...

Իսկ իշխանությունները ոչ մի պարտավորություն չունե՞ն

Իսկ իշխանությունները ոչ մի պարտավորություն չունե՞ն

Օրեր առաջ մի քաղաքացի կառավարական առանձնատների մոտ ինքնահրկիզման փորձ արեց, որովհետև, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, պետությունը 10 հազար դրամի պատճառով առգրավել էր ավտոմեքենան, որով նա ապահովում էր իր ընտանիքի օրվա հացը։ Իշխանական լրատվամիջոցներն էլ անմիջապես «հետաքննեցին» ու «բացահայտեցին», որ այդ մարդը ոչ թե 10 հազար, այլ մոտ 2 միլիոն դրամի պարտավորություններ ուներ։ Տրամաբանությունն այն էր, որ «ներում-բեկում չկա», եթե քաղաքացին հարկային պարտավորություններ կամ չվճարած տույժ-տուգանքներ ունի՝ պիտի վճարի։ 

Իհարկե պիտի վճարի։ Եվ ընդհանրապես՝ քաղաքացիները, թեև «տուգանքի մատերիալ չեն», բայց պետության առջև որոշակի պարտավորություններ ունեն։ Այլ հարց է, որ նորմալ երկրներում դա փոխադարձ է, այսինքն՝ պետությունն էլ իր հերթին քաղաքացիների նկատմամբ խիստ որոշակի պարտավորություններ ունի։ Օրինակ՝ ապահովել բնակչության անվտանգությունը (այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում), բավարարել սոցիալական նվազագույն կարիքները, որակյալ ծառայություններ մատուցել, և այլն։ Եվ եթե քաղաքացիներն իրենց պարտավորությունները չկատարելու համար տուգանվում են՝ ի շահ պետության, պետությունն էլ իր բաժին պարտավորությունները չկատարելու դեպքում պիտի տուգանվի ի շահ քաղաքացիների։ Բայց Հայաստանի դեպքում այդպես չէ։ Մեր դեպքում պետությունն ամեն ինչ անում է ոչ միայն քաղաքացիներից «առավելագույն շահույթ քերելու» համար, այլև իր բաժին պարտականությունները դնում է այդ նույն քաղաքացիների ուսերին։ «Աղքատությունը մարդկանց ուղեղներում է», «մարդիկ ոչ թե քիչ են ուտում, այլ սխալ են ուտում», «եթե մարդը 75 հազար դրամով աշխատում է, ուրեմն կրթություն չունի», և այլն։

Իսկ ինչպե՞ս են «առավելագույն շահույթ քերում»։ Միայն մի օրինակ բերենք։ Ասենք՝ վարորդը որևէ խախտում է արել, որի համար պիտի տուգանվի, ենթադրենք, 20 հազար դրամ, բայց չի նկատել խախտումը։ Ճանապարհային ոստիկանությունը պիտի «Հայփոստի» միջոցով այդ մարդուն ծանուցում ուղարկի, որից հետո եթե մեկ ամսվա ընթացքում տուգանքը չի վճարվում՝ դառնում է 30 հազար։ Եվ ահա «արդյունավետ համագործակցության» ձևը գտնվել է․ «Հայփոստը» ծանուցումը չի ուղարկում։ Եվ վերջ․ պետությունն օդից ստացավ լրացուցիչ 10 հազար դրամ։ Եվ չես էլ կարող ապացուցել, որ ծանուցում չես ստացել։ Կասեն «ծրարը բերել ենք՝ տանը մարդ չի եղել, զանգել ենք՝ վերցնող չի եղել», և այդպես շարունակ։ Ու սա համատարած է։ Կամ, օրինակ, երբևէ լսե՞լ եք, որ կոմունալ ծառայություններ վճարող որևէ ընկերություն քաղաքացիներին տուգանք վճարի, ասենք, հոսանքի, ջրի կամ գազի ոչ պլանային անջատումների համար։ Պետությանը գուցեև վճարում է, բայց չէ՞ որ տուժողը քաղաքացիներն են, իսկ նրանցից ընդամենը «ներողամտություն են հայցում պատճառած անհարմարությունների համար»։ Ներեցեք, իսկ կլինի՞ քաղաքացիներն էլ իրենց հերթին չկատարեն իրենց պարտավորություններն ու ընդամենը ներողություն խնդրեն։ 

Մեծ հաշվով՝ ցանկացած պետության որակն առաջին հերթին պայմանավորված է պետության և հասարակության փոխադարձ պարտավորությունների հավասարակշռվածությամբ և կատարման աստիճանով։ Պարզ ասած՝ եթե պետությունն ասում է «մարդ կա՝ նպաստով օնլայն խաղադրույքներ է կատարում, մենք էդ մարդուն ինչո՞ւ պիտի նպաստ տանք», հասարակությունն էլ իրավունք պիտի ունենա ասել «պատգամավոր կա՝ սեպտեմբերին «սեկտեմբեր» է ասում, մենք էդ մարդուն ինչո՞ւ պիտի ամիսը միլիոն դրամ աշխատավարձ տանք»։

Եթե սա չեղավ՝ մենք ոչ թե նորմալ պետություն ենք ունենալու, այլ ընդամենը տարածք, որտեղ իշխող խավը ժամանակ առ ժամանակ փոխվում է, իսկ ժողովուրդը միշտ մնում է ընդամենը «տուգանվելու մատերիալ»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1314 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ