Այսօր գործարար Սամվել Կարապետյանը, News.am-ի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Այս առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:
Վարչապետի ստատուսից հետո հայտնի է դարձել, որ հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։ Իսկ Aysor.am-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնել է, որ գործարարը Ուլնեցի փողոցում ձերբակալվել է:
«ՉԻ». Սա մեկը մեկին հիշեցրեց մեկ այլ գործարար Արկադի Վարդանյանի պատմությունը: Վերջինս 2000թ. աշնանը հենց ընդդիմադիր գործունեություն ծավալեց, Քոչարյանն անմիջապես ձերբակալել տվեց: Մինչև այդ, իհարկե, սպեզնազը մտել էր Վարդանյանի՝ Չարենցի փողոցում գտնվող առանձնատուն, խուզարկություններ կատարել, տունը տակնուվրա արել: Ամիսներ անց այդ գործարարին ազատ արձակեցին պայմանով, որ Հայաստանից հեռանա:
Հիմա Սամվել Կարապետյանը ոչ թե ընդդիմադիր գործունեություն է ծավալել, այլ ընդդիմադիր տեսակետ է հայտնել ու եկեղեցուն պաշտպանելու հայտ ներկայացրել: Ասելու ու ձերբակալվելու, կամ բերման ենթարկվելու միջև 1-2 ժամ է անցել: Բաց կթողնեն պայմանով, որ Հայաստանից հեռանա:
Սա ուղղակի այն մասին, թե ով ում հոգեզավակն է:
Թե չէ Նարեկ Մալյանն այնտեղ իրեն օրը 24 ժամ ճղում է, թե բա քոչարյանականներն ատամներով պահում են Նիկոլին: Հլը ու մի հատ չպահեին: Էդ ո՞վ իր հոգեզավակին չի պահի:
Վերջը, հենց այնպես չեն ասում, որ էծը էծի համար լավ է, քան մի սուրու ոչխարը: