...

Կրկեսի վերածվող համակարգի բրենդը հիմարությունն է

Կրկեսի վերածվող համակարգի բրենդը հիմարությունն է

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ռիթմը մոտավորապես այսպիսին է․ որևէ բարձրաստիճան պաշտոնյա որևէ հիմար միտք է արտահայտում կամ կառավարությունը որևէ հիմար որոշում է ընդունում, մարդիկ մի երկու օր զայրանում են, հետո համակերպվում՝ մինչև հաջորդ հիմարությունը, ու այդպես էլ ապրում ենք։ Ընդ որում՝ այդ հիմարությունները մի տեսակ միմյանցից անջատ են ընկալվում, մինչդեռ իրականում գործ ունենք համակարգային հիմարության հետ, այսինքն՝ ոչ թե ապրում ենք մի երկրում, որի վերնախավում առանձին հիմարներ կան, այլ որտեղ հիմարությունը վերածվել է պաշտամունքի։ 

Խոսենք կոնկրետ օրինակներով։ Ասենք՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե տնտեսվարողները դիտմամբ են բարձրացրել սննդամթերքի գները, որպեսզի մարդիկ շատ առևտուր չանեն, և խուճապը կանխվի։ Հասկանալի է, չէ՞, որ ասվածը հիմարություն է, որովհետև ցանկացած տնտեսվարողի նպատակը հենց այն է, որ մարդիկ հնարավորինս շատ առևտուր անեն։ Ընդ որում՝ դա պատահաբար ասված հիմարություն չէ (պատահաբարը, օրինակ, «փետրվարի 31»-ն է), դրա համար էլ հասարակությունն այդ հայտարարությունը լսելով հանգում է միանշանակ եզրակացության՝ «էս մարդը ապուշ ա»։ Կամ, ասենք, առողջապահության նախարարն առաջարկում է հանրային սննդի կետերում սեղանին աղ դնելու համար լուրջ տուգանք սահմանել։ Ու քանի որ, ի տարբերություն փակ տարածքներում ծխելու արգելքի, դա կատարյալ անհեթեթություն է (որովհետև ծուխը կարող է վնասել կողքի սեղանի շուրջ նստածներին, բայց եթե մեկը աղ շատ է օգտագործում, հազիվ թե դրա պատճառով կողքի նստածի անոթները խցանվեն), առողջապահության նախարարի վերաբերյալ եզրակացությունը լինում է նույնը, ընդ որում՝ միանգամայն արդարացված։ Ճիշտ նույնպիսի գնահատականի է արժանանում նաև պաշտպանության նախարարը, որը հայտարարում է, թե մեր բանակի խնդիրը ոչ թե ՀՀ տարածքը պաշտպանելն է, այլ բնակչությանը, ԱԺ նախագահը, որը հայտարարում է, թե իր եղբոր ընկերությունը բազմաթիվ մրցույթներ է շահել, բայց լիքը մրցույթներ էլ՝ չի շահել, և այլն։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը։ Դատարանում մեկին ասում են՝ «հինգ տարբեր վկաներ ձեզ տեսել են հանցագործություն կատարելիս», նա էլ ասում է «հետո՞ ինչ, ես կարող եմ 500 վկա բերել, որ ոչ մի բան էլ չեն տեսել»։ Սա անեկդոտ է, բայց Հայաստանում ամեն օր տեղի է ունենում իրական կյանքում։

Առանձին վերցրած բոլոր այս խեղկատակություններն ընդհանուր համատեքստում դիտարկելու դեպքում ակնհայտ է դառնում, որ գործ ունենք պետական կառավարման համակարգված դեգրադացիայի հետ։ Ու եթե անգամ կառավարման համակարգում պատահաբար ոչ այնքան հիմար մարդիկ են հայտնվում, ամեն կերպ փորձում են թաքցնել դա, որպեսզի հանկարծ «շեֆի» աչքի փուշը չդառնան։ Որովհետև եթե «թիմի» բրենդը հիմարությունն է, ցանկացած ադեկվատ քայլ ու անգամ կարծիք ընկալվելու է որպես ըմբոստություն ու թիմը ներսից պառակտելու փորձ։

«Շեֆը» դիտմամբ է անում դա, թե ոչ՝ այլ հարց է։ Այդ հարցում կարծիքները կիսվում են։ Ոմանց կարծիքով՝ դիտմամբ է անում, որպեսզի հանկարծ թիմում որևէ մեկը խելացի մարդու տպավորություն չթողնի ու իրեն մրցակից չդառնա, ուրիշները համոզված են, որ նա միանգամայն անկեղծ է և ուզում է երկրի համար ինչ-որ լավ բան անել, բայց քանի որ ինքն էլ մտավոր կարողություններով շատ չի տարբերվում նույն էկոնոմիկայի կամ առողջապահության նախարարից՝ ինչ անում է, երկիրն ավելի ու ավելի է վերածվում կրկեսի։

Իսկ մարդիկ դեռ իրենք իրենց ու միմյանց հարցնում են՝ լավ, ե՞րբ ենք վերջապես սկսելու նորմալ ապրել։ Պատկերացրեք՝ փողոցից պատահաբար ընտրված տասը հոգու տանեն հիվանդանոց, խալաթներ հագցնեն ու ստիպեն վիրահատել որևէ ծանր հիվանդի։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի հիվանդի ապագան։ Եվ որքանո՞վ է տեղին «ե՞րբ է վերջապես բուժվելու հիվանդը» հարցը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ