...

Հիմա էլ՝ «ես անմեղ եմ, էմոցիաներն են մեղավոր»

Հիմա էլ՝ «ես անմեղ եմ, էմոցիաներն են մեղավոր»

«Ի վերջո ո՞ւմ հոգեզավակն է Նիկոլ Փաշինյանը» հարցը կարելի է վերջնականապես փակված համարել։ Նա ինքը խորհրդարանական ամբիոնից սպառիչ պատասխան տվեց՝ հայտարարելով, թե «մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվում», «44-օրյա պատերազմի ժամանակ մեր և ընդդիմության էմոցիաներն իրարից չէին տարբերվում», և պարզաբանեց՝ «մենք առաջնորդվում ենք, որ մեզ չասեն՝ դավաճան եք, բայց մենք դավաճանում ենք մեր երկրի պետական և ազգային շահերին»։ 

Իրականում միմյանցից չէին *(և չեն) տարբերվում Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության ոչ միայն էմոցիաները, այլև պրիմիտիվ բնազդները՝ իշխանությունն ամեն գնով պահպանելն ու վայելելը, չտեսնված ագահությամբ հարստություն կուտակելը և այլն, բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է․ ինչպես Քոչարյանն ու Սերժն էին դավաճանում պետական շահերին՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու փոխարեն առաջնորդվելով «Ստամբուլն արյան ծով դարձնելու» կամ «Բաքվում չայ խմելու» էմոցիոնալ կարգախոսներով, որպեսզի իրենց դավաճան չասեն, այնպես էլ ինքն էր ասում «Արցախը Հայաստան է, և վերջ» ու փաստորեն ճիշտ նույնպիսի դավաճանություն գործեց՝ ճիշտ նույնպիսի էմոցիոնալ մղումներով։ Ավելին՝ նա խոստովանում է, որ դավաճանի պիտակից խուսափելն իր միակ մտահոգությունն է եղել նաև 44-օրյա պատերազմից հետո (որովհետև «Նեմեսիսի» հուշակոթողի բացումը դրանից հետո է ծրագրվել ու իրականացվել)։ 

Եթե փորձենք համակարգել Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի ելույթները, պատկերը մոտավորապես հետևյալն է․

1․ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ խոստովանությամբ, դավաճանում է մեր պետական և ազգային շահերին, որովհետև վախենում է, որ «էմոցիոնալ հարթության մեջ» իրեն ու իր թիմին դավաճան կանվանեն։

2․ Նիկոլ Փաշինյանը դա անում է գիտակցաբար, որովհետև հենց ինքն է հայտարարում՝ «եկել է ժամանակը, որ մենք էմոցիոնալից վերածվենք պետական ժողովրդի»։

3․ Նիկոլ Փաշինյանն իր՝ պետության և ժողովրդի շահերին դավաճանելու մեղքը բարդում է ընդդիմության վրա ու հենց այդպես էլ ասում է՝ դո՛ւք եք մեղավոր, որ անընդհատ ինձ դավաճան եք ասում ու դրանով իսկ ինձ ստիպում հակառակն ապացուցել՝ ի վնաս պետական շահի։ Ինձ անընդհատ դավաճան չանվանեիք՝ ստիպված չէի լինի «ձեր ինադու» իրական դավաճանություն գործել։

4․ Նիկոլ Փաշինյանին ոչ թե «դավաճան» պիտակն է մտահոգում (դրանից նա բացարձակապես դիսկոմֆորտ չի զգում, ինչպես ինքն է ասում՝ վաղուց սովորել է), այլ այն, որ դավաճան հռչակվելու արդյունքում կզրկվի իշխանությունից։ Այսինքն՝ իր համար դա ոչ թե էմոցիոնալ հարց է, այլ իշխանությունը պահպանելու շատ պրագմատիկ խնդիր։ Ու եթե իրեն շարունակեն «դավաճան» անվանել՝ ինքն էլ կշարունակի վարվել նախկինների «էմոցիոնալ մոդելով», թեև շատ հստակ գիտակցում է, որ դրա արդյունքում «հայ ազգն, իհարկե, կմնա, բայց պետությունը կարող է և չլինել»։ Պարզ ասած, գործարք է առաջարկում․ ինձ դավաճանության մեջ մի մեղադրեք, թե չէ գիտակցաբար պետությունը կկործանեմ, բայց՝ դո՛ւք գիտեք, «ես նաղդ վարի տվող եմ», հետո չասեք՝ չէի զգուշացրել։

Ահա այսպես «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» պարզունակ շանտաժը ուղիղ 5 տարի անց դարձավ «կամ ես կմնամ վարչապետ ու ինչ ուզեմ՝ կանեմ, կամ Հայաստանը որպես պետություն գոյություն չի ունենա»։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   645 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ