...

Ինչո՞ւ էր Ադրբեջանը պատերազմ սկսել. մի փոքր սպրավոչկա

Ինչո՞ւ էր Ադրբեջանը պատերազմ սկսել. մի փոքր սպրավոչկա

Այսօր Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, ասել է. «Ուզում եմ նաև ընդգծել, որ չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: 

Ընդհանուր առմամբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն-ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում»:

Նախ, մի կարևոր դիտարկում: Ադրբեջանը իր ագրեսիվ գործողությունները կամ պատերազմ սանձազերծելը չի պայմանավորում նրանով, թե Հայաստանում ով, ինչ է խոսում: Ընդհանրապես, ցանկացած երկիր, որը մտադիր է պատերազմել, ինչ-որ հաշվարկներ է անում: Հաշվարկում է իր տնտեսական, ռազմական պոտենցիալը, ունեցած ռեսուրսները, աշխարհաքաղաքական իրավիճակը, միջազգային-իրավական նորմերը, վերլուծում է պատերազմի հնարավոր հետևանքները, նույնկերպ վերլուծում է թիրախ հանդիսացող երկրի ռազմատնտեսական պոտենցիալը, ռեսուրսները, աշխարհաքաղաքական դիրքերը, միջազգային կապերը և բազմաթիվ այլ դետալներ: Նաև երկրների դեմոգրաֆիական պատկերը, նույնիսկ, թե ով է երկրի ղեկավարը կամ իշխող ուժը: Այս ամենը վերլուծում են, համադրում են, համեմատում են և ստացված արդյունքների հիման վրա որոշում են պատերազմի նպատակահարմարության հարցը:

Ադրբեջանը հենց այդպես է արել: Այլ ոչ թե մտել է մեր համացանց, տեսնի՝ Հրանտ Բագրատյանն ինչ է ասել, Դաշնակցությունն ինչ է հայտարարել, Քոչարյանի համակիրները ինչ լուրեր են տարածել: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, հասկանալի է, ակնարկում է Հրանտ Բագրատյանին, որը 2020-ի ամռանը հարցազրույցում ասել էր, թե Ալիևի տեղը լիներ, մի երեք ամսից կհարձակվեր: Ու Ալիևն էլ, տեսնելով այդ հարցազրույցը, ասել է՝ հա, դե որ Բագրատյանը սենց բան է ասում, եկեք հարձակվենք: 

Բայց չէ՞ որ Բագրատյանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ»: Այսինքն՝ Ալիևը, դա լսելով, պիտի ասեր՝ վայ քու, լավ չեղավ, դե որ սենց բան է ասել, խաչ քաշենք Արցախի վրա: Բայց, չգիտես ինչու, հարձակվել է: Ստացվում է, որ Ալիևի համար Նիկոլի խոսքերը արժեք չունեն, իսկ Բագրատյանինը՝ ունեն: Եթե այդ տեսանկյունից հարցին մոտենանք:

Մինչդեռ, եթե ուզում եք իմանալ, Փաշինյանի այդ խոսքը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Ալիևին հազարապատիկ ավելի շատ ինֆորմացիա և համապատասխան եզրահանգումների տեղիք է տվել, քան Բագրատյանի հայտարարությունը, ընդդիմության մեդիատեռորը, տարատեսակ ստահոդ լուրերի տարածումը: Որովհետև Ալիևը Փաշինյանի այս խոսքից եզրակացրել է, որ Նիկոլը միջազգային հարաբերություններից բան չի հասկանում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից հրաժարվում է, ու իր, այսինքն՝ Ալիևի ձեռքը հաղթաթուղթ է տալիս, որը Ալիևը հաճույքով ընդունել է: Եվ հետո այդ հաղթաթուղթը որպես պատերազմ սկսելու հիմք է ներկայացրել: 

Ձեզ ավելին ասենք. Ադրբեջանն ու Թուրքիան այս պատերազմը սանձազերծելիս հաշվի են առել նաև Նիկոլ Փաշինյանի անձի գործոնը: Հաստատ քաղաքագետներով, հոգեբաններով, վերլուծաբաններով, ամիսներ շարունակ Նիկոլի նույնիսկ ամենավերջին ատամը ուսումնասիրել են: Նրա բնավորությունը, մտահորիզոնը, հոգեկերտվածքը, կազմակերպչական ունակությունները, երկրի ղեկավարին բնորոշ հատկանիշների առկայությունը, ճգնաժամային պահերին որոշումներ կայացնելու արդյունավետությունն ու համարձակությունը, ծանր իրավիճակներում սթափություն և զսպվածություն պահպանելու ունակությունը: Այս ամենը ուսումնասիրելուց հետո եկել են այն որոշման, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի դեմ կարելի է հարձակվել: 

Այնպես որ՝ Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, թուրքի գործակալներ, մեդիատեռորիստներ... սրանք արդեն հնացած մեղադրանքներ են: Բան չունենք ասելու, իսկապես կարող են Հայաստանում լինել ուժեր, որոնք շահագրգռված են երկրի ապակայունացմամբ, որոնք սպասում են իրավիճակի էլ ավելի վատթարացմանը, որպեսզի դրանից ինչ-ինչ օգուտներ քաղեն: Կան, դրանք միշտ էլ եղել են, բայց դա որևէ կերպ չի արդարացնում այն ճակատագրական սխալները, որոնք արել է Նիկոլ Փաշինյանը ու որի արդյունքում մենք այս օրն ենք ընկել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ