...

Հարցն այն է, թե ինչո՞ւ Նիկոլը չի հասկանում

Հարցն այն է, թե ինչո՞ւ Նիկոլը չի հասկանում

Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով դժգոհել է, որ առայժմ պատասխան չի ստացել իր «պարզ հարցին»՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ու ավելացրել է՝ «հարցն այն է, թե ինչո՞ւ»։ Ըստ երևույթին նախկին լրագրողի ինքնագոհությամբ ցանկացել է ասել՝ «տեսա՞ք, նենց հարց տվեցի՝ քարկապ ընկան»։ Որովհետև, իր պատկերացմամբ, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը մեջտեղից դուրս կգա, եթե չճանաչի՝ ամբողջ աշխարհը կտեսնի, որ Ադրբեջանն ագրեսոր է։

Սա ցույց է տալիս, թե որքան պարզունակ են Նիկոլ Փաշինյանի պատկերացումները  տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, և ինտելեկտի ինչ խղճուկ պաշարով է նա Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հորձանուտի մեջ։ Նրա պատկերացմամբ՝ ինքն ընդամենը «մի քիչ իջեցրել է նշաձողը», հրաժարվել է Արցախից, պատրաստ է բացել Հայաստանի ճանապարհները ու դրա դիմաց խաղաղության համաձայնագիր է ուզում, իսկ Ադրբեջանն ավելի մեծ գին է պահանջում՝ ոչ թե ճանապարհ, այլ միջանցք։ Այսինքն՝ սովորական առևտուր է, առայժմ «գնի մոմենտով» համաձայնության չեն եկել, բայց վաղ թե ուշ կբարիշեն։ Ինքն էլ երևի մտածում է՝ ոչինչ, ծայրահեղ դեպքում, որպես «վերջին գին», կհամաձայնվի փաստացի տալ միջանցքը, բայց՝ այնպես, որ «թղթերով» դա մնա Հայաստանի տարածքում։ 

Իրականում Ադրբեջանը ոչ թե «Զանգեզուրի միջանցք» է ուզում, այլ Հայաստանի կեսը, այդ թվում՝ Սյունիքն ամբողջությամբ։ Ընդ որում՝ ոչ թե հենց այնպես ուզում է, այլ պլանավորված, կոնկրետ գործողություններով ռազմաքաղաքական և իրավական հող է նախապատրաստում դրա համար։ Ադրբեջանում, իհարկե, հասկանում են, որ ՄԱԿ անդամ երկրի տարածքի կեսը զավթելը խնդրահարույց է, ու արդեն իսկ ինչ-որ «Գյոյչա-Զանգեզուրի հանրապետություն» են հռչակել։ Հետագա գործողությունների տրամաբանությունը տեսանելի է․ փորձել ուժով գրավել Սյունիքը, Վայոց Ձորն ու Սևանի ավազանի արևելքը, այդ տարածքները վերաբնակեցնել ադրբեջանցիներով, հանրաքվեով այնտեղ հռչակել ինչ-որ «հանրապետություն»՝ այն «հիմնավորմամբ», թե խորհրդային տարիներին այդ տարածքներում ադրբեջանցիներ են բնակվել, հետո հարցը ներկայացնել որպես այդ չճանաչված (և փաստացի գոյություն չունեցող) «հանրապետության» ինքնորոշման իրավունքի խնդիր։ Ու կապ չունի՝ կճանաչի՞ միջազգային հանրությունն այդ «հանրապետությունը», թե ոչ։ Հյուսիսային Կիպրոսն է՛լ չեն ճանաչում, հետո՞ ինչ։ Կարևորը՝ որ Թուրքիան փաստացի կստանա իր երազած կապը թյուրքական աշխարհի հետ, Ռուսաստանն ու Իրանն էլ կշրջափակվեն՝ համապատասխանաբար հարավից և հյուսիսից։

Հետաքրքիր է՝ գոնե այսքանը հասկանալուց հետո Նիկոլ Փաշինյանի համար կփակվի՞ «հարցն այն է, թե ինչու» հարցը, նա գլխի կընկնի՞, թե ինչու Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Ու եթե ինչ-որ հրաշքով գլխի ընկնի, կհասկանա՞ նաև, որ ադրբեջանա-թուրքական այդ ծրագիրը երկու հիմնական հակառակորդ ունի՝ Ռուսաստանն ու Իրանը։ Թե՞ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է է՛լ ավելի «իջեցնել նշաձողը» ու համաձայն է նաև «խաղաղության դարաշրջան թևակոխած» 15 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանին։ 

Եթե համաձայն է՝ ամեն ինչ ճիշտ է անում։ Պետք է թուլացնի բանակն ու Ռուսաստանի և Իրանի փոխարեն ջերմացնի հարաբերություններն Արևմուտքի հետ։ Եթե համաձայն չէ՝ պիտի երկիրը ոչ թե խաղաղության պատրաստի, այլ պատերազմի։ Աչքի առաջ ունենալով, որ Արևմուտքը, որպես կանոն, ժամանակակից սպառազինություն տրամադրում է միայն այն դեպքերում, եթե այն ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվելու է Ռուսաստանի դեմ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ