը», «հոսանքը հողանցել են, որ ժողովրդին չտան», և այլն։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը խաբել է ողջ ժողովրդին, ընդ որում՝ անձամբ։
Բայց խաբեության բովանդակությունը մոտավորապես նույնն է եղել։ Ռոբերտ Քոչարյան՝ «ժողովուրդ ջան, սրանք ձեզ թալանել են, հիմա էլ ուզում են Ղարաբաղը ծախեն, ես գալիս եմ, որ դա թույլ չտամ և ձեր կյանքը լավացնեմ», Նիկոլ Փաշինյան՝ «ժողովուրդ ջան, սրանք ձեզ թալանել են, հիմա էլ ուզում են Հայաստանը դարձնեն Ադրբեջան, ես գալիս եմ, որ դա թույլ չտամ և թալանը վերադարձնեմ»։
2․ Երկուսն էլ իրենց իշխանությունն ամրապնդել են՝ ամենակոշտ ձևերով չեզոքացնելով դիմադրության օջախները, պարզապես մեթոդները տարբեր են եղել։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նախապատվությունը տալիս է քրեական հետապնդումներին՝ այդ թվում նաև ակնհայտորեն անհեթեթ մեղադրանքներով, իսկ ահա Քոչարյանին օգնության են հասել «մի խումբ ռոմանտիկները» (համաձայնվեք՝ դժվար կլիներ Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին կալանավորելը՝ գրպանները պլան գցելով)։
3․ Հետագայում երկուսն էլ իրենց իշխանությունը պահպանել են մոտավորապես նույն ստերով։ Ռոբերտ Քոչարյանը՝ 2008-ին․ «եթե իշխանությունները չվերարտադրվեն՝ սրանք գալու են ու հանձնեն Ղարաբաղը»։ Նիկոլ Փաշինյանը՝ 2021-ին և հիմա․ «եթե ընտրություններում մեզանից բացի այլ ուժ հաղթի՝ պատերազմը վերսկսվելու է, և ադրբեջանցիները գալու են Հայաստանը գրավեն»։
4․ Երկուսն էլ ընտրությունների ժամանակ օգտագործել և օգտագործում են որպես ընդդիմություն ներկայացող «հաճախորդներին»։ Քոչարյանի օրոք՝ Արթուր Բաղդասարյան, «Ազգային միաբանություն» և այլն, Նիկոլի օրոք՝ Արամ Զավենիչ, մանր-մունր «եվրոպամետներ», և այլն։
5․ Մոտավորապես նույնատիպ շոուներ։ Ռոբերտ Քոչարյան՝ տեսախցիկների առջև բասկետբոլ խաղալ, տուռնիկից կախվել, սերֆինգ։ Նիկոլ Փաշինյան՝ տեսախցիկների առջև հեծանիվ քշել, «պեռաշկի-փարթի», ծնկաչոք կեղծ պատարագներ, և այլն։ Անգամ «մաչոյի» կերպար ստեղծելու ձևերն են նույնը։ Քոչարյան՝ սատկած առյուծի վրա նստած լուսանկար, Փաշինյան՝ սելֆի ռազմական ինքնաթիռից։
6․ Նույնատիպ «բարոյական նկարագիր» և արժեհամակարգ։ Ռոբերտ Քոչարյան՝ ԱԺ ամբիոնից կլիզմայի մասին անեկդոտ, Նիկոլ Փաշինյան՝ նույն ամբիոնից «պետք ըլնի՝ ուրիշ բան է՛լ թափ կտամ»։ Քոչարյան՝ «ո՞վ է այն տղամարդը, որ․․․», Փաշինյան՝ «ե՛ս եմ կառավարությունը», «ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածը չանի»։ Քոչարյան՝ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունից հետո․ «եթե կենդանի լիներ՝ ես նրան մի երկու բան կասեի», Փաշինյան՝ շարասյունով հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո․ «դա իմ շարասյունը չէր, դա վարչապետի շարասյունն էր, ես այդտեղ ընդամենը ուղևոր էի»։
7․ Երկուսն էլ ենթագիտակցորեն իրենց թիվ մեկ հակառակորդ կամ թշնամի են համարում Լևոն Տեր-Պետրոսյանին, ու երկուսի դեմքն էլ ամենաշատը ծամածռվում է հենց նրա անունը լսելիս կամ նրա մասին խոսելիս։
Ցանկը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, որ իսկապես գործ ունենք «սիամական երկվորյակների» հետ, որոնք կես խոսքից հասկանում են իրար, ու որքան էլ միմյանց դեմ հոխորտան՝ այնուամենայնիվ ենթագիտակցորեն պաշտպանում են իրար ու թույլ չեն տա, որ «կողքից» որևէ մեկը խաթարի իրենց այդ սիմբիոզը։
Մարկ Նշանյան