...

Լրջացեք, աշխարհը մե՛զ վրա է ծիծաղում, ոչ թե Նիկոլի

Լրջացեք, աշխարհը մե՛զ վրա է ծիծաղում, ոչ թե Նիկոլի

Նիկոլ Փաշինյանի՝ գնալով ավելի ու ավելի հաճախակի դարձող վարքաբանական շեղումներն ու հիստերիկ նոպաները ստիպում են էապես փոխել Հայաստանի ներքաղաքական օրակարգը։ Դասական օրակարգերն անիմաստ են, որովհետև Հայաստանում իսկապես արտառոց իրավիճակ է․ երկրի փաստացի միանձնյա ղեկավարն ակնհայտորեն առողջական խնդիրներ ունի, հաճախ՝ ադեկվատ չէ, հոգեկան խնդիրները տեսանելի են անգամ անզեն աչքով, ու սա պետք է ոչ թե նորանոր անեկդոտների կամ սոցկայքերում տարածվող մեմերի թեմա դառնա, այլ լրջորեն մտահոգի բոլորիս։ 

Մեծ հաշվով՝ այս իրավիճակն անիմաստ է դարձնում ցանկացած քննարկում այն մասին, թե ինչ ձախողումներ է արձանագրել Նիկոլ Փաշինյանն այս կամ այն ոլորտում, կոնկրետ որ ուղղություններով ինչ նոր վտանգներ է գեներացրել, և այլն։ Ի վերջո հայտնի խոսք կա՝ «ցուլից պետք է զգուշանալ դիմացի կողմից, ձիուց՝ ետևի կողմից, տգետից՝ բոլոր կողմերից», այնպես որ՝ «կոնկրետ ուղղությունները» քննարկելու ժամանակը չէ, պետք է լրջանալ և փորձել հասկանալ, թե ինչպե՞ս հաղթահարել այն վիճակը, երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով երկիրը ղեկավարում է ակնհայտորեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդը։

Այս ֆենոմենը, ի դեպ, կարող է հետաքրքրել ոչ միայն մեզ, որովհետև տեսականորեն՝ աշխարհի ցանկացած երկրում էլ կարող է պետության ղեկին հայտնվել ոչ ադեկվատ մեկը, կամ էլ՝ հոգեկան հիվանդություն ձեռք բերել արդեն իշխանության հասնելուց հետո։ Բայց բազմաթիվ երկրներում ինչ-որ պաշտպանական մեխանիզմներ երևի գոյություն ունեն, մինչդեռ մեր դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հասցրել է «հիվանդության խորացման» ընթացքում ամուր վերահսկողություն սահմանել բոլոր առանցքային ինստիտուտների նկատմամբ։ Խորհրդարան, կառավարություն՝ բոլոր ենթակա կառույցներով, մարզպետարաններ, դատաիրավական համակարգ, ուժային կառույցների վերին օղակներ և այլն, ընդհանուր առմամբ՝ մոտ 3-4 հազար մարդ։ Եվ այդ 3-4 հազար հոգուն ձեռնտու է ոչ ադեկվատ, հոգեպես անհավասարակշիռ, երբեմն՝ հիստերիկ «շեֆը», որովհետև իրենք կոմֆորտի գոտում վայելում են իշխանական բարիքները՝ բացարձակապես առանց որևէ պատասխանատվության (եթե անգամ «շեֆը» որևէ բանի համար պատասխանատու չէ, իրենք ինչո՞ւ պիտի պատասխանատու լինեն), իսկ պատահաբար հիստերիայի նոպաներին զոհ գնալու հավանականությունն էլ վիճակագրորեն բավականին փոքր է։ Դրա համար էլ այդ 3-4 հազար հոգին՝ իշխանական ողջ համակարգը, ոչ մի դեպքում չեն նկատի «շեֆի» ակնհայտ շեղումները, հակառակը՝ կծափահարեն, անգամ կկրկնեն նրա բառապաշարն ու ժեստիկուլյացիան, ծպտուն չեն հանի, որ իրենց «տգետ» անվանեց, հաճույքով կգնան «նորաձև կրթվելու», և այսպես շարունակ։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում նման ֆորս-մաժորները հաղթահարելու մեխանիզմներ չկան։

Ի դեպ՝ չկան նաև Սահմանադրության մեջ։ Օրինակ, ծանր հիվանդությամբ պայմանավորված՝ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին հոդված կա (հոդվ․ 143), իսկ վարչապետի մասով՝ չկա։ Համապետական ընտրությունների հետ հույսեր կապելը նույնպես անիմաստ է։ Նախ՝ որովհետև դրանք մի տարի հետո են տեղի ունենալու, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նորանոր աղետներ կարող է բերել, և երկրորդ՝ չմոռանանք, որ Հայաստանում երբևէ ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ու հաստատ չարժե ոգևորվել Գյումրիի օրինակով։ Այնտեղ իշխանությունները հանդուրժեցին ընտրությունների արդյունքները, որովհետև առանձնապես ոչինչ չեն կորցնում, ավելին՝ մեծ հավանականությամբ, «հաղթողը» մոտ ապագայում կհայտնվի բանտում, իսկ համապետական ընտրությունների դեպքում հակառակը՝ պարտվողները կհայտնվեն բանտում, հետևաբար՝ իշխանությունները պարտություն չեն հանդուրժի ու կդիմադրեն բոլոր միջոցներով։ 

Այնպես որ՝ Հայաստանում արտառոց իրավիճակ է, և լուծումներն էլ պիտի ոչ ստանդարտ լինեն։ Թե կոնկրետ ինչպիսիք՝ քաղաքական դաշտի որոշելիքն է։

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Չարժե լուրջ ընդունել այն վարկածը, թե Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար իր անմեղսունակության ճանաչման հիմքերն է նախապատրաստում, որպեսզի հրաժարական տա և խուսափի պատասխանատվությունից։ Նա հրաժարական չի տա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ