...

Հայկական մատնոցախաղ

Հայկական մատնոցախաղ

Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի ներքաղաքական կյանքը կարելի է բնորոշել ընդամենը մի նախադասությամբ․ «Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոքներ չկարողացան հանել»։ Ընդ որում՝ այն, որ «մի հիմար քարը գլորել է ձորը», գրեթե չի վիճարկվում, համարյա բոլորն ընդունում են դա։ Փոխարենը՝ թունդ բանավեճեր են ընթանում, թե արդյո՞ք Հայաստանում «հազար խելոքներ» կան, կամ եթե անգամ կան՝ արդյո՞ք իսկապես ուզում են հանել քարը, թե՞ նաև իրենք են «մի հիմարի» հետ քարը գլորել ձորը ու հիմա էլ միայն մի նպատակ ունեն՝ քարի ետևից ձորը գլորել նաև նրան։

Ներքաղաքական բանավեճը Հայաստանում իսկապես բավականին պարզունակ է։ «Հողատու կապիտուլյանտ»-«հողատու կապիտուլյանտը դու ես», «կոռուպցիոներ»-«կոռուպցիոները դու ես» և այլն։ Սերժ Սարգսյանը ցանկացած առիթի դեպքում խոսում է բացառապես նրա մասին, որ ինքը մտադիր էր արցախյան խնդիրը լուծել շատ ավելի նպաստավոր պայմաններով, բայց չհասցրեց, իսկ Ռոբերտ Քոչարյանի «քաղաքական պլատֆորմն» ընդհանրապես երեք բառից է կազմված՝ «չեք կարա ապացուցեք»։ Հասկանալի է, չէ՞, որ նման որակի ընդդիմությունը (եթե դա ընդհանրապես կարելի է ընդդիմություն անվանել) ի վիճակի չէ որևէ հարց լուծել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրակարգում ընդհանրապես որևէ հարց լուծելու թեմա չկա։ «Բարեկիրթ հարևանները» ինչ-որ բաներ կպահանջեն՝ մի քիչ չեմուչում կանի, կտա ու կասի, որ նախկիններն էին տվել, հոսանք-ջուր-գազը կթանկացնի ու կասի, որ նախկինների պատճառով էր, բյուջեն դատարկվի՝ նոր հարկեր ու տուգանքներ կհորինի, յուրային «բարեխիղճ գործարարները» տրտնջան՝ հարկային արտոնություններ կտա ու այդ բեռը կթողնի բնակչության ուսերին, բողոքողներ լինեն՝ ոստիկանությունը բերման կենթարկի․․․ Ի՞նչ ունի անհանգստանալու։ Երկրում այնպիսի մթնոլորտ է, որ եթե անգամ վաղը անառարկելի փաստեր հրապարակվեն, որ, ասենք, կառավարությունն ու իշխող խմբակցությունը հարյուր տոկոսով կազմված են թուրքական կամ ռուսական գործակալներից և տարիներ շարունակ կանոնավոր աշխատավարձ են ստացել այդ երկրների հատուկ ծառայություններից, միևնույն է՝ առանձնապես բողոքողներ չեն լինի։ Այնպես որ՝ իշխանությունները առանց հատուկ անհրաժեշտության որևէ բան անելու կարիք չունեն ու չեն էլ անում։

Խորհրդարանական ընդդիմությունը՝ նույնպես։ Նրանք, իհարկե, ուզում են վերադառնալ իշխանության, բայց՝ միայն նրա համար, որ իրե՛նք ոչինչ չանեն։ Իսկ եթե չի ստացվում՝ հոգ չէ։ Իրենք այսպես է՛լ վատ չեն զգում իրենց։ Ուտելիքը կա, «հարգանք-պատիվը» կա, քաղաքական գործունեության իմիտացիայի հնարավորությունը կա, նոր իշխանությունների հետ տակից համագործակցելու և իրենց փորձը կապիտալիզացնելու դաշտն օրեցօր ընդլայնվում է, այնպես որ՝ ամեն ինչ կարգին է։ Իրենց մնում է ընդամենը թեժ պահել ներքաղաքական վիճակը, որովհետև մարդ ես՝ մեկ էլ տեսար, սա մի նոր հիմարություն արեց, ու դրսից հրահանգեցին ակտիվանալ, բա պատրաստ չլինե՞ն «արտահերթ գործընթացների»։ Իսկ մինչ այդ կարելի է վայելել կյանքը, որովհետև ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Նիկոլ Փաշինյանի ցանկացած նոր քայլ իր անհեթեթությամբ պարզապես ստվերում է թողնում նախկինում իրենց արածները, ու սրանց համեմատ իրենք հրեշտակներ են թվում։

Ամենամեծ զավեշտն այն է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն այսքանից հետո դեռ ինչ-որ հույսեր է կապում Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան եռյակից որևէ մեկի հետ ու մատնոցախաղում ներքաշված միամիտի անհույս ջանքով փորձում է կռահել, թե հատկապես որ մատնոցի տակ է գնդակը։ Իրականում տարբերություն չկա, որովհետև մատնոցախաղին մասնակցողն ի սկզբանե պարտված է։ Առավել ևս՝ որ գնդակը վաղուց արդեն մատնոց «ֆռցնողների» գրպանում է։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ