...

Իշխանությունը՝ սպանված հույսերի պատվանդանի վրա

Իշխանությունը՝ սպանված հույսերի պատվանդանի վրա

Հասարակության շատից-քչից գիտակից շրջանակներում ավելի ու ավելի հաճախ է հնչում այն հարցը, թե «լավ, ուրիշ էլ ի՞նչ փորձանքներ պիտի բերեն իշխանություններն այս պետության ու ժողովրդի գլխին, որ մարդիկ վերջապես ընդվզեն ու ոտքի կանգնեն»։ Եվ իսկապես էլ՝ այնպիսի տպավորություն է, թե մարդիկ լիակատար ապատիայի մեջ են, և իշխանություններն ինչ ուզենան՝ կանեն։ Կարող են մի երկու մարզ հանձնել, թոշակները վերացնել, կառավարության որոշմամբ սահմանել, որ ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները պարտավոր են հետույքներին դաջել Նիկոլ Փաշինյանի պատկերը և ոստիկանության առաջին իսկ պահանջի դեպքում ցուցադրել այն, ու միևնույն է՝ ձայն-ծպտուն հանող չի լինի։ Ի վերջո ի՞նչն է պատճառը, որ 3,5 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը բացահայտորեն խաբեց ժողովրդին (ասել էր, որ նախագահական երկրորդ ժամկետից հետո ոչ մի դեպքում չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը, բայց դարձավ վարչապետ), հարյուր հազարավոր մարդիկ ընդվզեցին այդ ցինիզմի դեմ և լցվեցին փողոցները, իսկ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը տասնապատիկ ավելի մեծ ցինիզմով խաբում է այդ նույն ժողովրդին (ընդ որում՝ ամեն օր և բոլոր հարցերում), հրապարակային ընդվզում չկա։ 

Տեսակետ կա, թե պատճառն այն է, որ շատերը դեռ հավատում են նրա խոստումներին ու հույս ունեն, որ լավ է լինելու, այսինքն՝ «ապագա կա»։ Գուցե այդպես կարծողներ իսկապես էլ կան, բայց իրականում այս համատարած անտարբերության պատճառը ճիշտ հակառակն է՝ մարդիկ կորցրել են հավատն ապագայի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրության գրավականն այն է, որ նրան հաջողվել է մարդկանց մեջ վերջնականապես սպանել երբևէ ավելի լավ իշխանություններ ունենալու և ավելի լավ ապրելու հույսը։ Վերջին հաշվով՝ հենց այդ հույսն է մարդկանց ստիպում դուրս գալ փողոց և պայքարել ավելի արժանավայել կյանքի համար, եթե հույսը չկա՝ փողոց դուրս եկողներ նույնպես չկան։

Իսկ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը սպանել այդ հույսը։ Շատ պարզ ձևով։ Երկար տարիներ մարդիկ հավատում էին, որ եթե Հայաստանում արդար ընտրություններ լինեն՝ կոռումպացված իշխանությունները կհեռանան, իշխանության կգան ժողովրդի ընտրյալ երիտասարդ, «դրսերում նորմալ կրթություն ստացած» ազնիվ մարդիկ, և ամեն ինչ լավ կլինի։ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ցույց տվեց, որ անգամ արդար ընտրություններով իշխանության եկողը շատ արագ մինչև կոկորդը թաղվում է իշխանական վայելքների մեջ, ազգուտակի ու «ազնիվ երիտասարդների» վզերն անմիջապես հաստանում են, բոլորի մոտ աշխատասենյակների պատերից «շեֆի» նկարը կախելու ցանկություն է առաջանում, ժողովրդի վզին դրված տույժերն ու տուգանքներն ավելանում են, քաղաքացիական ակտիվիստները դառնում են «սաքուլիկներ», բողոքողներն ընկնում են ոստիկանական «բեսպրեդելի» մամլիչի տակ, և այլն։ Ի՞նչ եզրակացություն պիտի անեին մարդիկ այս ամենից։ Որ «ով էլ նստի՝ նույնն ա ըլնելու»։ Դե եթե անգամ իրենց ընտրյալը, «ժողովրդի ծոցից ելածը», «իրենցից մեկն» է բացահայտորեն ու հրապարակավ թաղվում կոռուպցիայի մեջ, դառնում պայմանական «Լֆիկների» երաշխավորը և այլն, էլ ինչի՞ վրա կարելի է հույս դնել կամ ի՞նչ ակնկալիքով դուրս գալ փողոց ու իշխանափոխություն պահանջել։

Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, լավ է հասկացել այն սկզբունքը, որ ինչ-որ ծանր բանի հետ համակերպվելու համար առաջին հերթին մարդկանց մեջ պիտի սպանել ավելի լավ արդյունքի հասնելու հավատը, ու կիրառում է բոլոր ոլորտներում։ Նա 44-օրյա պատերազմի ընթացքում իր ցուցաբերած խայտառակ պահվածքը ժողովրդին «կերցնելու» հարցում էլ է այդպես վարվում՝ ներկայացնելով, թե իբր իր ցանկացած այլ որոշում շատ ավելի ծանր հետևանքներ էր ունենալու, ու հիմա էլ, եթե ամեն ինչ չզիջի, շատ ավելի վատ է լինելու։ 

Եվ պատկերացրեք՝ այդ հնարքին նույնիսկ «Չայզամիի» ու «Էյվազլարի» հարևան հայկական գյուղերում հավատացողներ կան։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   936 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ