...

Լավ է, որ քչերը մասնակցեցին կրկեսին

Լավ է, որ քչերը մասնակցեցին կրկեսին

Երևանի ավագանու ընտրություններին հաջորդած «կոալիցիոն քննարկումների» մակարդակը թույլ է տալիս պնդել, որ երևանցիների 72 տոկոսը պարզապես չի ցանկացել մասնակցել հերթական կրկեսին։ Որովհետև, եթե մինչև վերջ անկեղծ լինենք, «ավագանու ընտրություններ» կոչվող այդ խեղկատակությունն ու հետագա «բազառները» ցույց տվեցին, որ շատերի կարծիքով՝ մենք «կրկեսի վերածելու հայրենիք» այնուամենայնիվ ունենք, ու միակ մխիթարությունն այն է, որ ընտրողների մեծամասնությունն այդ կրկեսին մասնակցելու ոչ սիրտ ուներ, ոչ տրամադրություն։

Հիմա՝ ավելի կոնկրետ։ Հայաստանում քաղաքականապես ակտիվ է հասարակության մոտ 60 տոկոսը, ընդ որում՝ այդ թիվը մոտավորապես նույնն է ամբողջ աշխարհում (մի քիչ ավել կամ պակաս), իսկ մոտ 40 տոկոսն ընդհանրապես ոչ քաղաքականությամբ է հետաքրքրվում, ոչ ընտրություններով։ Եթե այդ 40 տոկոսը հանում ենք՝ ստացվում է, որ Երևանում ընտրություններին մասնակցել է քաղաքականապես ակտիվ մարդկանց ընդամենը 47 տոկոսը, այսինքն՝ քաղաքականությամբ հետաքրքրվող և սովորաբար ընտրություններին մասնակցող մարդկանց 53 տոկոսն այս անգամ որոշել է, որ ընտրությունները բացարձակապես կարևոր չեն։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ ընտրություններն այնքան էլ «Երևանի մասին» չէին։ Քարոզարշավի քողարկված բովանդակությունը հասկանալի էր՝ ՔՊ-ն գոռգոռում էր, թե սա ինքնիշխանության պայքար է, «5-րդ շարասյունը» փորձում է խաչ քաշել մեր անկախության ու ինքնիշխանության վրա և թույլ չտալ, որ Հայաստանը (Արցախից հրաժարվելու գնով) պոկվի ռուսական սայլից, մի ուրիշ ուժ գոռգոռում էր, թե սա պայքար է Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու դեմ և հանուն Արցախի փրկության, մեկ այլ ուժ «Թաթարստանի» տեսլականն էր առաջ մղում․․․ Եվ ահա քաղաքականապես ակտիվ մարդկանց 53 տոկոսը՝ նրանք, ովքեր ամեն օր հետևում են Արցախից ու հայ-ադրբեջանական շփման գծից ստացվող լուրերին, ովքեր հասկանում են, որ վիճակն իսկապես ծանր է, ու ելքեր են փնտրում (ամեն մեկն իր մտավոր կարողությունների սահմաններում), չցանկացավ մտնել այդ լեզվակռվի մեջ։ 

Եթե այս թվերը նույն համամասնությամբ պրոյեկտենք ամբողջ Հայաստանի վրա՝ ստացվում է, որ երկրում կան մոտ 800 հազար քաղաքականապես ակտիվ մարդիկ, որոնք իրենց կերակրամանից ու անձնական կոմֆորտից բացի էլի ինչ-որ բաներով են հետաքրքրվում, որոնք հասկանում են, որ պետք է կասեցնել այս կործանարար ընթացքը, բայց և՛ «Արցախը հանձնենք, բալքիմ խաղաղության դարաշրջան բացվի» քաղաքականությունն են մերժում, և՛ հլու-հնազանդ ռուսական ֆորպոստի ու պայմանական «Թաթարստանի» հեռանկարը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում կա 800 հազարանոց ահռելի էլեկտորատ, որը մերժում է Հայաստանն այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին որպես գործիք ծառայեցնելու ցանկացած տարբերակ։ 

Հարց է ծագում՝ այսօր, երբ Ադրբեջանը պնդում է, որ կամ ադրբեջանցի փախստականները կվերադառնան Հայաստան, կամ Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա, Ռուսաստանն ու Արևմուտքն էլ կարծես թե առանձնապես դեմ չեն Արցախի հայաթափմանը (ուրիշ բան, որ Արևմուտքն այդ հարցում շտապում է, Ռուսաստանը՝ ոչ այնքան), այսօր, երբ պատերազմի վերսկսման հավանականությունը շարունակում է շատ բարձր մնալ, ինչպե՞ս պիտի կողմնորոշվի այդ 800 հազարանոց ահռելի էլեկտորատը։ Սխեման հասկանալի է, չէ՞․ քաղաքական դաշտը պիտի կազմված լիներ առավելապես հայաստանակենտրոն ուժերից, փոքրաթիվ ռուսամետներից և նույնքան փոքրաթիվ արևմտամետներից, ու դա նորմալ կլիներ։ Իսկ հիմա, երբ կույր ռուսամետությունն ու ինքնամոռաց արևմտամետությունը հավասարապես ձախողվել են, հայաստանակենտրոն ուժերն էլ ակտիվ չեն, այդ 800 հազարանոց ակտիվ էլեկտորատը ստիպված մի կողմ է քաշվել։ Այստեղից էլ՝ աննախադեպ պասիվությունը։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության միֆն ակնհայտորեն հօդս է ցնդել, իսկ հայաստանակենտրոն իշխանությունների ձևավորումն էլ, «ֆորպոստային տրամաբանության» ձախողման պատճառով, այլընտրանք չունի, առաջիկա ներքաղաքական զարգացումներում վճռորոշը հենց այդ 800 հազար քաղաքացիների դիրքորոշումն է լինելու։ Եթե, իհարկե, գտնվի այն ուժը, որը կկարողանա մարդկանց վստահեցնել, որ Հայաստանը դեռևս իր ինքնիշխանությունը պահպանելու ներուժ ունի՝ առանց «խալխի մեծ պատերազմում» ինքն իրեն որպես թնդանոթի միս առաջարկելու անհրաժեշտության։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ