...

Իրական արկածախնդրություն՝ կեղծ «պրագմատիզմի» շղարշով

Իրական արկածախնդրություն՝ կեղծ «պրագմատիզմի» շղարշով

Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ ասա՛ց առանցքային նախադասությունը․ «Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է»։ Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը՝ «մեր իրականությունը» (ջախջախված անվտանգության համակարգ, հազարավոր զոհեր, շրջափակված և ծվատված Արցախ, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած թշնամի, նոր պատերազմի իրական վտանգ և այլն) կանխորոշված էր և այլ կերպ չէր կարող լինել, որովհետև ամեն տարի ապրիլի 24-ին տասնյակ հազարավոր մարդիկ, «հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած», քայլում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այլ կերպ ասած՝ մենք այս վիճակում ենք հայտնվել, որովհետև չենք ներել Ցեղասպանությունը, չենք համակերպվել այն մտքի հետ, որ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է», Արարատն ավելի ենք սիրել, քան Արագածը, մեր իրական, 29,8 հազար քկմ երկիրը թողած՝ ընկել ենք «ցնորական Երկիր Նաիրիի ետևից», և այսպես շարունակ։ Իսկ ինքը, պարզվում է, ոչ միայն «բավարար գիտակցություն», այլև «կամք ու կարողություն ունի»՝ դրա փոխարեն տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու համար։ 

Խնդիրն այն չէ, թե արդյո՞ք ապրիլքսանչորսյան ուղերձն ամենահարմար պահն էր այս «ցավոտ արձանագրման» համար, առավել ևս՝ Արցախի շրջափակումը լիակատար դարձնելուց բառացիորեն ժամեր անց։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այս «պրագմատիզմը» նույնպես կեղծ է՝ ինչպես կեղծ էին կոռուպցիան արմատախիլ անելը, «թալանը քյաբաբ առ քյաբաբ ետ բերելը», «ժողովրդավարության բաստիոնը», «բաջանաղապետության» և «պադավատապետության» դեմ պայքարը, «պատրաստ եմ գնդակահարության պատի տակ կանգնել»-ը, «եթե ընտրություն կեղծեմ՝ ես ինքս իմ ձեռքը կկտրեմ»-ը, և այլն։ Իրականում Նիկոլ Փաշինյանն ինչ ասում էր՝ ճիշտ հակառակն էր անում։ Կոռուպցիան ոչ թե արմատախիլ արվեց, այլ պետական մակարդակով ինստիտուցիոնալ «ծյունինգի ենթարկվեց», «քյաբաբ առ քյաբաբ» ետ բերվեց թալանի ընդամենը մի չնչին մասը և ծախսվեց հայտնի չէ, թե ինչի վրա՝ կառավարության «չզեկուցվող հարցեր» տողով կամ տարբեր կասկածելի հիմնադրամներով, «բաջանաղապետության և պադավատապետության» դեմ պայքարի փոխարեն իր և տիկնոջ բոլոր բարեկամները, ազգականներն ու մանկության ընկերները պաշտոններ ու մանդատներ ստացան՝ բնականաբար, ամեն մեկն իր «պադավատով», կապիտուլյացիայից հետո «գնդակահարության պատի տակ կանգնելու արժանի» հռչակվեցին բոլորը՝ բացի իրենից, աջուձախ խայտառակ ընտրություններ են տեղի ունենում, ու ոչ մեկի ձեռքը չի կտրվել, և այսպես շարունակ։ 

Բնականաբար՝ Նիկոլի «պրագմատիզմը» նույնպես կեղծ է, պարզապես դա պակաս նկատելի է, որովհետև գործընթացներն ավելի խորքային են ու գաղտնի։ Եթե պարզ՝ կեղծիքի էությունը մոտավորապես հետևյալն է․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի 29,8 հազար քկմ տարածքից դուրս գտնվող ցանկացած բան «ցնորք է, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն», և մեր միակ խնդիրը պիտի լինի ցնորքներից հրաժարվելն ու այդ 29,8-ը փրկելը, բայց գործնականում փորձում է այդ նույն 29,8 հազարը փրկել հնարավոր ամենացնորամիտ ճանապարհով, այն է՝ ի հեճուկս տարածաշրջանային բոլոր երկրների պայմանական «բրիտանական նավեր» բերելով ու դրանով իսկ խորացնելով Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային բոլոր երկրների անվստահությունն ու թշնամանքը։ Հասկացա՞ք։ Մարդն ասում է՝ մեր ողբերգությունների պատճառն այն է եղել, որ ժամանակին ընկել ենք ցնորքների ետևից ու չենք կարողացել լեզու գտնել հարևանների հետ, ու միաժամանակ «ցնորքներ» է հրավիրում, որ շատ ավելի բարդ ժամանակահատվածում հնարավորինս ձգձգի նույն հարևանների հետ լեզու գտնելը։ 

Իրական պրոբլեմը Նիկոլ Փաշինյանի խոսքերի և գործի այս հակասությունն է, պարզ ասած՝ «կռուտիտները», որոնց հետևանքները կարող են աղետալի լինել։ Իսկ մարդիկ դրա փոխարեն դրել-քննարկում են՝ «ցնորքներից հրաժարվելը» ճի՞շտ է, թե՞ ոչ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4618 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ