...

«Հիմար կկվի» ճանապարհային քարտեզը

«Հիմար կկվի» ճանապարհային քարտեզը

Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցը համարյա վերջնականապես լուծված է, Ռուսաստանը կոշտ նոտաներ է հղում Հայաստանին ու միաժամանակ մի քանի նոր ռազմական հենակետեր կառուցում մեր տարածքում, Հայաստանի իշխանություններն էլ ձևացնում են, թե իբր իրենք էլ են մասնակցում գործընթացներին, ու մի քանի «բուդկաներ» են տեղադրում Ադրբեջանից Հայաստան մտնող ճանապարհներին՝ անունը դնելով «սահմանային անցակետեր»․․․ 

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ։ Մեր «ախ դու կկու, հիմար կկու»-ն արդեն «առաջին ձագին» զոհաբերել է, հիմա երկրորդին է զոհաբերում ու հույս ունի երրորդին փրկել թփերում թաքնված շան միջոցով, որն իբր պատժելու է աղվեսին, ու չի հասկանում, որ իրականում «շունն ու աղվեսը» լավ էլ համաձայնեցված են գործում և կիսելու են ձագերին, իսկ թե կիսելու ընթացքում իրար մի թեթև կճանկռտեն, թե ոչ՝ արդեն էական չէ։ 

Իսկ «հիմար» բնորոշումը շատ պարզ բացատրություն ունի։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի «ծրագիրն» ի սկզբանե անհեթեթ էր՝ պատերազմի միջոցով վերջնականապես ձերբազատվել Արցախից, դրանով իսկ վերացնել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների՝ իր կարծիքով հիմնական կնճիռը, «խաղաղության դարաշրջան» բացել և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելով՝ որպես «ժողովրդավարության բաստիոն» ինտեգրվել Արևմուտքին։ Ընդ որում՝ դրա համար նա այնպիսի գին վճարեց, որը վճարելու իրավունք չուներ․ զոհաբերեց մի ամբողջ սերունդ՝ զուտ նրա համար, որ իրեն դավաճան չասեն, թեև, իր իսկ խոստովանությամբ, կարող էր չանել դա։ Իսկ արդյունքը տրամագծորեն հակառակն է՝ Ռուսաստանը շատ ավելի հիմնավորապես է հաստատվում Հայաստանում ու բացահայտորեն արհամարհում մեր ինքնիշխանությունը։ Հարց՝ իսկ ուրիշ ի՞նչ անվանել մեկին, ով իր առջև անհեթեթ խնդիր է դնում, վճարում ահռելի գին ու ստանում հակառակ արդյունքը։

Հիմա՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նիկոլ Փաշինյանը փորձում է կիրառել նույն հնարքը, որն օգտագործեց Արցախը հանձնելու ժամանակ։ Այն ժամանակ նա հարցը ներկայացրեց այնպես, թե ինքը ոչինչ էլ չի հանձնել, ադրբեջանցիներն են գրավել, իսկ տակը ինչ մնացել է՝ ինքը ոչ թե Ադրբեջանին է հանձնել, այլ Ռուսաստանին։ Հիմա էլ միջանցքի դեպքում է փորձում հարցն այնպես ներկայացնել, թե իբր ոչ թե Ադրբեջանին է հանձնում, այլ Ռուսաստանին։ Ընդ որում՝ ռուսները դեմ չեն, և եթե ստացվի՝ Նիկոլը դա կներկայացնի որպես մեծ հաղթանակ («տեսա՞ք, որ քարտեզով ՀՀ տարածք է, հետո՞ ինչ, որ Ռուսաստանն է վերահսկում»)։ 

Ի դեպ, Ադրբեջանն ու Թուրքիան ծայրահեղ դեպքում կարող են նաև այդ տարբերակին համաձայնվել։ Այս փուլում նրանք Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ ունեն և շատ չեն նեղվի, եթե միջանցքը ռուսները վերահսկեն։ Բայց հասկանալի է, որ ցանկացած պահի կարող են հենց իրենք էլ փակել միջանցքը, որովհետև ինչո՞ւ պիտի բեռները տեղափոխեն Հայաստանով՝ ռուսների վերահսկողությամբ, եթե կարելի է նույնն անել Վրաստանով՝ առանց ռուսների վերահսկողության։ Սա, ի դեպ, վերաբերում է նաև Նիկոլի կողմից «էստիհամեցեքացվող» մյուս ճանապարհներին. չէ՞ որ Նիկոլը դրանց անվտանգությունը նույնպես պատվիրակել է «ռուս գործընկերներին»։

Արդյունքն այն է, որ այսօր ճանապարհների ու միջանցքների հարցը քննարկվում է բացառապես ռուս-թուրք-ադրբեջանական տիրույթում, Հայաստանի կարծիքը չեն էլ հարցնում՝ գոնե ձևի համար։ Իսկ մենք դեռ քննարկում ենք՝ այ եթե «Լաչինի նոր միջանցքը» մի 500 մետր էս կողմ լիներ, եթե ճանապարհը շուտ կառուցած լինեինք․․․ Ի՞նչ տարբերություն, եթե ադրբեջանցիներն ու ռուսները համատեղ են վերահսկելու, իսկ մենք ընդամենը սուսուփուս վերահսկվողի դերում ենք լինելու։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ