...

Իրար կերեք ու 2008-ի մարտի 1-ը հանգիստ թողեք

Իրար կերեք ու 2008-ի մարտի 1-ը հանգիստ թողեք

Դիմադրության շարժումը նոր թրենդ է հորինել՝ ցուցարարների և գույնզգույն բերետավորների բախումները համեմատում է 2008-ի մարտի 1-ի հետ։ Ենթատեքստն էլ սա է՝ ամեն ինչ նույնն է, պարզապես այն ժամանակ Նիկոլի «հոգին փառավորվում էր», որ ցուցարարները ոստիկաններ են ծեծում, իսկ հիմա նա ինքն է ուժայիններին «քսի տալիս» ցուցարարների վրա։ Հակառակը պնդողներն էլ հազար ու մի փաստարկ են բերում՝ այն ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել, իսկ հիմա մի քանի հազար են, այն ժամանակ ցույցերն իսկապես խաղաղ էին, և գույնզգույն բերետավորներն էին, որ հարձակվեցին վրաններում քնած մարդկանց վրա, և այլն։

Իրականում սրանք ընդամենը մակերեսային տարբերություններն են, իսկ խորքային, բովանդակային տարբերությունները շատ ավելի էական են։ Առաջին ու թերևս ամենաէական տարբերությունն այն է, որ այսօր Երևանի փողոցներում տեղի ունեցողը պարզունակ կռիվ է հանուն իշխանության։ Նիկոլը փորձում է ամեն գնով պահպանել իշխանությունը, Քոչարյանն ու դաշնակներն էլ ձգտում են ամեն գնով խլել այն։ Վերջ, սա է։ Անկախ նրանից, թե ով ինչպես է ձևակերպում իր պայքարը։ Իսկ 2008-ին այլ պատկեր էր։ Քոչարյանասերժական կլանն ամեն գնով փորձում էր պահպանել իշխանությունը, որպեսզի առնվազն ևս տասը տարի շարունակի թալանն ու վայելի արդեն թալանածը (ի դեպ, այդպես էլ եղավ՝ Սերժը շարունակեց այդ գործը, իսկ Քոչարյանը վայելում էր կյանքը աֆրիկյան սավաննաներում ու հունական կղզիներում), իսկ ահա ընդդիմության համար ամեն գնով իշխանության հասնելն ինքնանպատակ չէր։ Ժողովրդին հստակ ասվում էր, որ եթե ավազակապետական համակարգը պահպանվի, և Սերժը շարունակի Քոչարյանի վարած քաղաքականությունը, Հայաստանը վաղ թե ուշ հայտնվելու է անվտանգային աղետի առաջ (ի դեպ, այդպես էլ եղավ)։ Այլ կերպ ասած՝ 2008-ի պայքարի նպատակը պետականության կորուստը կանխելն էր, և ոչ թե կորստից հետո փլատակների առևտրի վրա ձեռքերը տաքացնելը (ինչպես հիմա է)։

Երկրորդ էական տարբերությունն այն է, որ 2008-ին ընդդիմության՝ իսկապես համաժողովրդական շարժումն օտարերկրյա «հովանավորներ» չուներ։ Եվ դա հասկանալի է՝ ինչո՞ւ պիտի աշխարհի ուժային բևեռներն աջակցեն մի շարժման, որի նպատակը սեփական երկրի շահերով առաջնորդվող իշխանություններ ձևավորելն է։ Եթե ուժային բևեռներից յուրաքանչյուրն ուզում է Հայաստանում իր սեփական «շան որդիներից» կազմված խամաճիկային իշխանություն ունենալ, բնականաբար՝ կաջակցի ում ասես, բացի խամաճիկի դերն ի սկզբանե մերժողներից։ Իսկ հիմա նայեք այսօրվա «ներքաղաքական պայքարին»։ Մի կողմը հյուսիսից է հովանավորվում, մյուսն՝ արևմուտքից, մի կողմն արևմտյան կառույցների շենքերի առաջ է բողոքի ակցիաներ անում, մյուսը՝ հյուսիսի, մի կողմը դեպի հյուսիս է աղերսագրեր ու մատնագրեր ուղարկում, մյուսը՝ դեպի արևմուտք․․․ 

Միայն թե չասեք՝ բայց չէ՞ որ 2008-ին Նիկոլն էլ էր այդ շարժման մեջ ու ամենաակտիվներից էր։ Իհարկե ակտիվ էր, հանրահավաքային ելույթներով էլ կարգին «տաքացնում էր» մարդկանց, բայց հասկանալի է, չէ՞, որ նա շարժմանը միացել էր՝ ընդամենը այդպիսով իշխանական համակարգում հայտնվելու շանս տեսնելով։ Շանսերը վերացան՝ անմիջապես մի կողմ քաշվեց ու սկսեց ինքն իրեն այլ «պրոյեկտներում» տեսնել։ Ի դեպ, հենց դա էր պատճառը, որ մարտի 1-ի գործը քնացրեցին, բայց սա արդեն այլ թեմա է։

Այնպես որ՝ իրականում այսօրվա ներքաղաքական կոկորդկրծոցի ու 2008-ի պայքարի միջև զուգահեռներ անցկացնելն անհեթեթություն է։ Որքան էլ խնամքով մոնտաժված տեսանյութերում նմանություններ լինեն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ