...

Ինչո՞ւ չի կայանում «համազգային միասնությունը»

Ինչո՞ւ չի կայանում «համազգային միասնությունը»

Այս օրերին ամենատարածված արտահայտությունը «համազգային միասնությունն» է, հռչակված նպատակը՝ համախմբվելն ու այս իշխանություններին վռնդելը։ Բայց այդ խոսակցություններն ավելի շատ բաժակաճառ են հիշեցնում, որովհետև մեկն ասում է «լիդեր չկա», մյուսը՝ «գաղափարախոսություն չկա», երրորդը՝ «ծրագիր չկա», չորրորդը՝ «ռեսուրս չկա», և այլն։ 

Իրականում ամեն ինչ էլ կա։ Ավելին՝ պետք չէ հեծանիվ հորինել, համախմբվելու բանաձևն էլ է հայտնի, քայլերի հերթականությունն էլ։ 1․ Պայմանավորվել, որ պետք է երկիրը նվազագույն կորուստներով դուրս բերել ծանր վիճակից։ Ուշադրություն դարձրեք՝ որևէ ողջամիտ մարդ չի կարող դեմ լինել այս սկզբունքին։ Հո չե՞ն ասելու «չէ, մենք ուզում ենք երկիրն այս վիճակից դուրս բերել ոչ թե նվազագույն, այլ առավելագույն կորուստներով», կամ՝ «իսկ ո՞վ է ասել, որ երկիրը վատ վիճակում է, ամեն ինչ շատ լավ է, հետևաբար՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու կարիք չկա»։ 2․ Քանի որ առաջ շարժվելու մի քանի ուղղություններ կան՝ անձնական և կուսակցական ամբիցիաները մի կողմ դնել, քննարկել, թե դրանցից որն է պակաս ռիսկային, որն է ապահովում նվազագույն ցավոտ լուծումներ, և պայմանավորվել, որ բոլորը միասնաբար գնալու են հենց այդ ճանապարհով՝ անկախ նրանից, անձնապես համաձա՞յն են, որ դա է ամենաօպտիմալ լուծումը, թե ոչ։ 3․ Մշակել դրա վրա հիմնված հստակ ծրագիր, ներկայացնել հանրությանը, անհրաժեշտության դեպքում՝ մարդկանց դուրս բերել փողոց և հեռացնել այս պատուհասներին։ 

Պրոբլեմն այն է, որ հենց առաջին կե՛տը չի հաջողվում իրականացնել, հետևաբար՝ հերթը մյուս կետերին չի էլ հասնում։ Իսկ առաջին կետը չի հաջողվում, որովհետև քաղաքական լիդերների մեծամասնությունը ձգտում է ոչ թե երկիրը նվազագույն կորուստներով դուրս բերել ստեղծված իրավիճակից, այլ ի՛նքը նվազագույն կորուստներով կամ առավելագույնս շահած դուրս գալ այդ նույն իրավիճակից։ Չէ, համատեղ գործողություններին որևէ մեկը կարծես թե դեմ չէ, պարզապես ամեն մեկը համախմբումը պատկերացնում է հայտնի մուլտֆիլմի Մատրոսկին կատվի պես՝ «համատեղ աշխատանքը՝ իմ օգտին, միավորում է»։ 

Սա վերաբերում է և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը։ Ակնհայտ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանին ավելի շատ ոչ թե երկիրն այս վիճակից դուրս բերելն է հետաքրքրում, այլ այն, որ անձամբ ի՛նքը նվազագույն կորուստներով դուրս գա այս վիճակից։ «Գնդակահարության պատի տակ կանգնելու» խոսքերը լուրջ մի ընդունեք, դա վկայում է ոչ թե նրա պատրաստակամության, այլ վախերի մասին, որովհետև նրա ուշքն ու միտքն այդ հեռանկարն է, ու ինչից ուզում է խոսել՝ ենթագիտակցորեն գալիս-հանգում է այդ խոսույթին։  

Ընդդիմությունն էլ իր հերթին է փորձում շահած դուրս գալ այս ծանրագույն վիճակից, ու սա վերաբերում է և՛ «ռուսամետներին», և՛ «արևմտամետներին»։ Ասենք՝ ռուսները հերթական ղալաթն են անում (թույլ են տալիս, որ Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքը), ու «արևմտամետները» ուրախությունից բոցկլտացող աչքերով նետվում են տեսախցիկների առջև՝ ազդարարելու, թե ինչ վատն են «սպիտակ թուրքերը», ինչ լավն է Արևմուտքը, և ընդհանրապես՝ ժողովուրդը պիտի իշխանությունը տա իրենց։ Հետո Արևմուտքն է ինչ-որ ղալաթ անում (Ադրբեջանի ագրեսիան չի դատապարտում, այդ երկիրը համարում է «հուսալի գործընկեր», Արցախի ինքնորոշման իրավունքի մասին ընդհանրապես չի խոսում), ու «ռուսամետները» ճիշտ նույնպիսի վառվռուն աչքերով և ճիշտ նույնպիսի ցնծությամբ Արևմուտքին են հայհոյում ու հանգում նույն եզրակացությանը՝ ժողովուրդն իշխանությունը պիտի տա իրենց։ Սկզբունքը նույնն է․ պետության դեմ ինչ-որ վատ բան է կատարվում, բայց անձամբ իրենց համար դա լավ է, որովհետև եթե ժողովուրդն ուզում է կանխել այդ «ինչ-որ վատ բանը»՝ պիտի համախմբվի կոնկրետ իրենց շուրջ։

Այսքանից հետո կարիք կա՞ զարմանալու, որ ժողովրդի մի մասն էլ իր հերթին է առաջնորդվում նույն սկզբունքով՝ առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Ասենք՝ «քանի մամենդ ա, տներս ռեմոնտ անեմ, թանգով տամ ռսներին», կամ «ծախեմ-էթամ Ամերիկա»։ Իսկ սեփական ապագան միայն Հայաստանում պատկերացնող մեծամասնությունը (այո, այնուամենայնիվ մեծամասնությունը) դեռ հույս ունի, որ ողջամտությունն ամեն դեպքում կհաղթի, ու համախմբումը կկայանա։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1215 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ