...

Գնացել էր ասելու, որ իր վրա հույս չդնեն

Գնացել էր ասելու, որ իր վրա հույս չդնեն

Ընդդիմադիր շրջանակները ոգևորված են․ Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են դիմավորել, նա էլ, կարգին մտահոգ վիճակում, կարելի է ասել՝ համարյա թողել-փախել է։ Մեզանում ամեն ինչ ահա այսպես պարզունակ է ընկալվում։

Բայց ինչո՞ւ պիտի Նիկոլ Փաշինյանը մտահոգվեր։ Նա գնացել էր այնտեղ՝ մարդկանց խաբելու և վախեցնելու, և պատկերացրեք՝ երկու խնդիրներն էլ հաջողությամբ լուծեց ու «արագի մեջ» վերադարձավ Երևան, որովհետև երեկոյան տիկնոջ հետ թատրոն պիտի գնար։

Հիմա՝ առանձին-առանձին խաբելու և վախեցնելու մասին։ Ամենամեծ խաբեությունը (որը, ի դեպ, ներկաներից որևէ մեկը չնկատեց) այն էր, որ նա 4 անկլավային գյուղերի վերադարձը ներկայացրեց որպես սահմանազատման գործընթացի սկիզբ։ Այդպես էլ ասաց՝ «տրամաբանական եմ համարում, որ սահմանազատումը սկսվի Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատվածից»։ Մինչդեռ այդ տարածքների հանձնումը բացարձակապես որևէ կապ չունի սահմանազատման գործընթացի հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև սահմանազատման գործընթացը չի կարող սկսվել, քանի դեռ դրա իրավական հիմքերի վերաբերյալ համաձայնություն չկա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա՞ այդպիսի համաձայնություն։ Ոչ, չկա, և մի քանի օր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձանագրեց դա՝ հայտարարելով, թե Ադրբեջանը չի համաձայնվում սահմանազատման հիմքում դնել Ալմաթիի հռչակագրով նախանշված սահմանները։ Բա եթե հիմքը չկա, ի՞նչ սահմանազատում, այդ դեպքում դա ընդամենը ադրբեջանական ուլտիմատիվ պահանջ է, որը Նիկոլ Փաշինյանը որոշել է կատարել։ 

Հիմա՝ վախեցնելու մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե եթե այդ տարածքները չտանք, շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի, ընդ որում՝ ինքը գիտի, թե ինչպես կավարտվի այդ պատերազմը։ Ուշադրություն դարձրեք՝ Ալիևը 44-օրյա պատերազմից տարիներ անց հայտարարեց, թե 2020-ի նոյեմբերի 9-ին դեռ չգիտեր, թե ինչպես կավարտվի պատերազմը, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմը չսկսված՝ արդեն «գիտի», թե ինչով է այն ավարտվելու։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նա մեր անվտանգության հիմնական երաշխիք է համարում լեգիտիմությունը, իսկ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա ակնհայտորեն լինելու է ոչ լեգիտիմ։ Ինչևէ։ Կարողացա՞վ արդյոք վախեցնել մարդկանց։ Այո, կարողացավ, որովհետև մարդկանց հիմնական ասելիքն այն էր, որ եթե ադրբեջանցիները մոտենան՝ իրենք չեն կարողանալու ապրել իրենց տներում։ Դե Նիկոլն էլ, սովորության համաձայն, «փոխհատուցում» խոստացավ։ Եվ ամենայն հավանականությամբ կտա այդ փոխհատուցումը, բայց՝ միայն նրանց, ովքեր չեն դիմադրի կամ դուրս գալուց առաջ չեն այրի իրենց տները։

Իսկ մեծ հաշվով՝ նա Տավուշի մարզի գյուղեր էր գնացել այդ հուսահատված ու սեփական անզորությունից կուչ եկած մարդկանց վրա ինքնահաստատվելու, որովհետև նրա հիմնական ասելիքը մոտավորապես հետևյալն էր՝ «ո՞ւմ վրա եք հույսներդ դրել, դրսից օգնող չունեք, ընդդիմություն չկա, ձեզ պաշտպանողը պետությունը պիտի լիներ՝ պետությունն էլ ես եմ ու ձեզ չեմ պաշտպանում, բանակին հրաման տվողն էլ եմ ես, ու ձեզ պաշտպանելու հրաման չեմ տալու, ուրեմն վարիանտ չունեք, ինչ ասում եմ՝ պիտի սուսուփուս ենթարկվեք»։ Ու այդ ուղերձը տեղ հասավ, որովհետև մարդիկ հասկացան, որ իշխանությունների այս մոտեցման դեպքում իսկապես էլ «վարիանտ չունեն»։ Իսկ ավելի ուշ ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու և դիմադրելու՝ արդեն «իրենք իրենց մեջ» կայացրած որոշումը ոչ թե գործնական ծրագիր էր, այլ ընդամենը հուսահատության դրսևորում։ 

Իսկ ուրիշ ի՞նչ պիտի անեին, եթե Նիկոլ Փաշինյանը եկավ, «արագի մեջ» իր ասելիքն ասաց ու շտապեց թատրոն։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ