...

Կավատության շահառուների պայքարը

Կավատության շահառուների պայքարը

Իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ փորձել է բացատրել, թե ինչով է վտանգավոր Հայաստանի այսօրվա վիճակը, ու հայտարարել է, թե «մեր այսօրվա դիրքի ամենամեծ պրոբլեմը հետևյալն է՝ եթե պրոռուսականությունն ունի հնարավոր ինչ-որ առավելություններ կամ եթե պրոարևմտամետությունն ունի ինչ-որ առավելություններ, Հայաստանը չի կարողանում օգտվել ո՛չ պրոռուսականության առավելություններից, որովհետև Ռուսաստանում առնվազն բավարար չափով պրոռուսական չեն համարում Հայաստանին․․․ ո՛չ պրոարևմտականության հնարավոր առավելություններից կամ օգուտներից, որովհետև Արևմուտքում էլ համարում են, որ Հայաստանը բավարար չափով պրոարևմտյան չէ»։ Այսքան երկար-բարակ բացատրության փոխարեն Նիկոլ Փաշինյանն ընդամենը կարող էր ասել «մեր այսօրվա դիրքի ամենամեծ պրոբլեմն այն է, որ ես հիմար եմ», որովհետև նրա «վերլուծությունը» շատ չի տարբերվում փողոցային մարմնավաճառի գանգատից՝ «ես աջուձախ բոլորին սպասարկեցի, բայց ոչ մեկը փողը չտվեց, դեռ մի բան էլ՝ իրենց ուզածին հասնելուց հետո դժգոհեցին, որ իրենց ուզած պոզայով ու բավարար եռանդով չեմ սպասարկել, անպատվեցին ամենավերջին խոսքերով ու ռադ արեցին»։ Իսկ նման իրավիճակը, համաձայնվեք, ոչ այնքան ծառայություններ մատուցողի «ճկունության», որքան հիմարության վկայություն է։

Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է ռուսամետության կամ արևմտամետության «բաց թողնված հնարավոր շահույթի» մասին, բայց բացառապես Հայաստանի շահերով առաջնորդվելու մասին ոչ մի խոսք չի ասում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինքնիշխան պետության ղեկավարն իր իշխանության վեցերորդ տարում, հնարավոր ամեն ինչ կործանելուց հետո գանգատվում է, որ ոչ Արևմուտքի շահերը սպասարկելուց «քյար կա», ոչ Ռուսաստանի։ Ընդ որում՝ իր «մուննաթն» առավելապես Արևմուտքից է, որովհետև անձամբ ինքը հիմնականում Արևմուտքի «գծի մեջ» է եղել, հետևաբար՝ Արևմուտքից կարող է դժգոհել, որ դա Հայաստանին ոչ մի էական առավելություն չի տվել, բայց նաև Ռուսաստանից է դժգոհում՝ փորձելով «ռուսների վրա ծախել» Հայաստանի շարունակվող անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին։ Սա արդեն ներքաղաքական նպատակներով է արվում, որովհետև Հայաստանի «տիտղոսակիր ընդդիմության» հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանը պիտի ոչ թե Արևմուտքի, այլ Ռուսաստանի՛ շահերը սպասարկեր (պարզ ասած՝ պրոբլեմը ոչ թե «մարմնավաճառությունն» է, այլ «սխալ կլիենտի սպասարկելը», ու եթե «ճիշտ կլիենտ ընտրվեր»՝ վիճակը բոլորովին այլ կլիներ)։ Նիկոլն էլ ասում է՝ «չէ, դուք ռուսներին սպասարկեցիք ու ոչ մի քյար չստացաք, ես գոնե փորձեցի համ ռուսներին սպասարկել, համ Արևմուտքին, ու էլի ոչ մի քյար չստացա, այսինքն՝ համ ես եմ սխալ, համ դուք, բայց մեծ հաշվով՝ այս բանավեճը երկուսիս էլ ձեռնտու է, որովհետև դուք ի՛նձ կմեղադրեք, ես՝ ձեզ, երկուսս էլ հավասարապես մեղավոր կլինենք, ու այդպես պասերով էլ կաշխատենք ու կմնանք ջրի երեսին։ Կարևորը՝ որ երկուսս էլ կողմ ենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը մարմնավաճառության սկզբունքով իրականացնելուն»։ 

Մինչդեռ կար ժամանակ, երբ Հայաստանը ոչ ռուսամետ էր, ոչ արևմտամետ։ Պարզապես հստակ հաշվարկված արտաքին քաղաքականություն էր իրականացնում՝ առաջնորդվելով բացառապես հայկական շահերով, և, որքան էլ զարմանալի է, հենց այդ ժամանակահատվածում էլ կարողացավ ոչ միայն պատերազմ հաղթել, այլև օգտվել և՛ «ռուսամետության», և՛ «արևմտամետության» հնարավոր առավելություններից։ Ու հենց դա է, որ առ այսօր այն ժամանակվա իշխանություններին չեն կարողանում ներել ո՛չ նրանք, ովքեր կցանկանային Հայաստանը տեսնել բացառապես «մարմնավաճառի դերում», ո՛չ նրանք, ովքեր առ այսօր երկրի ներսում իրար կոկորդ են կրծում՝ «սուտենյորությունից» իրենց տոկոսը թռցնելու իրավունքի համար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ