...

Գնացքը գնաց, ծաղրածուները մնացին

Գնացքը գնաց, ծաղրածուները մնացին

Եթե իսկապես «քաղաքականությունը հնարավորի արվեստն է», ապա կարելի է արձանագրել, որ մեր հասարակությանն ու անգամ քաղաքական ուժերի մեծ մասին քաղաքականությունը հակացուցված է։ Որովհետև ցանկացած գաղափար ու ծրագիր մեզանում գնահատվում է ոչ թե ըստ դրա իրականացման հնարավորության կամ անհնարինության, այլ ըստ նրա՝ բավարար չափո՞վ է համապատասխանում մեր իղձերին, թե՞ կարելի է նաև ավելին երազել։ Ու բնականաբար՝ ցանկացած մեկը, ով առաջարկում է քննարկել տվյալ նպատակի (գաղափարի, ծրագրի, տեսլականի) իրականացնելիությունը, անմիջապես դավաճան է հռչակվում։ Արդյունքում՝ ստացվում է, որ պետությունը գոյատևում է առանց ծրագիր (անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար), որովհետև եթե որևէ ծրագիր անգամ տեսականորեն հնարավոր չէ իրականացնել՝ դա արդեն ոչ թե ծրագիր է, այլ անիմաստ երազանք։

Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը համարեց, որ իրավունք ունի գնալ իր երազանքի ետևից՝ առանց հաշվարկելու հաջողության հասնելու շանսերը, ամեն ինչ դրեց խաղասեղանին ու տանուլ տվեց։ Անձամբ ինքը՝ չէ, երկի՛րը տանուլ տվեց, որովհետև ինքն իր գրպանից ոչինչ չէր դրել, մեր ու մեր ապագա սերունդների ունեցածն էր դրել։ Ու մարսեց՝ գուցե նաև այն պատճառով, որ «ժողովրդի ծոցից ելած» է։ Այն նույն ժողովրդի, որի առնվազն կեսն օրվա մի քանի ժամը նվիրում է օնլայն խաղադրույքներ կատարելուն։ Մի երկրում, որտեղ օնլայն խաղադրույքների տարեկան շրջանառությունը 12 անգամ գերազանցում է պաշտպանության բյուջեն։ Երևի «հարազատ հոգիներ» են, դրա համար էլ ըմբռնումով են մոտենում․․․

Բայց Նիկոլ Փաշինյանը ժամանակին «ազնվորեն» զգուշացրել էր այդ մասին։ Հիշո՞ւմ եք, ինքն իր հեղափոխության հաջողությունից զարմացած ու իրեն տիեզերական մասշտաբի գործչի տեղ դրած՝ հրապարակավ հայտարարեց, թե իրեն իրականանալի ծրագրերն այլևս չեն հետաքրքրում, իրեն անհնարինն է հետաքրքրում։ Քանի որ պետության ղեկավարի իրական գործառույթը ճիշտ հակառակն է՝ հրաժարվել անհնարից և պետության առջև բացառապես իրատեսական խնդիրներ դնել, նրա այս հայտարարությունից անմիջապես հետո հոգեբույժների բրիգադը պիտի մտներ նրա աշխատասենյակ, զսպաշապիկ հագցներ ու մեկուսացներ՝ ցմահ արգելելով որևէ պետական պաշտոն զբաղեցնել։ Բայց այն ժամանակ ոչ քաղաքական ուժերը, ոչ ժողովուրդը լուրջ ուշադրություն չդարձրեցին նրա ասածին։ Բա իհարկե, իրականանալի ծրագրերով «ով ասես կարա առաջնորդվի», բայց Աստված հազիվ մի անգամ մեր 5-հազարամյա ժողովրդին տիեզերական մասշտաբի առաջնորդ է պարգևել, չփորձե՞նք օգտվել։ Ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ ջանդամը, ուրեմն մեր ճակատին էլ դա է գրված։

Նույնն էլ այսօր է շարունակվում։ Մարդն ասում է՝ թշնամին նոր պատերազմ է նախապատրաստում, բայց մենք կփորձենք խուսափել դրանից։ Ստացվեց՝ ստացվեց, չստացվեց, դե հիմա այ քեզ բան․․․ Կարևորը՝ չի ասում, որ դա կարող է սկսվել վաղը, ասում է՝ գուցե 3 ամիս հետո լինի, գուցե՝ 3 տարի հետո։ Ու քանի որ հասարակության առնվազն կեսն ապրում է օնլայն՝ խաղադրույքից խաղադրույք, 3 ամիսը կամ 3 տարին հեռավոր ապագա է համարում, որի մասին չարժե անգամ մտածել (ոչ էլ՝ զահլա կա), մյուս կեսն էլ մտքում «նավսյակի» որոշած ունի, թե աղետի դեպքում ուր է փախչելու։ Այ սա՛ է իսկական պրագմատիզմը, թե չէ ընկել ենք՝ իրատեսական քաղաքականություն, իրականանալի ծրագրեր, հնարավորի արվեստ․․․

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5719 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ