...

Կերակրատաշտի շուրջ քաշված «կարմիր գիծը»

Կերակրատաշտի շուրջ քաշված «կարմիր գիծը»

Այսպիսի անեկդոտ կա․ սկսնակ պարաշյուտիստներն ինստրուկտորի հսկողության ներքո հերթով ցատկում են ինքնաթիռից, ու հանկարծ սրանցից մեկը սփրթնած դեմքով դիմում է ինստրուկտորին, թե «աչքիս՝ Վաղոն առանց պարաշյուտի թռավ․․․»։ Սա էլ անտարբեր արձագանքում է՝ «ո՞նց, էլի՛ Վաղո՞ն»։ Ամեն անգամ, երբ իշխանությունները «խաղաղության օրակարգի» շուրջ ինչ-որ բանակցություններ են վարում կամ Նիկոլ Փաշինյանը հերթական ասուլիսի ժամանակ հերթական անհեթեթություններն է դուրս տալիս, զգացողությունն այնպիսին է, որ Հայաստանն ու Արցախը հերթական անգամ ցատկում են առանց պարաշյուտի, ու մնում է միայն զարմանալ, թե ինչպես է մեր «Վաղոն» ամեն անգամ դրանից հետո ողջ մնում ու պահպանում իշխանությունը։

Հասկանալու համար, թե ինչպես է դա նրան հաջողվում՝ նախ պետք է արձանագրել, որ մեծ հաշվով՝ դա նրա միակ գերխնդիրն է, իսկ այնպիսի «մանր-մունր» հարցերը, ինչպիսիք են, օրինակ, Արցախի կորուստը, Հայաստանի դեմ նոր ագրեսիան, տարածքային հնարավոր կորուստները և այլն, նրան հետաքրքրում են բացառապես մի՛ տեսանկյունից․ կկարողանա՞ դրանից հետո պահպանել իշխանությունը, թե ոչ։ «Բանակցային գործընթաց», «պետական կառավարում», «ինքնիշխանության պահպանում», «ապագա» և այլն՝ Նիկոլ Փաշինյանի համար սրանք ընդամենը դատարկ բառեր են։ Պարզապես մարդը վարչապետի պաշտոն է զբաղեցնում, իսկ ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետության ղեկավարը պարտավոր է ժամանակ առ ժամանակ նաև ինչ-որ բառեր արտաբերել, նա էլ ծամելու արանքում մի կերպ գիրկապ անելով արտաբերում է։ Իսկ այս իշխանությունների ընդհանուր վարքաբանությունը հասկանալու համար պատկերացրեք, որ այծերը մտել են վարունգի բանջարանոց ու հետն էլ սմարթֆոն ունեն և սելֆի անելու ձևը գիտեն։ Հասկանալի է, չէ՞, որ այծերի համար կարևորն այն է, որ իրենց դուրս չքշեն։ Իսկ թե ո՞վ կլինի բանջարանոցի տերը, ո՞վ կգա՝ հին տե՞րը, թե՞ մեկ ուրիշը, ո՞ւմ կպատկանի բանջարանոցը «կադաստրի թղթով»՝ իրենց առանձնապես չի հետաքրքրում։ Կարևորը՝ ոչ տերը հայտնվի, ոչ էլ ուրիշ այծեր գան ու իրենց քշեն։ Միայն թե չասեք՝ Հայաստանը պիտի ինքնիշխան մնա, որ Նիկոլ Փաշինյանն էլ իշխանություն ունենա։ Ոչ, ռուսական կամ թուրքական ծայրամասային նահանգի «գուբերնատորի» լիազորություններն էլ են հերիք նրա մանկության կապույտ երազանքն իրականացնելու համար ու հաստատ հնարավորություն կտան 20 մեքենաներից կազմված շարասյունով և աջուձախ մարդկանց տրորելով գնալ որևէ «ռայոն»՝ «պեռաշկի կծելու»։ 

Իշխանության գալու առաջին օրվանից սկսած ու հատկապես 44-օրյա պատերազմից հետո նա իր հիմնական գործը համարել է իրեն իշխանությունից հեռացնելու մեխանիզմները ոչնչացնելը։ Հիշո՞ւմ եք նրա հայտնի արտահայտությունը․ «եթե ժողովուրդը որոշի, ես պատրաստ եմ ինքնակամ կանգնել գնդակահարության պատի տակ»։ Հայաստանում մահապատիժը վերացված է, մարդու՝ մեղավոր կամ անմեղ լինելն էլ ոչ թե ժողովուրդն է որոշում, այլ դատաիրավական համակարգը, հետևաբար՝ եթե ուժային կառույցները հպատակեցնում ես, իսկ դատական համակարգը «պատերիդ տակ վնգստացնում»՝ այլևս վախենալու բան չկա։ «Ժողովրդի որոշումն» էլ միայն ընտրություններով է հնարավոր, ու եթե ոչնչացնում ես նաև քաղաքական դաշտը՝ այդ կողմից նույնպես վախենալու բան չունես։ Մնում է հանգիստ վայելել «բանջարանոցը», ու իշխանությունները հենց դրանով էլ զբաղված են։ Առնվազն մի տասը անգամ լսած կլինեք, չէ՞, որ «պետականություն ունենալու կամքի հիմնական արտահայտությունը հարկեր վճարելն է»։ Վճարեք ու քաշվեք մի կողմ, իսկ իրենք «ինչ պետք ա՝ էն էլ կբանակցեն», որտեղ ինչքան պետք է՝ կծախսեն «գաղտնի» ու «չզեկուցվող» հոդվածներով, և այսպես շարունակ։

Իսկ մարդիկ դեռ լսում են սրանց ելույթները, հետևում են բանակցային գործընթացին, փորձում են ինչ-որ բան հասկանալ, ինչ-որ տրամաբանություն գտնել, ինչ-որ հետևություններ անել․․․ Բանջարանոց մտած այծի տրտինգ տալու մեջ ի՞նչ տրամաբանություն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ