...

Իսկ ի՞նչ կանեին օտարերկրյա գործակալները

Իսկ ի՞նչ կանեին օտարերկրյա գործակալները

Իշխանությունների ամենօրյա մանր-մունր «քյալլագյոզությունների» շուրջ լրատվամիջոցներում ու սոցկայքերում ծավալվող շարունակական մինի-ճակատամարտերը շեղում են հանրության ուշադրությունն ու թույլ չեն տալիս տեսնել ամբողջական պատկերը՝ ճիշտ այնպես, ինչպես դեպի անդունդը սլացող մեքենայի ուղևորները, զբաղված լինելով րոպեն մեկ փոսի մեջ ընկնելուց հետո վարորդին հայհոյելով, կարող են «չնկատել» հիմնականը՝ որ մեքենան դեպի անդունդն է սլանում։

Մինչդեռ դա «նկատելու» համար առանձնապես շատ բան պետք չէ։ Փորձենք մի պահ վերանալ Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից ու պատկերացնենք, թե ինչ տեղի կունենար Հայաստանում, եթե, օրինակ, ինչ-ինչ հնարքներով թշնամի երկրներին հաջողվեր իրենց լավ քողարկված լրտեսական ցանցերին մեր երկրում բերել իշխանության։ Ի՞նչ ծրագիր կիրականացնեին այդ իշխանությունները, և ի՞նչ կոնկրետ քայլերով։

Ծրագիրը, բնականաբար, պիտի լիներ ոչնչացնել Հայաստանը կամ առնվազն դարձնել քարտեզի վրա ձևականորեն սեփական գույնն ունեցող, բայց խղճուկ, հետամնաց անկլավ՝ այսօրվա համեմատ կրկնակի-եռակի փոքր տարածքով ու բնակչությամբ։ Իսկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինեին հետևյալ քայլերը․

1․ Խզել կամ անհուսալիորեն փչացնել հարաբերությունները դաշնակիցների կամ ինչ-ինչ իրավիճակներում դաշնակից դառնալու հեռանկար ունեցող երկրների հետ։

2․ Ոչնչացնել բանակը կամ առնվազն այնպիսի ծանր հարված հասցնել, որ կարճ ժամանակում վերականգնելը գործնականում անհնար դառնա։ Հընթացս վարկաբեկել այն, ինչ մնացել է բանակից (օրինակ՝ բանակում դավաճաններ հայտնաբերելու գործերը լայնորեն գովազդելով)։ Զուգահեռաբար՝ ռուսական ռազմաբազան երկրից դուրս բերելու գործընթաց նախաձեռնել։

3․ Հատուկ ծառայությունները և ուժային մյուս կառույցները «դարձնել առավելագույնս թափանցիկ» և ենթարկեցնել «քաղաքացիական ակտիվիստներին»։

4․ Պաշտոնապես հրաժարվել Արցախի ճակատագրի որոշմանը մասնակցելու որևէ հավակնությունից։

5․ Անհուսալիորեն փչացնել հարաբերությունները Սփյուռքի հետ։

6․ Կազմաքանդել կամ առնվազն քայքայել բոլոր համակարգերը՝ դրանց ղեկավարումը վստահելով հնարավորինս անողնաշար, ոչ կոմպետենտ, կոռուպցիոն հակումներով պատահական մարդկանց ու վերջիններիս միջոցով համակարգերը «մաքրել» պրոֆեսիոնալներից։

7․ Հնարավորինս պառակտել հասարակությունը՝ բաժանելով «սևերի» ու «սպիտակների», ներկաների ու նախկինների, հայաստանցիների ու արցախցիների (կամ սյունեցիների), ռուսամետների ու արևմտամետների, հարուստների ու աղքատների, «հեղափոխության նվիրյալների» ու «պիցցայակերների», և այլն։ Պառակտելուց հետո՝ միմյանց դեմ հանել ու հանրային գիտակցության մեջ արմատավորել «անորակ ազգի» բարդույթը։

8․ Վերջնարդյունքում՝ ունենալ ծայրաստիճան թուլացած պետություն և բարդույթավորված հասարակություն, որը մեծ սիրով կհամաձայնվի պետության կեսը տալ՝ մյուս կեսը փրկելու աղոտ հույսով։

Սա, կրկնենք, այն տեսական ծրագիրն է, որը կիրականացներ Հայաստանում իշխանության բերված օտարերկրյա լրտեսական ցանցը։ Ու սրանում արտառոց ոչինչ չկա։ Եթե, օրինակ, հայկական հատուկ ծառայություններին հաջողվեր իր գործակալներին իշխանության բերել Բաքվում՝ նրանք, վստահաբար, մոտավորապես նույն քայլերը կանեին։ Բնականաբար՝ հաշվի առնելով «տեղական առանձնահատկությունները»։ 

Հեռուն գնացող եզրակացություններ չենք անի։ Միայն կավելացնենք, որ նմանօրինակ ծրագրերի իրականացման համար սեփական գործակալական ցանցեր ունենալը կամ ներդնելը պարտադիր չէ։ Կարելի է գնալ նաև այլ ճանապարհով՝ ընդամենը տվյալ երկրում գտնել նման հակումներ ունեցող քաղաքական խմբակների և տարբեր մեթոդներով անել ամեն ինչ, որպեսզի հենց նրանք հասնեն իշխանության։ Արդյունքը նույնիսկ ավելի տպավորիչ կլինի, որպես գործակալներ բացահայտվելու ռիսկն էլ կվերանա։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ