...

Իշխանական և ընդդիմադիր կրիմինալների պայքարը

Իշխանական և ընդդիմադիր կրիմինալների պայքարը

Տարածված այն մտայնությունը, թե իբր «յոթ տարի առաջ Գյումրիից սկսված հեղափոխությունը Գյումրիում պարտվեց», որևէ կապ չունի իրականության հետ։ Չի կարող պարտվել մի բան, որը գոյություն չի ունեցել, որովհետև 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը միայն ձևով էր հեղափոխություն, իսկ բովանդակային առումով՝ սովորական իշխանափոխություն էր։ Դրան հաջորդած իրադարձությունները նույնպես որևէ կապ չունեին հեղափոխության հետ։ Պարզապես, ինչպես լինում է ցանկացած իշխանափոխությունից հետո, նոր իշխանությունները խնդիր ունեին ամրապնդվել և լիովին իրենց վերահսկողության տակ առնել բոլոր առանցքային ինստիտուտները, ինչը և արեցին՝ այդ ամենը քողարկելով «հեղափոխական կարգախոսներով»։ Գեներալների դեմ քրեական գործեր հարուցվեցին՝ ենթարկեցնելու համար բանակը, «նախկինների թալանի» և «շնորհքով ներխուժումների» նպատակը սեփականության վերաբաշխումն էր, «վեթինգի» շուրջ աղմուկով հնազանդեցրեցին դատաիրավական համակարգը, դատախազությունը, Սահմանադրական դատարանը և այլն, ուժային կոշտ ճնշմամբ ձևավորեցին նոր՝ միանգամայն վերահսկելի «ուսապարկային» խորհրդարան, և վերջ․ իշխանափոխությունն ավարտված էր, ու կարելի էր հանգիստ վայելել կյանքը։

Իսկ այն, ինչը հիմա համարվում է «բովանդակային հեղափոխություն», այն է՝ «իրական Հայաստանը», «անցյալի վերաիմաստավորումը», «29 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս որևէ շահ չհետապնդելը», երջանիկ ապրելը և նյութական բարեկեցությունից զատ ցանկացած այլ արժեք «մեր ինքնիշխանության վզին կապած թոկ» համարելը, Արցախն ուրանալը և այլն, ի հայտ է եկել ոչ թե «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից», այլ 44-օրյա պատերազմից հետո։ Դրան նախորդած երկուսուկես «հեղափոխական տարիների» ընթացքում, հակառակը, «Արցախը Հայաստան է, և վերջ», «նոր պատերազմ-նոր տարածքներ», «Սևրի դաշնագիրն այսօր է՛լ չի կորցրել իր արդիականությունը», և այսպես շարունակ։ Այսինքն՝ ստացվում է, որ այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացնում է որպես «գաղափարական հեղափոխություն», 44-օրյա պատերազմում մեր կրած ծանր պարտության հետևանքն է, դրա սկզբնավորողն ու գլխավոր հովանավորն էլ, պատկերավոր ասած, թուրքական «բայրաքթարներն» են։ 

Հիմա՝ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում։ Համապետական ընտրությունների ժամանակ՝ և՛ 2018-ին, և՛ 2021-ին, Նիկոլ Փաշինյանի հիմնական զենքը պոպուլիզմն էր, պարզ ասած՝ ստախոսությունը, ընդդիմադիր համարյա բոլոր ուժերն էլ կուլ տվեցին այդ խայծը և փորձեցին Նիկոլից ավելի ճոխ ստեր ասել։ Ըստ երևույթին՝ համարեցին, որ եթե Նիկոլը ստերով վերցրեց իշխանությունը, իրենք էլ կարող են ավելի մեծ ստերով ետ վերցնել այն, ու այդպիսով պայքարը ծավալվեց պոպուլիզմի դաշտում․ մի ասպարեզում, որտեղ Նիկոլն անպարտելի է։ Իսկ ահա Գյումրիի դեպքում, տեսնելով, որ պոպուլիզմն առաջվա արդյունավետությունը չունի (իշխանական ստերին հավատացողների թիվն օրեցօր պակասում է), իշխանությունները որոշեցին մի կողմ դնել ձևականությունները և շեշտը դնել «հին ու բարի» հանցավոր սխեմաների վրա։ Սա բոլորովին այլ իրավիճակ ստեղծեց, որովհետև պայքարը ծավալվեց «կրիմինալն ընդդեմ կրիմինալի» մեխանիզմով։ Իսկ այդ դաշտում արդեն Նիկոլն անպարտելի չէ, որովհետև մրցակիցները նույնքան «կոփված ու փորձառու» են։ Արդյունքներն էլ իրենց սպասեցնել չտվեցին․ գումարային առումով՝ ընդդիմադիր կրիմինալը հաղթեց իշխանականին։ Սա է, Գյումրիում որևէ այլ բան տեղի չի ունեցել։

Իսկ «հասարակական-քաղաքական վերնախավը» դրել լրջորեն քննարկում է՝ «հեղափոխության պարտություն», «արատավոր բարքերի վերադարձ»․․․ Իսկ դրանք երբևէ հեռացե՞լ էին։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ