...

Հորթային հրճվանքով հանձնվող երկիրը

Հորթային հրճվանքով հանձնվող երկիրը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը, այսպես ասենք, այնքան էլ շարքային «ուսապարկ» չէ և Նիկոլ Փաշինյանի «գաղափարական թիմի» առանցքային դեմքերից մեկն է, հրապարակել է իր՝ դեռևս 2011-ին արված ֆեյսբուքյան գրառումը․ «Զարմանում եմ մարդկանց վրա, որոնք հորթի ուրախությամբ են լցվում, երբ Սերժը խնդիրներ ա ունենում Ղարաբաղի հարցում»։ Իմաստը հասկանալի է․ մենք բոլորս գտնվում ենք նույն նավում, և եթե նավապետը ձախողվում է՝ չարժե ուրախանալ, որովհետև տուժելու ենք բոլորս։

Արայիկ Հարությունյանը, անկախ իրենից, շատ կարևոր հարց է բարձրացրել։ Թե ինչու 12 տարի ուշացումով՝ պարզ է։ Բումերանգը վերադարձել է 12 տարի անց, ու Նիկոլի «գաղափարական թիմը» հանկարծ հասկացել է, որ ժամանակն է հիշեցնել այդ քաղաքական գործիքի վտանգավորության մասին։ Ընդ որում՝ Նիկոլի «գաղափարական թիմի» ամենաամբողջական ֆիգուրներից մեկը (ո՛չ երկրաչափական իմաստով) ոչ միայն կարևոր հարց է բարձրացրել, այլև, պատկերացրեք, մասամբ իրավացի է։ Իսկապես՝ այսօր էլ Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք «հորթային ուրախությամբ են լցվում», երբ «Նիկոլը խնդրներ ա ունենում Ղարաբաղի հարցում»։ 

Բայց եկեք հասկանանք, թե ովքե՞ր են այդ մարդիկ, և որքանո՞վ են նրանք բազմաթիվ։ Ասենք՝ եթե Նիկոլը շարունակի իր տխմար հանձնվողականությունը, արդյունքում՝ ոչ մի «համապարփակ խաղաղություն» էլ չստանանք, մտնենք նոր պատերազմի մեջ, ևս մի քանի հազար զոհ տանք ու նոր տարածքներ կորցնենք, դրանից ովքե՞ր են շահելու։ ՀՀ շարքային քաղաքացիները դրանից հաստատ ոչինչ չեն շահելու, որովհետև պարտությունն ամրագրող «խաղաղության համաձայնագրի» պայմաններն այնքան դաժան են լինելու, որ իրենք ստիպված են լինելու կամ արտագաղթել, կամ իրենց վաստակի կեսից ավելին վճարել որպես ռազմատուգանք։ Հազարավոր զոհերի ընտանիքները նույնպես ոչինչ չեն շահելու։ Կորսված տարածքների բնակիչները՝ նույնպես։ ՔՊ-ական վերնախավի մասին չարժե խոսել․ այդ մի քանի հարյուր հոգանոց կենսազանգվածի մի մասը կհասցնի փախչել, մյուս մասը կհասցնի ճիշտ ժամանակին դառնալ «ռոբական» կամ «սերժական» ու կփրկի սեփական կաշին։ Եվս մի քանի հազար հոգի կարող են հույս ունենալ, որ Նիկոլի՝ «գնդակահարության պատի տակ կանգնելուց» հետո կհայտնվեն նոր ձևավորվելիք իշխանական համակարգում (անկախ նրանից, թե քանի հազար քկմ տարածքի վրա կտարածվի այդ իշխանությունը) և այդպիսով կտրուկ կբարձրացնեն սեփական բարեկեցության մակարդակը։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի «ձախողումները» հորթային հրճվանք են պատճառում Հայաստանում ապրողների ընդամենը 0,5 տոկոսին՝ նրանց, ովքեր կարծում են, թե այդ ձախողումներից իրենք «քյար» ունեն կամ կարող են ունենալ։ Իսկ հասարակության 99,5 տոկոսին Նիկոլի ձախողումները ոչ թե հրճվանք են պատճառում, այլ կատաղեցնում են, որովհետև դրա գինն իրե՛նք են վճարելու։ Այդ թվում՝ նաև ՔՊ-ական «շուստրիների» ապագա կոնսպիրատիվ բարեկեցության համար։ Որևէ արևադարձային կղզում կամ «եվրոպական հանդարտ, աննկատ քաղաքում, որտեղ ձյունածածկ փողոցների գիշերային լապտերների գցած լուռ ստվերներն անգամ հիշեցնում են արժանապատիվ լեռները Հայոց»։ 

Բայց Նիկոլի «գաղափարական թիմի» ամենաամբողջական ֆիգուրին, հասկանում եք, մտահոգում են ոչ թե շեֆի «ձախողումները» (ինչպիսի քնքույշ ձևակերպում), այլ դրանով հրճվողները։ Որովհետև այդ ձախողումներից իրենք առանձնապես չեն տուժելու, իսկ ահա «հրճվողները» կարող են կազմակերպել դժգոհների ընդվզումը, և այդ դեպքում ուսապարկերի բիոզանգվածը կարող է զրկվել անգամ կոնսպիրատիվ բարեկեցության հեռանկարից։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   835 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ