...

Ինքնակամ «գնդակահարության պատի տակ կանգնելու» հրամայականը

Ինքնակամ «գնդակահարության պատի տակ կանգնելու» հրամայականը

Սյունիքում ընդամենը ժամանակավոր հրադադար է։ Ժամանակավոր, որովհետև բախումներ հրահրած կողմերն իրենց վերջնական նպատակին չեն հասել։ Մենք հիշում ենք, չէ՞, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ մի քանի անգամ հրադադարի համաձայնություն ձեռք բերվեց ու անմիջապես էլ խախտվեց, իսկ պատերազմը դադարեցվեց միայն այն ժամանակ, երբ հիմնական դերակատարները համարեցին, որ իրենց նպատակին հասել են։ Նույն վիճակն էլ հիմա է։

Ի՞նչ պիտի անի Հայաստանն այս իրավիճակում։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը քննարկելն անիմաստ է։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչ-որ բաներ պիտի զիջի, բայց որպեսզի իրեն դավաճան չասեն՝ գերադասում է դա անել մեր զինվորների արյան հաշվին։ Ըստ երևույթին նա հասկանում է նաև, որ այս իրավիճակի պատճառն իր բացարձակ ապաշնորհությունն է, և երկիրն այս վիճակից դուրս բերել կարող են միայն նորմալ իշխանությունները, բայց քանի որ նորմալ իշխանություններ ունենալն անձամբ իր մոտ ասոցացվում է «գնդակահարության պատի տակ կանգնելու» հեռանկարի հետ՝ նա մինչև վերջ դիմադրելու է, և այդ ընթացքում նորանոր անդառնալի կորուստներ ենք ունենալու։

Ի՞նչ անել։ Առաջին հերթին՝ ստեղծել պետական կառույց, դրանում ներգրավել պետական ու ռազմական կառավարման մեծ փորձառություն ունեցող անհատներին (անկախ քաղաքական հայացքներից) և մշակել ու իրականացնել այն քայլերը, որոնք մեզ թույլ կտան այս վիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Անունը կարելի է դնել «Ռազմաքաղաքական բարձրագույն խորհուրդ», «Պաշտպանության պետական կոմիտե» և այլն, դա էական չէ։ Նիկոլ Փաշինյանն ինքը պիտի անի դա ու մի կողմ քաշվի՝ մինչև իրավիճակի կայունացումն ու արտահերթ ընտրությունները, որովհետև ցանկացած այլ մեթոդով նման կառույցի ստեղծումը կարող է երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Հաջորդ քայլով մենք պիտի կարողանանք ձերբազատվել պատրանքներից, ընդունենք տարածաշրջանային իրողությունները՝ այնպես, ինչպես կան, ու սկսենք սահմանազատման-սահմանագծման աշխատանքները։ Առանց վախենալու, որ դրանով «խաչ ենք քաշում Արցախի կարգավիճակի վրա»։ Եկեք իրատես լինենք։ Եթե հաղթած Հայաստանն ու փաստացի անկախ Արցախը 26 տարում չկարողացան հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, պարտված վիճակում կարողանալո՞ւ են։ Հասկանալի է, չէ՞, որ հիմա առավելագույնը կարող ենք ձգտել Արցախի բարձր ինքնավարությանը, իսկ Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացը դրան առանձնապես չի խանգարում։ Ի վերջո ամբողջ աշխարհը 26 տարի շարունակ ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախի կարգավիճակի հարցի վրա որևէ մեկը «խաչ չէր քաշել»։

Իսկ ի՞նչ ենք անում մենք դրա փոխարեն։ Շարունակում ենք հույսեր փայփայել, թե «քաղաքակիրթ աշխարհը գալու է մեզ օգնության» ու չենք սթափվում անգամ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը, տեսնելով Ադրբեջանի բացահայտ ագրեսիան, «երկու կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը»։ Ավելին՝ հույս ունենք, թե հենց վաղը միջազգային կառույցներն Ադրբեջանին կոչ են անելու զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, ու Ադրբեջանն էլ ժամերի ընթացքում կատարելու է այդ պահանջը։ Նույն միջազգային կառույցները 26 տարի շարունակ մեզ էին կոչ անում զորքերը դուրս բերել, օրինակ, Ջեբրայիլից կամ Ֆիզուլիից, քանի՞ մետր ենք ինքնակամ ետ քաշվել։ Իսկ եթե միջազգային հանրության հորդորները մեզ համար գրոշի արժեք չունեին, ինչո՞ւ պիտի Ադրբեջանի համար ունենան։

Մենք ինքներս պիտի կարողանանք պաշտպանել մեր սահմանները, այդ թվում՝ նաև միջազգային օրենքներն ու նորմերն օգտագործելով, բայց դրա համար նախ և առաջ նորմալ իշխանություններ են պետք։ Եթե անգամ դրա համար ոմանք ստիպված լինեն ինքնակամ կանգնել «գնդակահարության պատի տակ»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3505 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ