Արդեն մի քանի տարի է, ինչ մեր հասարակության բացարձակ մեծամասնության համար ամենաառեղձվածային հարցը մնում է նույնը՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե՞ հիմար։ Նա էլ, իր հերթին, երկու հիմնական գործով է զբաղված․ առաջին՝ իր հրապարակային ելույթներով ապացուցել-հիմնավորել, որ ոչ թե դավաճան է, այլ հիմար («այն ժամանակ չէի հասկանում», «ընկալումներս դեռ չէին փոխվել», «այսօրվա գիտելիքը չունեի» և այլն), և երկրորդ՝ քանի որ երկու տարբերակների դեպքում էլ միակ տրամաբանական ելքը պիտի լինի պաշտոնանկությունը, հնարավոր բոլոր ձևերով դիմադրել (ընդդիմախոսների հալածանքներ, կալանավորումներ, ահաբեկման մթնոլորտ, գրպանի ուժայիններ, ֆեյքերի բանակներ և այլն)։
Ազգային ժողովում նրա արտասանած «ամփոփիչ ելույթը» նույնպես այդ տրամաբանության մեջ էր։ Առանձնացնենք ընդամենը երկու դրվագ։ Առաջին՝ եկեք համադրենք նույն հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տարբեր մտքերը (մեջբերումները բառացի չեն)։ Մի կողմից՝ «Ղարաբաղը մեր անկախության վզից կապված թոկ էր», «Ղարաբաղյան շարժումը Հայաստանի՝ անկախ պետություն չլինելու մասին էր», «Ղարաբաղն այն խայծն էր, որով մենք պիտի ընդմիշտ մնայինք այլ պետության գրպանում» և այլն, մյուս կողմից՝ «ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար»։ Զգացի՞ք տրամաբանական ճողվածքը։ Փաստորեն մարդն ասում է՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության վզին կապված թոկ կար, և ոչ մեկն իր չափ ջանքեր չի գործադրել, որպեսզի այդ թոկը հնարավորինս ամուր լինի։ Պարզ ասած, իր տրամաբանությամբ՝ կամ գիտակցաբար գործել է Հայաստանի իրական անկախության դեմ, կամ ժամանակին չի հասկացել, որ դա թոկ էր (այսինքն՝ հիմար է եղել)։ Իր սեփական տարբերակը՝ «հիմար եմ եղել»։ Երկրորդ օրինակը։ Մի կողմից՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», մյուս կողմից՝ «Ղարաբաղի անկախության թեման ֆե՛յք էր, ֆե՛յք»։ Եվ դարձյալ՝ ինքը կամ հանուն սեփական այսրոպեական վարկանիշի ֆեյք էր տարածում, կամ էլ՝ այն ժամանակ չգիտեր, որ դա «ֆեյք է», այսինքն՝ հիմար էր։ Եվ նորից իր սեփական տարբերակը երկրորդն է՝ «հիմար եմ եղել»։
Հիմա՝ «ամփոփիչ ելույթի» մյուս կարևոր դրվագը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում»։ Նիկոլ Փաշինյանը գուցե դեռևս բավարար չափով «նորաձև չի կրթվել» և տեղյակ չէ, որ այս կամ այն ուժերի՝ խորհրդարանում լինել-չլինելու հարցը ոչ թե ինքն է որոշում, այլ ժողովուրդը, բայց սա դեռ մի կողմ թողնենք։ 2018-ին տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան, որովհետև շատ լավ գիտեին, թե 20 տարի շարունակ այդ երկուսն ինչ այլանդակություններ են արել։ Հարց՝ ինչպե՞ս էր հնարավոր, որ ընդամենը 3 տարի անց այդ երկուսն իրենց առաջնորդած ուժերով կրկին հայտնվեն խորհրդարանում։ Դա հնարավոր էր միայն մի դեպքում՝ եթե նրանց հաջորդած «նիկոլական քայլիստները» տասնապատիկ ավելի մեծ այլանդակություններ գործեին ու հարյուրապատիկ ավելի մեծ աղետներ բերեին պետության ու ժողովրդի գլխին։ Փաստացի հենց դա էլ տեղի է ունեցել, հետևաբար՝ խորհրդարանում այդ ուժերի (անունը ինչ ուզում եք դրեք՝ «հանցագործներ», «թալանչիներ», «ազդեցության գործակալներ» և այլն) հայտնվելու միակ պատճառը Նիկոլ Փաշինյանն էր՝ իր գործած այլանդակություններով։ Հիմա ումի՞ց է բողոքում։
Մարկ Նշանյան
Հ․Գ․ Ասում է՝ 8 միլիարդ դոլարով զենք եմ առել, ուզո՞ւմ եք՝ գնանք, գնապիտակները ցույց տամ։ Սա ասում է մի մարդ, որի կեցավայրի սանհանգույցի նորոգման աստղաբաշխական ծախսերը թաքցվում են «հույժ գաղտնի» գրիֆով։ Գնապիտակները մեզ ինչո՞ւ ես ցույց տալիս, մեծացրու-տպել տուր, տար առաջնագծում մի բարձր ցուցանակի վրա կպցրու, որ գուցե ադրբեջանցիները վախենան, զորքերը ՀՀ տարածքից դուրս բերեն։