...

Կարևորը՝ «Վիլիսիցը վեր չընկնի»

Կարևորը՝ «Վիլիսիցը վեր չընկնի»

24 միլիոն դրամի դիմաց ժամանակից շուտ զորացրվելու որոշման գաղափարը Հայաստանում շատ վատ ընդունվեց, և դա հասկանալի է։ Խնդիրը նույնիսկ կաշառքն օրինականացնելն ու բանակը «բանվորագյուղացիական» դարձնելը չէ, խնդիրը բանակի նկատմամբ իշխանությունների և ժողովրդի վերաբերմունքն է։ Փաստորեն իշխանությունները բանակում ծառայելը համարում են պատիժ, համարյա կալանք, 24 միլիոնն էլ սահմանվում է որպես գրավ, որի դիմաց կարելի է փոխել խափանման միջոցը։ Հասարակության մի զգալի հատվածն էլ իր հերթին է փոխելու վերաբերմունքը, որովհետև եթե մինչև հիմա բանակում ծառայած լինելը համարվում էր պատվաբեր, այսուհետ ընկալվելու է որպես աղքատության նշան։ 

Ու հիմա առավել հաճախ հնչող հարցը հետևյալն է՝ լավ, Նիկոլն այսքանը չի՞ հասկանում, թե՞ դիտմամբ է հերթով քանդում պետականության կարևորագույն ինստիտուտները։

Երևի այնուամենայնիվ դիտմամբ է անում։ Հիշում եք, չէ՞, հայտնի պատմությունը։ Անգրագետ մեկը ուզում է կոլխոզի նախագահ դառնալ, նրան հարցնում են՝ «բայց դու կարա՞ս կոլխոզ ղեկավարես», նա էլ ասում է «ինչի վախում ես Վիլիսիցը վեր ընկնե՞մ»։ 2018-ին Նիկոլն իշխանությունը վերցրեց ճիշտ նույնպիսի ինքնավստահությամբ, ու բնականաբար՝ նրա համար կարևորը «Վիլիսիցը վեր չընկնելու» ճարպկությունն է, իսկ թե ինչ տեղի կունենա «կոլխոզի» հետ՝ նրան հետաքրքրում է այնքանով, որ հանկարծ գազազած «կոլխոզնիկները» «Վիլիսիցը վեր չգցեն»։ 

Իսկ այդ իմաստով պետական ինստիտուտները նրա համար վտանգավոր են։ Ավելի ճիշտ՝ ինքնին պետականությունն է վտանգավոր։ Ինչպե՞ս է վարվում, օրինակ, իրեն վստահված պահեստը թալանած պաշտոնյան։ Ճիշտ է, հրդեհում է, որպեսզի թալանածը «դուրս գրի»։ Ինչպե՞ս է վարվում մարդասպանը, եթե անգամ ակամայից է մարդ սպանել։ Ճիշտ է, դիակն էլ է վառում, տարածքն էլ, որպեսզի հետքեր չմնան։ Ինչպե՞ս պիտի վարվի մարդը, որը «Վիլիսից վեր չընկնելու» մոլուցքից կուրացած՝ կործանման եզրին է հասցրել պետությունը։ Ճիշտ է, պիտի ավարտին հասցնի գործը, որպեսզի մասշտաբային աղետների ու պետականության փլատակների տակ «մանր-մունր հանցագործությունները» մոռացվեն։ Երբևէ լսե՞լ եք, որ Վանը, Կարսը կամ Իգդիրը կորցնելուց հետո որևէ մեկը հիշեր այդ քաղաքների հայկական իշխանությունների կոռումպացվածության մասին (Լեռ Կամսարի պատմվածքները չհաշված), կամ երբևէ լսե՞լ եք, որ Առաջին հանրապետության ղեկավարներին պատասխանատվության ենթարկած լինեն իրենց բերած աղետների ու անկախության կորստի համար։ Ոչ, նրանք կամ փախել են «հայդե Փարիզ», կամ պատժվել են բոլշևիկներին դիմադրելու համար։ Որովհետև անկախության դեմ կատարած հանցանքների համար պատասխանատվության ենթարկվել հնարավոր է միայն անկախ պետականություն ունենալու դեպքում։ Չկա անկախ պետականություն՝ չկա նաև անկախության կորստի մեղադրանք։ Եվ կարելի է հարյուր տարի անց Հայաստանի ինքնիշխանությունը նվիրել, ասենք, «միութենական պետությանը», հետո կրկնել «հայդե Փարիզ» երթուղին ու այնտեղ ներկայանալ որպես «Չարիքի կայսրության» զոհ քաղաքական վտարանդի։

Սա ըստ էության Նիկոլ Փաշինյանի՝ ողջ մնալու միակ տարբերակն է, որովհետև հնարավոր չէ պատկերացնել, որ Հայաստանը մնա անկախ երկիր, իշխանությունը փոխվի, և Նիկոլ Փաշինյանին հաջողվի ժամանակին ծլկել ու որևէ երկրում ապաստան ստանալ։ Ուր էլ լինի՝ պետական մակարդակով կգտնեն ու կպահանջեն արտահանձնել։ Իսկ եթե պետականություն չլինի՝ չի լինի նաև պետական մակարդակով պահանջ։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախությունը պետք է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ ինքը վարչապետ է, ու ինքնապաշտպանական բնազդը նրան կստիպի ավելի շուտ հանձնել երկրի ինքնիշխանությունը, քան սեփական աթոռը։ Այստեղից էլ՝ պետական ինստիտուտները հերթով քանդելու քաղաքականությունը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ