...

Հրդեհի ու Տրնդեզի տարբերությունը

Հրդեհի ու Տրնդեզի տարբերությունը

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է բացառապես «իրական Հայաստանի» կամ 29 743 քկմ տարածքով Հայաստանի Հանրապետության պետական շահերով առաջնորդվելու մասին, մարդիկ ենթագիտակցորեն լարվում են։ Ինչո՞ւ։ Որովհետև իր վարչապետության 7 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչ ասել է՝ հակառակն է արել։ Ոչ թե պարզապես ուրիշ բան է արել, այլ տրամագծորեն հակառակ բանը, ընդ որում՝ բոլոր ոլորտներում։ Օրինակ՝ ասել է «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հետո ճանաչել այն Ադրբեջանի կազմում, խոստացել էր կառավարության գործունեության թափանցիկություն, բայց համարյա բոլոր որոշումները (հատկապես՝ լուրջ ծախսեր ենթադրող) կայացնում է գաղտնի կամ չզեկուցվող ընթացակարգերով, խոստացել էր արմատախիլ անել կոռուպցիան, բայց իր երբեմնի «չփլախ» թիմակիցները դարձել են մեծահարուստներ, Հայաստանի վերցրած բազմամիլիարդանոց արտաքին պարտքի հետքերն էլ հնարավոր չէ գտնել, խոստացել էր պայքարել «բաջանաղապետության» դեմ՝ իր և կնոջ շատից-քչից տառաճանաչ ազգականները առանցքային պաշտոններ են զբաղեցնում, խոստացել էր պայքարել «պադավատապետության» դեմ՝ իր և տիկնոջ շարասյուները նախորդներին գերազանցում են և՛ թվով, և՛ շքեղությամբ, խոստացել էր պայքարել «կարմիր գծերի» ու արագաչափերի դեմ՝ «կարմիր գծերը» թանկացել են 13 անգամ, արագաչափերի թիվն էլ էապես ավելացել է, և այլն։ Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական նոու-հաուն է՝ ասել մի բան և անել տրամագծորեն հակառակը։

Բնականաբար՝ երբ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե առաջնորդվում է բացառապես ՀՀ շահերով, մարդկանց առաջին ռեակցիան լինում է հետևյալը․ «ուրեմն հաստատ ում շահերով ասես առաջնորդվում է՝ բացի ՀՀ-ից»։ Պատահական չէ, որ գնալով ավելի ու ավելի լայն տարածում է ստանում այն վարկած-գնահատականը, որ եթե մեր թշնամիներին հաջողվեր ՀՀ-ում իշխանության բերել իրենց լրտեսին և նրա միջոցով Հայաստանը ծառայեցնել իրենց շահերին (վերջում, իհարկե, «ուտիլիզացնելով»՝ ինչպես սովորաբար վարվում են իրենց դերը կատարած գործիքների հետ), ապա այդ լրտեսը կկատարեր ճիշտ և ճիշտ այն քայլերը, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը 2018-ից հետո ու շարունակում է կատարել։

Միանգամից ասենք՝ խոսքն արևմտամետ (թուրքամետ) կամ ռուսամետ լինելու մասին չէ։ Ի վերջո՝ մեր քաղաքական դաշտի և՛ արևմտամետ, և՛ ռուսամետ հատվածները կարող են իրենց գործողություններում առաջնորդվել հայկական շահերով, պարզապես մի մասը կարող է համարել, որ այդ շահերի սպասարկումը հնարավոր է միայն Արևմուտքի աջակցությամբ, իսկ մյուս մասը կգերադասի Ռուսաստանի աջակցությունը։ Ամեն դեպքում՝ նրանց կարող է միավորել հայկական շահերով առաջնորդվելու ցանկությունը։ Եվ այդ նույն ընդհանուր ցանկությունը հստակ գիծ կքաշի համարյա ամբողջ քաղաքական դաշտի և Նիկոլ Փաշինյանի միջև, որովհետև վերջինս առաջնորդվում է ոչ թե Հայաստանի, այլ ուրիշ երկրի կամ երկրների շահերով։ 

Պատկերացրեք՝ տանը հրդեհ է, ընդ որում՝ հայտնի է, թե ով է հրդեհել, նա չի էլ թաքցնում, հակառակը՝ հպարտանում է, դա ներկայացնում է որպես ճիշտ որոշում, թույլ չի տալիս մարել հրդեհը ու «տնեցիներին» էլ խոստանում է, որ հրդեհը նախասրահից մյուս սենյակներ չի տարածվի, և հորդորում է վայելել տաքությունը, զվարճանալ, կրակի վրա ձրի խորոված անել ու «ֆեստիվառ» կազմակերպել, և այլն։ Իսկ մյուս բոլորը ցանկանում են մարել հրդեհը, բայց լուրջ տարաձայնություններ ունեն, թե մարելուց հետո ինչ նախագծով պիտի վերականգնեն տունը։ Ի՞նչ պիտի անեն այդ «մյուս բոլորը»։ Ճիշտ է, առաջին հերթին պիտի հեռացնեն նրան, ով իրենց խանգարում է մարել հրդեհը, հետո պիտի ժամանակավորապես մի կողմ դնեն տարաձայնությունները, հրդեհը մարեն ու միայն դրանից հետո քննարկեն վերականգնման նախագծերը։ Որովհետև քաղաքական դաշտի հիմնական տարաձայնությունը կամ բաժանարար գիծը ոչ թե այն է, թե ինչ նախագծով վերացնել հրդեհի հետևանքները, այլ այն, որ մի մասն ուզում է մարել հրդեհը, իսկ մյուս մասին դա չի հետաքրքրում։

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Ինչո՞ւ է այս թեման չափազանց կարևոր։ Որովհետև իշխանական քարոզիչներն այս օրերին «վերին հրահանգով» հարձակվել են ընդդիմադիր ուժերի վրա ու աջուձախ բոլորին մեղադրում են «անսկզբունքայնության» մեջ՝ իբր «էս չլինի՞ թե ուզում եք համագործակցել»,  «բա ի՞նչ էղան ձեր տարաձայնությունները», և այլն։ «Սկզբունքայիններ» ջան, գոնե գիտե՞ք, որ դրանով ոչ թե Նիկոլին եք պաշտպանում, այլ այն երկրին կամ երկրներին, որոնց շահերով առաջնորդվելով էլ Նիկոլը գիտակցաբար հրդեհել է մեր ու ձեր ընդհանուր տան առնվազն մի մասը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   230 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ