...

«Գնդակահարության պատից» ապահովագրվելու գինը

«Գնդակահարության պատից» ապահովագրվելու գինը

Երբ փողոցային «ռազբորկայի» ժամանակ տասնապատիկ ուժեղ մեկը դիմացի խեղճուկրակին ասում է «էսինչ բանը չանես, թե չէ կտամ գլուխդ կջարդեմ», արդեն իսկ ծեծ կերած խեղճուկրակը «էսինչ բանն» անելուց առաջ պարտավոր է ինքն իր համար պարզել առնվազն երկու բան․ առաջին՝ դիմացինը հենց այնպես սպառնո՞ւմ է, թե՞ իսկապես էլ «կտա գլուխը կջարդի», և երկրորդ՝ ունի՞ արդյոք այդ սպառնալիքն իրականացնելու հնարավորություն։ Ու եթե տեսնում է, որ դիմացինը և՛ լրջորեն է սպառնում, և՛ ի վիճակի է իրականացնել այդ սպառնալիքը, բայց միևնույն է՝ անում է «էսինչ բանը», նշանակում է՝ կամ կատարյալ ապուշ է, կամ նպատակը հենց այն է, որ դիմացինն իր գլուխը ջարդի։ Նիկոլ Փաշինյանը փաստացի դա է անում՝ իր գրպանային Սահմանադրական դատարանի միջոցով Հայաստանը դարձնում է Միջազգային քրեական դատարանի անդամ ու թիմակիցների միջոցով հայտարարում է, թե եթե Պուտինը ժամանի Հայաստան՝ կարող է ձերբակալվել։ 

Եվ իզուր էր Վանո Սիրադեղյանը ժամանակին պնդում, թե քաղաքականությունը քուչի կռիվ չի, որ «մեր քրֆես» ու փախչես։ Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը հենց որպես քուչի կռիվ էլ ընկալում է, ավելին՝ «մեր է քրֆում» այն հույսով, որ հենց դրա շնորհիվ է փախչելու տեղ ունենալու, իսկ որ իր գլխի փոխարեն «կտան Հայաստանի գլուխը կջարդեն»՝ նրան, վստահաբար, վաղուց չի մտահոգում։ Նա արդեն «խաղաղության դարաշրջանի» տապալումից հետո էր հասկացել, որ «գնդակահարության պատի տակ կանգնելուց» խուսափելու ուղիները խիստ սահմանափակ են։ Իշխանությունը կորցնելուց հետո Հայաստանում մնալ չի կարողանալու, Ռուսաստանում պատսպարվել չի հաջողվելու, իսկ Արևմուտքում ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարին հենց այնպես ապաստան չեն տա, դրա համար անհրաժեշտ կլինեն հակառուսական այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն կտան ներկայանալ որպես «չարիքի կայսրության կողմից հալածված ազատատենչ լիդեր»։ Մի խոսքով՝ մոտավորապես երկրորդ Զելենսկի, որն ամենայն հավանականությամբ մինչև կոկորդը թաղված կլիներ կոռուպցիոն սկանդալների մեջ՝ եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, բայց քանի որ մտադիր է մինչև վերջ պատերազմել Ռուսաստանի դեմ՝ Արևմուտքում ընկալվում է որպես բացառիկ հերոս ու քաղաքակրթության առաջամարտիկ։ Կամ՝ երկրորդ Սաակաշվիլի, որը ժամանակին իր երկիրը ներքաշեց Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, տանուլ տվեց պատերազմը, իսկ հետո ճամփորդում էր աշխարհով մեկ՝ որպես ժողովրդավարության օրինակելի առաջամարտիկ (ուրիշ բան, որ ինքն իրեն չափազանց լուրջ ընդունեց, գերագնահատեց Արևմուտքի լծակները և արդյունքում հայտնվեց վրացական բանտում)։ 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այս «մեր քրֆել-փախչելու» քաղաքականությունն ինչ-որ իմաստով ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Չէ՞ որ այդ երկիրը «փաստաթղթերով» Հայաստանի դաշնակիցն է, բայց գործնականում ավելի ակտիվորեն համագործակցում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ու իր այդ տարօրինակ պահվածքն արդարացնելու և մեղքը հայկական կողմի վրա գցելու խնդիր ունի։ Դրա համար էլ, ի դեպ, Ռուսաստանը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու հարցի շուրջ անհամարժեք աղմուկ է բարձրացրել, թեև ակնհայտ է, որ գործնականում դա առնվազն ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերմամբ որևէ կիրառում չի ունենալու։ Պարզապես Մոսկվային այդ աղմուկը պետք է, որպեսզի Հայաստանում միանգամից սսկվեն բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանին կշտամբում են, ասենք, Լաչինի միջանցքի փակ լինելու համար, ՀԱՊԿ անդամ մյուս երկրներն էլ Հայաստանի օրինակով տեսնեն ու հասկանան, թե ինչ է սպասվում բոլոր նրանց, ովքեր կփորձեն «հակառուսական խաղեր տալ»։ 

Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը լավ էլ գիտակցաբար է Հայաստանը տանում դեպի նոր աղետ, Ռուսաստանում էլ երևի թաքուն հրճվում են, որովհետև դա իրենց ազատում է «փաստաթղթով դաշնակցի» ապագայի համար որևէ պատասխանատվությունից։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1269 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ