...

Կասկածելի նպատակն արդարացնո՞ւմ է խայտառակ միջոցները

Կասկածելի նպատակն արդարացնո՞ւմ է խայտառակ միջոցները

«Իզմ»-եր չունեցող Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է մաքիավելիական «նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի սկզբունքով, ընդ որում՝ ամեն ինչ արվում է բացահայտորեն․ և՛ նպատակն է տեսանելի, և՛ միջոցները։ 

Նա իր առջև նպատակ է դրել (կամ՝ իշխանության հասնելու հարցում նրան աջակցածներն են նրա առջև նպատակ դրել) Հայաստանը պոկել «ռուսական սայլից» ու դարձնել չեզոք, անվնաս փոքրիկ պետություն, որտեղ մարդիկ հարևանների հետ առևտուր-բան կանեն, շատից-քչից նորմալ կապրեն ու իրենց համեմատաբար երջանիկ կհամարեն։ Ընդունելի է այդ նպատակը, թե ոչ՝ այլ հարց է, բայց ակնհայտ է, որ Հայաստանում շատերին դա դուր է գալիս։ Մնում է այդ նպատակին հասնելու միջոցների հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ցանկացած ֆանատիկոս, միջոցների միջև խտրականություն չի դնում։

Նրա տրամաբանությամբ՝ հանուն այդ նպատակի առաջին հերթին պետք էր զոհաբերել Արցախը (առանց դրա չէր ստացվի), ու նա առանց աչք թարթելու գնաց այդ քայլին։ Ինչու չէր ստացվի՝ հասկանալի է։ Նրա համոզմամբ՝ Արցախի գոյությունն էր, որ ռուսներին հնարավորություն էր տալիս, ինչպես իրենք են ասում, բռնած պահել Հայաստանին «за яйца»։ Այսպիսով՝ նրա սևեռուն գաղափարի առաջին զոհը դարձավ Արցախը։

Բայց միայն Արցախը զոհաբերելը քիչ էր, որովհետև նպատակին հասնելու համար պետք է ուժեղ իշխանություն ունենալ և կարողանալ պահպանել այն։ Իսկ դա առանց «գրպանային արդարադատության» և քաղաքական ռեպրեսիաների շատ բարդ կլիներ։ Պետք էր ունենալ իշխանությունների ցանկացած դատավճիռ դակող դատաիրավական համակարգ, որը ցանկացած պահի պատրաստ կլինի ցանկացած ընդդիմադիր գործչի ցանկացած ելույթի համար կալանավորել։ Արդյունքում՝ սևեռուն գաղափարի հաջորդ զոհը դարձավ դատաիրավական համակարգը, կալանավայրերն էլ լցվեցին քաղբանտարկյալներով։ 

Իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ էր քարուքանդ անել նաև ընտրությունների միջոցով համայնքներում իշխանության հասնելու համակարգը, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը համայնքներում իշխանություն չունենա՝ համակարգը հեշտությամբ կփլուզվի։ Հենց դա էլ տեսանք Երևանի, Ալավերդու, Վանաձորի ու բազմաթիվ այլ համայնքների ընտրությունների ժամանակ։ Այսպիսով՝ սևեռուն գաղափարի հաջորդ զոհը դարձավ էլեկտորալ ժողովրդավարությունը։ 

Խանգարում էր նաև հասարակության արժեհամակարգը, պատմական հիշողությունը, «հին կաղապարները», մի խոսքով՝ պայմանականորեն ասած, «Մասիս սարը»։ Եվ Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու սկսեց ջնջել նաև դա։ Նա, իհարկե, չէր կարող արգելել Երևանում կառուցել միայն այնպիսի «էլիտար շեմքեր», որոնց լուսամուտներից Արարատը չերևա, բայց պատմությունը խմբագրել, մարդկային երջանկության հիմքը բացառապես կուշտ փորով հաց ուտելը հռչակել կամ «պապու տնկած ծառը կտրելու» անհրաժեշտությունը քարոզել կարող էր և հաջողությամբ անում է։ Ինչո՞ւ։ Որովհետև համոզված է՝ նպատակն արդարացնում է միջոցները։

Բայց այդ ամենն անելու համար նրան «քաղաքական թիմ» էր պետք՝ կազմված այնպիսի մարդկանցից, որոնք կհամաձայնվեին կիրառել այդ միջոցները։ Այսինքն՝ անհայրենիք, անանցյալ, անհիշողություն, անինքնասեր, սեփական բարեկեցությունն ամեն ինչից վեր դասող մարդիկ, որոնք պատրաստ կլինեին հանուն դրա ուրանալ ու ոտնատակ տալ ամեն ինչ։ Նայեք ՔՊ-ական «ուսապարկերին»․ մեծ մասը հենց այդպիսին է։ Ու դա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալն է, որովհետև հնարավոր չէ մարդկային այդ ամենաարգահատելի «սորտով» իրականացնել «նորմալ երկիր ունենալու» նպատակը (եթե անգամ մի պահ այդ նպատակն իսկապես ընդունելի համարենք)։

Ու եթե համարենք, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես իր առջև այդպիսի նպատակ է դրել, և ոչ թե ինքն էլ իր արժեհամակարգով ու ձգտումներով ընդամենը սովորական «ուսապարկ» է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ