...

Լրտեսական կրքեր. մնացածը կերևա

Լրտեսական կրքեր. մնացածը կերևա

ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԱԾ-ն հաղորդում է, որ պետական դավաճաններ են բացահայտվել, որոնք կապված են եղել օտար պետությունների հատուկ ծառայությունների հետ։ 

Հայաստանում ազգային կառավարության հաստատումից հետո կբացահայտվեն նաև օտար պետության հատուկ ծառայությունների ծառայողները»:

Էսօր բոլորը Ջեյմս Բոնդ են դարձել, մի գլուխ լրտես ու գործակալ են հայտնաբերում, պատրաստվում հայտնաբերել: 

Մեկ այլ թեմա է այս առումով մեզ հետաքրքրում. չնայած Արմեն Բիլյանն ու Ալեք Ենիքգոմշյանը որոշ փակագծեր բացեցին՝ կապված «Սասնա ծռերի կողմից» ՊՊԾ գրավման հետ, բայց մենք Սերժ Սարգսյանին ենք հորդորում, որ մի օր վերջը ասի, տեսնենք՝ ի՞նչ գիտի ՊՊԾ գրավման մասին, իսկ ինքը հաստատ գիտի, թե դա ո՞ւմ կազմակերպածն էր, ո՞ր ուժերն էին շահագրգռված այդ դեպքով, արդյոք պատահակա՞ն էր ընտրված ժամանակը, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոր առաջարկ էր ներկայացրել: 

Այ, սրա մասին պետք է Սերժ Սարգսյանը խոսի: Գուցե այս դեպքում նաև օտար պետության հատուկ ծառայությունների շահերը սպասարկողների անուններ հայտնվեն:

Թե չէ, ով տեղից ելնում է, լրտեսներից ու գործակալներից է խոսում: Որ նույն Վարուժան Ավետիսյանն այդպես վստահ հայտարարում է, թե օտար պետության հատուկ ծառայություններն այստեղ ծառայողներ ունեն, նշանակում է՝ նման ինֆորմացիայի է տիրապետում: Իսկ որտեղի՞ց մարդ կարող է նման տեղեկություն ունենալ. երկու տրամաբանական պատասխան կա՝ կամ ԱԱԾ-ից է նման տեղեկություն ստանում, կամ մեկ այլ օտարերկրյա հատուկ ծառայությունից: 

Կամ՝ այսօրվա ԱԱԾ-ի բացահայտումը՝ որ հայ լրտեսներ են բացահայտել: Ամբողջ հանրությունը վրդովված է, բայց միայն կյանքը ցույց կտա՝ սա իրականությո՞ւն է, թե՞ հերթական շոուն, որն օգտագործվելու է ինչ-ինչ քաղաքական նպատակներով: Մանավանդ, որ վերջին երկու օրում ընդդիմության և ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված այնքա՜ն քրեական գործ է կարճվել՝ Ռուբեն Հայրապետյան, Արթուր Վանեցյան, Գեղամ Մանուկյան և այլն, որ ամեն ինչ հալած յուղի տեղ չենք կարող ընդունել:

Որովհետև այնտեղ լրտես կոչվածներից մեկը, օրինակ, ասում է՝ ադրբեջանցիներին ինֆորմացիա եմ տվել, թե մեր դիրքերում երբ է «պերեսմենկան»՝ հերթափոխը: Բայց այսօր հայ-ադրբեջանական սահմանի շատ հատվածներում դիրքերը իրարից հազիվ մի 20-30 մետր հեռավորության վրա են գտնվում: Ոնց էլ դիրքերում հերթափոխություն իրականացնես, իրենց աչքի առջև է, տեսնելու են, նույն ձև էլ մենք ենք տեսնում նրանց հերթափոխությունը: Դրա համար լրտես վարձելու իմաստը ո՞րն է: Մի խոսքով, կտեսնենք, թե ԱԱԾ-ի այս նոր բացահայտումը որքանով է բացահայտում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ