...

«Հապաղելով» է հանձնելու, որ չասեն դավաճան

«Հապաղելով» է հանձնելու, որ չասեն դավաճան

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել 8 գյուղեր, որոնցից 4-ը՝ «անհապաղ»։ Խոսքն այն 4 ոչ անկլավային գյուղերի մասին է, որոնք եղել են խորհրդային Ադրբեջանի տարածքում, բայց որոնց տարածքների մի մասը 90-ականների սահմանային բախումների արդյունքում հայտնվել է հայկական վերահսկողության ներքո։

Հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս վերջնագրային պահանջն իրավական տեսանկյունից անընդունելի է, որովհետև դրա իրավական հիմքը խորհրդային տարիների հայ-ադրբեջանական վարչական սահմանն է, որն Ալմաթիի հռչակագրով ճանաչվել է որպես միջպետական սահման, հետևաբար՝ եթե Ադրբեջանն այդ իրավական հիմքով մեզանից 4 գյուղ է պահանջում, նույն իրավական հիմքով պիտի իր զորքերը դուրս բերի մեր ինքնիշխան տարածքից։ Ու եթե Ադրբեջանը, դա անտեսելով, այնուամենայնիվ վերջնագիր է ներկայացնում, նշանակում է՝ առաջնորդվում է ոչ թե «իրավական հիմքերով», այլ «ուժի իրավունքով»։ Իսկ մեզ համար ամենակարևոր հարցն այս պահին հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն այդ 4 գյուղերն ինքնակամ կհանձնի՞, թե՞ Ադրբեջանը կփորձի ուժով վերցնել։

Ադրբեջանին ձեռնտու է ուժով վերցնելու տարբերակը, և ահա թե ինչու։ Բանն այն է, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը վերադարձնի այդ 4 ոչ անկլավային գյուղերը, միևնույն է՝ անկլավների հարցը մնալու է։ Ավելին՝ եթե անգամ որոշ ժամանակ անց Հայաստանի իշխանություններն անկլավները նույնպես հանձնեն, դեպի այդ անկլավներ տանող ճանապարհներն էլի մնալու են ՀՀ իրավասության ներքո՝ ըստ միջազգային նորմերի։ Իսկ եթե Ադրբեջանն այդ հարցը լուծի ոչ թե «միջազգային նորմերով», այլ «ուժի իրավունքով»՝ այդպիսի խնդիր չի առաջանալու։

Նիկոլ Փաշինյանին նույնպես ձեռնտու է, որ Ադրբեջանն այդ տարածքներն ուժով վերցնի։ Հասկանալի է՝ որպեսզի իրեն չասեն «դավաճան»։

Ռուսաստանին նույնպես այդ տարբերակն է ձեռնտու։ Ճիշտ է, հենց այդ հատվածում ռուս սահմանապահներ կան, բայց այս անգամ նրանք տեղային մարտերին չմիջամտելու «լեգիտիմ պատճառաբանություն» կունենան՝ կասեն «դե Ադրբեջանն իր տարածքում է ռազմական գործողություններ իրականացնում, մենք ի՞նչ անենք, բա էդքան ասում ենք՝ բերեք մեր քարտեզներով սահմանազատում անենք, որպես ի՞նչ եք թեքվել դեպի Արևմուտք, ո՞ւր են ԵՄ դիտորդները»։ Բացի այդ էլ՝ ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանում գուցե իշխանությունների դեմ բողոքի նոր ալիք բարձրանա, ու արդյունքում իշխանության գան պրոռուսական ուժեր։

Մեծ հաշվով՝ Արևմուտքին էլ է ձեռնտու, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերցնի իր պահանջած 4 գյուղերը։ Նախ՝ որովհետև, իրենց պատկերացմամբ, դա կլինի «ևս մեկ քայլ խաղաղության ճանապարհին», քանի որ «ևս մի կնճռոտ հարց կլուծվի», և երկրորդ՝ հայ հասարակությունը, տեսնելով, թե ինչպես են ադրբեջանցիները ռուս սահմանապահների անտարբեր հայացքների ներքո (իսկ հնարավոր է՝ անգամ թաքուն աջակցությամբ) հարձակվում, վերջնականապես երես կթեքի Ռուսաստանից էլ, ՀԱՊԿ-ից էլ։

Արդյունքում՝ ստացվում է, որ լարվածության հերթական բռնկումը ձեռնտու է և՛ Հայաստանի իշխանություններին, և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին։ Ընդ որում՝ զուտ հայտարարությունների մակարդակով «Հայաստանի անվտանգությունն ապահովել ցանկացողների» պակաս չկա։ Պարզապես մեր դեպքում գործում է սովորական ռեկետի սկզբունքը։ Չէ՞ որ ռեկետիրներն էլ, որպես կանոն, որոշակի տուրքի դիմաց բիզնեսին անվտանգություն («տանիք») են խոստանում, իսկ եթե բիզնեսի սեփականատերը համառում է՝ «մի թեթև» ավերում են, ջարդուփշուր անում ու հաջորդ օրը նորից ներկայանում «անվտանգության ապահովման» առաջարկով, ընդ որում՝ նույնպիսի քաղաքավարի ժպիտով ու ավելի ծանր պայմաններով։ 

Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ