...

Հազար հիմարներ քարը գցեցին փոսը ու ․․․ մոռացան

Հազար հիմարներ քարը գցեցին փոսը ու ․․․ մոռացան

Ժողովրդական ասացվածք կա՝ «մի հիմար քարը գցեց փոսը, հազար խելոքներ չկարողացան հանել»։ Մեր դեպքում իրավիճակն այլ է․ «մի քանի հիմարներ համատեղ ուժերով քարը գցեցին փոսը ու սկսեցին վիճել, թե իրենցից ով է ավելի հիմար»։ Ընդ որում՝ առանցքայինն այստեղ այն չէ, որ մի խումբ հիմարներ դա արել են համատեղ ուժերով, առանցքայինն այն է, որ «քարի» ճակատագիրն այլևս որևէ մեկին չի հետաքրքրում, իսկ հիմարներից յուրաքանչյուրի համար դա ընդամենը պատրվակ է՝ մյուսներին չեզոքացնելու և իշխանության հասնելու (կամ իշխանությունը պահպանելու) համար։

Հայկական Արցախն այլևս չկա, բայց ԼՂՀ-ն պաշտոնապես լուծարած ու «իրար փուռը տալով» մի կերպ Հայաստան հասած մի խումբ անհասկանալի պաշտոնյաներն ուզում են Հայաստանում Արցախի վտարանդի կառավարություն ստեղծել։ Դե կաբինետից-բանից կունենան, դռների վրա գրված կլինի «նախագահ», «պետնախարար» և այլն, օգնության փողերի մի մասն իրենք կտնօրինեն․․․ Մի խոսքով՝ զբաղմունք կունենան, ռոճիկ կստանան, մեկ-մեկ էլ կոշտ քաղաքական հայտարարություններ կանեն, սրա-նրա հրաժարականը կպահանջեն (ՄԱԿ գլխավոր քարտուղարի, Եվրամիության, Ալիևի, Փաշինյանի, ՖԻՖԱ-ի տնօրենի․․․ ի՞նչ տարբերություն)։ 

Բայց կրկեսի ժամանակը չէ, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են փաստացի պատերազմական վիճակում։ Ու հիմա տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը գնում է Գրանադա, աղջկան տանում «աշխարհ ցույց տալու» (համ էլ Եվրոպայում լիքը մանր-մունր կոմսություններ ու դքսություններ կան՝ ամեն մեկն իր չպսակված կոմսով ու դուքսով, մարդ ես, կպավ՝ կպավ), «ձեռի հետ» էլ ևս մի անգամ հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անկլավներն էլ հետը։ Հաջորդ օրը Ալիևը պահանջում է երեք անկլավները՝ «հայկական օկուպացիայի տակ գտնվող» 8 գյուղերով, մինչդեռ Նիկոլի քաղաքական թիմից մի բարձրաստիճան դդում հայտարարում է, թե անկլավները տալու մասին խոսք լինել չի կարող։ Հասկացա՞ք սրանց բթամտության ու անլրջության աստիճանը։ Համ ասում են, որ մեծ հաջողություն կհամարեն, եթե սահմանազատումն իրականացվի 1975 թ․ քարտեզներով, համ ֆիքսում են, որ ըստ այդ քարտեզների՝ այդ անկլավներն Ադրբեջան են, համ էլ ասում են «վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող»։ Իսկ ինչո՞ւ են այդպես վարվում։ Որովհետև սրանց ոչ արտաքին քաղաքականությունն է հետաքրքրում, ոչ պատերազմի ու խաղաղության թեման, սրանց հուզում է այն, թե ինչ «բլթացնեն», որ սոցկայքերում հնարավորինս շատ «լայք» ու «սրտիկ» հավաքեն։

Իսկ գուցե ընդդիմությո՞ւնն է ավելի լուրջ։ Բացարձակապես։ Սրանք էլ հայտարարում են, թե հենց որ այդ անկլավները վերադարձվեն՝ Հայաստանը կվերանա։ Այսինքն՝ անկլավները վերադարձնելը բացառված է, որովհետև դրանք մեզ «վիզ պետք են», ու անարդար կլինի, եթե վերադարձնենք։ Հասկացա՞ք անլրջության աստիճանը։ Նույն հաջողությամբ կարելի է հայտարարել, թե անարդար է, որ Հայաստանը նավթ ու գազ չունի, թող Ադրբեջանը հանքավայրերի կեսը մեզ տա, Ադրբեջանը կարող է հայտարարել՝ անարդար է, որ իրենք քաղցրահամ ջուր չունեն, թող Սևանի կեսն իրենց տանք, և այսպես շարունակ։ 

Նման իրավիճակում մեր փոխարեն ինչպե՞ս կվարվեր որևէ լուրջ պետություն, եթե իսկապես ձգտում է արժանապատիվ խաղաղության։ Նախ՝ կգիտակցեր, որ անկլավների թեմայով քննարկումներից այսպես թե այնպես խուսափել չի ստացվելու, և կփորձեր այդ հարցը լուծել, օրինակ, տարածքային փոխանակումներով, խնդիրը փոխկապակցելով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հետ, և այլն։ Բայց՝ չէ․ «վերադարձնելը ձև չի, որովհետև մեզ վիզ պետք ա» մոտեցումն ավելի շատ «լայքեր» ու «սրտիկներ» կհավաքի։ 

Իսկ Ադրբեջանը, հասկանալի է, այս անգամ էլ է փորձելու օգտվել Հայաստանում քաղաքական մտքի իսպառ բացակայությունից և ուժով վերցնել անկլավները։ Որովհետև «մեր ատամները հաշվել է» ու հասկացել, որ ոչ Նիկոլը դեմ կլինի դրան (կասի՝ «դե ես չէի ուզում տալ, զոռով վերցրեցին»), ոչ էլ ընդդիմությունը (չէ՞ որ դա կարող է ևս մի քայլով մոտեցնել Նիկոլին ռադ անելու պահը)։

Մի խոսքով, «հազար խելոքներ քարը գցեցին փոսը, ու որևէ մեկը չցանկացավ փնտրել այն խելոքին, որը գուցեև դեռ հնարավորություն ունի քարը հանել փոսից»։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   966 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ