...

Գործակալական ցանցերն ընդդեմ Հայաստանի ու հայկական շահերի

Գործակալական ցանցերն ընդդեմ Հայաստանի ու հայկական շահերի

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում, արևմտամետների և ռուսամետների պայքար է։ Իրականում պրոբլեմը հենց այն է, որ մեծ հաշվով՝ պայքարը ոչ թե ռուսամետների և արևմտամետների միջև է, այլ Ռուսաստանի և Արևմուտքի գործակալների միջև։ 

Իսկ ո՞րն է, ասենք, ռուսամետի ու Ռուսաստանի գործակալի կամ արևմտամետի ու Արևմուտքի գործակալի տարբերությունը։ 

Ենթադրենք՝ քաղաքական ուժերն իրենց առջև նպատակ են դնում ապահովել Հայաստանի անվտանգությունը, ոտքի կանգնեցնել ու զարգացնել երկիրը և այլն, բայց որոշ քաղաքական ուժեր համարում են, որ դա հնարավոր է անել բացառապես Ռուսաստանի աջակցությամբ, իսկ մի քանի այլ ուժեր, հակառակը, համոզված են, որ այդ նպատակներին հասնել հնարավոր է միայն Արևմուտքի օգնությամբ։ Սրանք ռուսամետներն ու արևմտամետներն են, ընդ որում՝ նրանց «մետության» մեջ որևէ դատապարտելի բան չկա, որովհետև երկու դեպքում էլ նպատակը Հայաստանը զարգացնելն ու հզորացնելն է, այսինքն՝ նպատակը հայաստանակենտրոն է, և միայն դրան հասնելու ճանապարհներն են տարբեր։ Իսկ ահա ռուսական կամ արևմտյան գործակալների համար Հայաստանի շահ ընդհանրապես գոյություն չունի, նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվում է բացառապես իր «կենտրոնի» (Ռուսաստանի կամ Արևմուտքի) շահերով։

Կոնկրետ օրինակներ բերենք։ Ռուսաստանին, օրինակ, ձեռնտու է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական լարվածություն լինի, նորանոր բախումներ լինեն, ոչ մի խաղաղություն էլ չհաստատվի, որպեսզի Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը հարատև լինի և ընկալվի որպես ֆիզիկական գոյատևման միակ երաշխիք, ու այդպիսով Հայաստանը մոռանա երբևէ ռուսական ազդեցության գոտուց դուրս պրծնելու մասին։ Ռուսական գործակալները, բնականաբար, պիտի ամեն ինչ անեն նորանոր բախումներ և անգամ նոր պատերազմ հրահրելու համար, ու «ջանդամը», թե դրա արդյունքում նորանոր կորուստներ չենք ունենա, չէ՞ որ Ռուսաստանը թքած ունի նման մանրուքների վրա։ Իսկ ահա Արևմուտքին ձեռնտու է, որ ռուսները վերջնականապես դուրս մղվեն Հայաստանից, ու եթե դրա արդյունքում Ադրբեջանը հարձակվի և գրավի, ասենք, Սյունիքը՝ ավելի՛ լավ․ Իրանը «կփակվի» նաև հյուսիսից, Թուրքիան էլ ուղիղ ցամաքային կապով դուրս կգա Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա։ Արևմուտքի գործակալներն էլ փաստացի ամեն ինչ անում են այս ծրագիրն իրականացնելու համար, ու «ջանդամը», թե արդյունքում Հայաստանը տարածքային լրջագույն կորուստներ չի ունենա և չի վերածվի թուրքական պրոտեկտորատի, չէ՞ որ Արևմուտքին հենց դա է պետք։

Փաստացի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում «ներքաղաքական պայքարի» անվան տակ, հենց գործակալական ցանցերի կենաց-մահու կռիվ է և ոչ մի կապ չունի իրական արևմտամետության կամ ռուսամետության հետ։ Հասարակության մեծամասնությունն էլ, ենթագիտակցորեն կամ բնազդաբար հասկանալով սա, գերադասում է չխառնվել։ Դրա համար էլ անգամ Նիկոլից ու նրա լպրծուն ուսապարկերից մինչև ուղնուծուծը զզվողների մեծ մասը չի միանում շարժմանը, շարժման երևացող ու չերևացող լիդերներից մինչև ուղնուծուծը զզվածների մեծ մասն էլ ծպտուն չի հանում ի պաշտպանություն նիկոլականների։

Մի խոսքով՝ սա պայքար է, որտեղ հայկական շահը ոչ մի կերպ չի երևում, իսկ հաղթողներն ու պարտվողները որոշվելու են ըստ նրա, թե կողմերից որի՛ նկատմամբ է հանրային զզվանքն ավելի խորը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ