...

«Մեծ քավորը հետևում է քեզ»

«Մեծ քավորը հետևում է քեզ»

Կառավարության հուլիսի 14-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հաղթականորեն հայտարարեց, թե «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, որովհետև ստեղծվում է ՊՈԱԿ, որն էլ այսուհետ իրականացնելու է այդ ընկերության գործառույթները։ Հաշվարկը ճիշտ էր․ քանի որ «Սեքյուրիթի դրիմը» շարունակում էր ընկալվել որպես «Սաշիկի արագաչափեր ու տեսախցիկներ», հասարակության ուշադրությունը կկենտրոնանար հատկապես դրա վրա, այդ քայլն էլ կընկալվեր որպես «Սաշիկի դարաշրջանի վերջնական ավարտ»։

Իրականում կառավարության այդ որոշումը «Սաշիկի արագաչափերի» մասին չէր, դա ընդամենը շղարշն էր։ Այդ որոշմամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծում է բառիս բուն իմաստով «Մեծ եղբայրը հետևում է քեզ» համակարգ՝ Օրուելի «1984» վեպի օրինակով։ Դատեցեք ինքներդ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կառավարության որոշմամբ ստեղծվում է «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» անվանումով ՊՈԱԿ, որը, ուշադրություն, «կմիանա դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին»։

Հասկացա՞ք։ Այսինքն՝ Ոստիկանությունում պաշտոնապես ստեղծվում է մի մարմին, որը գիշեր-ցերեկ հետևելու է, թե ով մտավ խանութ, շուկա, սրճարան, ռեստորան, խաղատուն, դեղատուն, այլ կերպ ասած՝ ամեն տեղ։ Ու չարժե պատրանքներ ունենալ, թե միայն մուտքերն է տեսագրելու։ Չէ՞ որ համակարգերը կապակցված են, և ցանկացած օբյեկտի տեսախցիկները և՛ մուտքերն են նկարում, և՛ ներսը, պատկերներն էլ նույն համակարգչի էկրանին են երևում։ Զուտ ձևականորեն՝ օբյեկտների սեփականատերերն, իհարկե, կարող են պահանջել, որ Ոստիկանությունը միայն մուտքերը վերահսկի, բայց հազիվ թե այդքան համարձակություն ունենան։ Հարկային կա, ԱԱԾ կա, հազարումի ստուգող կազմակերպություն կա․․․ Պարզ ասած՝ Ոստիկանությունն իմանալու է, թե ով որ ռեստորանում ինչ կերավ-խմեց, ում հետ, ով հաշիվը փակեց, ով որ խանութից ինչ առավ, ով դեղատնից քանի ցավազրկող կամ պահպանակ գնեց, ով որ խաղատանը որքան տանուլ տվեց, և այլն։ Ավելին՝ սա նույնիսկ շարքային քաղաքացիների առօրյան է վերահսկելու․ ով որ ժամին գնաց տուն, ով ում հյուր գնաց և այլն, որովհետև կոնկրետ Երևանում դժվար է գտնել բազմաբնակարան շենք, որի տակ «առևտրի օբյեկտ» չլինի, այսինքն՝ շենքերի մուտքերն էլ է Ոստիկանությունը վերահսկելու։ Ընդ որում՝ այդ նույն քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հնարավորություններ են բացվում «Սաշիկի դարաշրջանն ափդեյթ անելու» համար։ Կոմպրոմատներ, շանտաժ, «դավադրությունների բացահայտում»․․․ 

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանի մտքով առայժմ չի՞ անցել, որ կարելի է «բնակչության անվտանգության նկատառումներով» տեսախցիկներ տեղադրել նաև բնակարաններում ու արգելել անջատել դրանք։ Թե՞ առայժմ բավարարվում է միայն տարբեր ծրագրերի միջոցով վերահսկելով, թե ովքեր են համարձակվել չհետևել իր «լայվերին» կամ կեսից անջատել։

Հ․Գ․ Իսկ մեզ թվում էր, թե Նիկոլ Փաշինյանն Օրուելի ստեղծագործություններից միայն «Անասնաֆերման» է ուսումնասիրել և դարձրել գործողությունների ուղեցույց։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ