...

Հատվածներ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ասուլիսից

Հատվածներ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ասուլիսից

Խմբագրության տրամադրության տակ են հայտնվել մի քանի չհրապարակված հատվածներ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ասուլիսից, որոնք էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

- Պրն Սիմոնյան, «Оленевод» անունով օգտատերը հարցնում է․․․ Լավ, եկեք սրանից հետո օգտատերերի անունները չկարդամ, հա՞։ Հարցն այսպիսին է․ «արժե՞ր արդյոք այս իրավիճակում մի քանի հարյուր հազար դոլար ծախսել նոր մեքենայի համար, հարյուր հազար դոլար էլ՝ ուղեկցող 3 մեքենաների համար»։

- Բայց դրանք ինձ հետ ի՞նչ կապ ունեն, դրանք ոչ թե ինձ են սպասարկում, այլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Հազար անգամ շեշտել եմ այդ տարբերությունը, բայց մեր տգետ հասարակությունը չի հասկանում, որ, օրինակ, Բալի կղզում ես չեմ հանգստանում, ԱԺ նախագահն է հանգստանում, պատվիրակության կազմում ոչ թե իմ նանարներն են ընդգրկվում, այլ ԱԺ աշխատակազմի մասնագետները․․․ Իսկ այդ մեքենաները խնայողության նպատակով են ձեռք բերվել։ Պատկերացրեք՝ ոտքով գնամ աշխատանքի։ Դուք ծանո՞թ եք դիմածնոտային վիրաբուժության գներին։ Էդ ծախսերը բյուջեի հաշվին պիտի արվեն, չէ՞։ Ավելի լավ չի՞ մի անգամ մի քանի մեքենա առնենք, քան շաբաթը մեկ մեծ ծախսեր անենք։ 

- Լավ։ Մեկ այլ օգտատեր․․․ Էս չհասկացա, նախապես 500 հազար դրամ տուգանքը վճարել է ու անդորրագրի նկարն էլ հարցի հետ ուղարկե՞լ։ Լավ, հարցը կարդամ։ «Լսի՛, ա՛յ․․․»։ Չէ, էս 500 հազարի բան չի, ավելի լավ է հաջորդ հարցը կարդամ։ «Պրն Սիմոնյան, ե՞րբ եք պատրաստվում իրականացնել Ձեր հիմնական նախընտրական խոստումը և օրինականացնել մարիխուանայի վաճառքն ու մարմնավաճառությունը»։

- Ինձ նման խիստ բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանը կարող է ազդել այդ ոլորտների միջազգային շուկաների վրա, ուստի չեմ պատասխանի։ Մարիխուանայի մասին ավելի լավ է հարցնեք Արարատ Միրզոյանին, իսկ մարմնավաճառության մասին՝ Էդմոն Մարուքյանին։ Ամեն դեպքում՝ այդ օրինակները վկայում են, որ գործընթացի մեկնարկը տրված է։

- Մեկ այլ օգտատեր հարցնում է․․․ Չէ, ներողություն, սա ոչ այնքան հարց է, որքան անձամբ Ձեր նկատմամբ որոշակի, ես կասեի՝ երկիմաստ գործողություններ իրականացնելու ցանկություն։ 

- Ոչինչ, եթե վճարման անդորրագիրը կա՝ կարդացեք։

- Չէ, չկա։ Հաջորդ հարցը։ «Էդ որ ասում եք՝ ոչ մի իշխանություն ձեր չափ բան չի արել Արցախի համար․․․»։

- Ես սպասում էի այդ հարցին։ Միջազգային հանրության տեսանկյունից՝ Արցախը Ադրբեջան է, չէ՞։ Դե մենք էլ միջազգային հանրության մի մասնիկն ենք, հատկապես՝ ես։ Այսինքն՝ եթե Ադրբեջանին օգուտ ենք տալիս, ուրեմն նաև Արցախին ենք օգուտ տալիս, չէ՞։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞ր իշխանության օրոք է Հայաստանն այսքան մեծ օգուտ տվել Ադրբեջանին։

- Արա, բայց դու էս ինչ․․․

- Արդեն հաջորդ հա՞րցն եք կարդում։

- Ոչ, ոչ, սա պարզապես իմ կողմից էր․․․ Հաջորդ հարցը։ «Պրն Սիմոնյան, Ձեր մասին բազմաթիվ անեկդոտներ են շրջանառվում, հիմնականում՝ 18+ , անձամբ Ձեզ ամենաշատը ո՞ր անեկդոտն է դուր գալիս»։

- Անձամբ ինձ ամենաշատը դուր է գալիս իմ աշխատասենյակի դռան վրայի գրությունը՝ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ