...

Ինչո՞ւ է բոլորին ձեռնտու անցյալի խեղաթյուրումը

Ինչո՞ւ է բոլորին ձեռնտու անցյալի խեղաթյուրումը

Նկատե՞լ եք, թե վերջերս ինչ թեժությամբ են վերսկսվել 1997թ․ իրադարձությունների շուրջ բանավեճերը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա «լևոնականների» և «ոչմիթիզականների» միջև հերթական լեզվակռիվն է, ընդ որում՝ բացարձակապես անիմաստ, որովհետև այսօրվա լրջագույն պրոբլեմները թողած՝ դրել ու 25-26 տարվա վաղեմության «բուրդն են գզում»։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից, որովհետև իրականում այդ բանավեճն այսօրվա մասին է։ Եվ ահա թե ինչու։

44-օրյա աղետաբեր պատերազմը պիտի որ որևէ կասկած չթողներ՝ 1997-ին արժանապատիվ խաղաղության հասնելու հնարավորությունը մերժելը ճակատագրական սխալ էր և վաղ թե ուշ անխուսափելիորեն հանգեցնելու էր այսօրվա վիճակին։ Բայց հրապարակավ դա ընդունելը կնշանակեր ընդունել նաև սեփական մեղքը (եթե ոչ գիտակցված հանցանքը), իսկ այսօրվա «տիտղոսակիր ընդդիմությունը»՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը և մյուսները, դա իրեն թույլ տալ չի կարող։ Մնում է միայն մի տարբերակ․ հետին թվով «հիմնավորել», որ 1997-ին Ադրբեջանը, միևնույն է, չէր ստորագրելու խաղաղության պայմանագիրը, հետևաբար՝ իրենք ոչ մի սխալ էլ չեն գործել։ Սա, ի դեպ, նշանակում է լուրջ չընդունել սեփական հաղթանակը և չհավատալ այդ հաղթանակին, այսինքն՝ դասական իմաստով պարտվողականություն է, բայց դա դեռ մի կողմ թողնենք։ Վերջերս էլ «Ադրբեջանը, միևնույն է, չէր համաձայնվելու» ոչնչով չհիմնավորված պնդմանը ևս մի շտրիխ է ավելացել, ըստ որի՝ ռուսները նույնպես ոչ մի դեպքում խաղաղություն թույլ չէին տա, ու եթե ուրիշ ճար չունենային՝ «վերջին վարիանտ» Հայաստանում քաղաքացիական պատերազմ կհրահրեին և այդ ճանապարհով կտապալեին «խաղաղության կուսակցության» իշխանությունը։ Ուշադրություն դարձրեք՝ իրադարձությունների այսօրինակ մեկնաբանությունը նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը «պա լյուբոմու» սխալ էր, որովհետև իբր նախաձեռնել էր մի գործընթաց, որը հաջողության հասնելու շանսեր չուներ։ 

Բայց ի՞նչ կապ ունի դա այսօրվա հետ։ Բանն այն է, որ այդ «թեզը» գործնականում միայն մի բան է նշանակում․ հանրային գիտակցության մեջ արմատավորվում է այն միտքը, որ հայկական կողմի հաղթանակի պայմաններում խաղաղության հասնել հնարավոր չէր։ Հարց է ծագում՝ ուրեմն ո՞ր դեպքում էր հնարավոր։ Տարբերակներն առանձնապես շատ չեն։ Առաջին՝ Ադրբեջանի հաղթանակի դեպքում (եթե Ադրբեջանը հաղթի, Հայաստանից վերցնի այն ամենն, ինչ իրեն պետք է, ու «մեծահոգաբար» համաձայնվի խաղաղության՝ իր պայմաններով), երկրորդ՝ եթե կողմերից մեկը ոչ թե հաղթի, այլ աշխարհի երեսից ջնջի մյուսին (պարզ ասած՝ կամ մենք գրավենք Բաքուն ու Անկարան, կամ թուրքերն ու ադրբեջանցիները համատեղ ուժերով գրավեն Երևանը)։ 

Հատկանշական է, որ հետին թվով արժանապատիվ խաղաղության անգամ տեսական հնարավորության մերժումը ձեռնտու է և՛ «տիտղոսակիր ընդդիմությանը», և՛ օրվա իշխանություններին։ «Տիտղոսակիր ընդդիմությանը» ձեռնտու է, որովհետև այդպիսով ստացվում է, որ իրենք 1997-ին ոչ մի հանցանք էլ չեն գործել, իսկ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որովհետև շատ հանգիստ կարող է արդարանալ (և արդարանում է), թե «դե բա հո հարյուրամյակներով պատերազմական վիճակում չէի՞նք մնալու, եթե մեր հաղթանակով խաղաղություն չի հաստատվում՝ ուրեմն թող նրա՛նց հաղթանակով հաստատվի, իսկ մեզ ոչ հաղթանակներ են պետք, ոչ բանակ, որովհետև եթե հաղթելուց օգուտ չկա՝ հաղթում ենք, որ ի՞նչ անենք»։ 

Ու հենց սա է պատճառը, որ այսօր՝ 25-26 տարի անց, 1997-ի իրադարձությունները մեծ եռանդով «վերլուծում» ու հաճույքով խեղաթյուրում են և՛ նախկինները, և՛ Նիկոլ Փաշինյանը։ Նախկիններն այդ կերպ իրենց նախկին հանցանքն են արդարացնում, ներկաները՝ իրենց այսօրվա հանցավոր քաղաքականությունը։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2069 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ